Մատչելիության հղումներ



«Քանի հանրապետության նախագահն է Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանում ոչ մի վիճակի շտկում եւ բարելավում չի լինի», - այսօր հրավիրած ասուլիսում «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, «Իրավունք եւ միաբանություն» պատգամավորական խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը հիշեցրեց, որ դեռ մի քանի ամիս առաջ է արել այդ հայտարարությունը՝ հիմնվելով իրավիճակի համակողմանի վերլուծության վրա:

Որովհետեւ այս վարչակարգը, շարունակեց Արտաշես Գեղամյանը, ոչ թե իրատեսական ծրագրերի վրա է հենվում, այլ՝ «նախարարների հավատարմության գործոնի», իսկ նախագահի միակ հենարանը «քրեածին անցյալ ունեցող եւ ներկայումս էլ քրեորեն պատժման ենթակա նախարարների հավաքածու է»: Եվ «այս ամենի հետեւում կանգնած է նախագահը», - ասաց նա:

Միակ բնագավառը, ըստ Գեղամյանի, որտեղ նախագահին հաջողվել է արդյունքի հասնել, դա «ներքաղաքական դաշտի պառակտումն է»:

Արտաշես Գեղամյանն ասաց, որ պահանջելու են նախագահի հրաժարականը՝ «բնականաբար, սահմանադրական ճանապարհով», այն ուժերի հետ, որոնք կիսում են իրավիճակի իրենց գնահատականը, ինչպես նաեւ այն ուժերի հետ, որոնք «համոզվել են, որ Արցախի հիմնահարցը երբեք ու երբեք չի լուծվի Ռոբերտ Քոչարյանի նախագահ լինելու պարագային»:

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահը տեղեկացրեց, որ բնագավառ առ բնագավառ ուսումնասիրություններ ու վերլուծություններ են կատարում, եւ փաստաթուղթը պատրաստ կլինի սեպտեմբերին: Քննարկման կներկայացվի Ազգային Ժողով, բանակցություններ կսկսվեն քաղաքական ուժերի հետ, փաստերը կներկայացվեն հանրությանը:

Անդրադառնալով այն հարցին, թե նախագահի պաշտոնանկության գործընթացը, ամեն դեպքում, սկսվում է ծանր հանցագործության, դավաճանության հիմքերի առկայության դեպքում, Արտաշես Գեղամյանն ասաց, որ ցանկացած բնագավառի ընթացիկ վերլուծությունները ցույց են տալիս, թե «հայոց պետականությանը հասցված վնասը հավասարազոր է դավաճանության»:

Պատասխանելով պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ իր ունեցած հանդիպումներին վերաբերող հարցին, Գեղամյանն ասաց, որ վերջին տարում երկու հանդիպում է ունեցել է Սերժ Սարգսյանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպումների առիթը, ըստ Արտաշես Գեղամյանի, իր եւ «Ազգային միաբանություն» կուսակցության բարձր վարկանիշն է, ինչպեսեւ՝ նախագահի հրաժարականի պահանջը, որը պիտի անհանգստացներ նաեւ ազգային ավնտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին:

Այդ հանդիպումների ընթացքում, Գեղամյանի խոսքերով, ինքը խոսել է իր մոտեցումների մասին, իսկ Սերժ Սարգսյանը հայտնել է իր անհամաձայնությունը դրանց: Արդյունքում՝ «նա մնացել է իր տեսակետին, իր կարծիքին, ես մնացել եմ իմ համոզմանը»:

Այսօր ասուլիս էին հրավիրել նաեւ «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը եւ «ԱրմենՏել»-ի կողմից րոպեվճարի կիրառմանը դեմ կազմակերպվող վաղվա հանրահավաքին իրեն աջակցող պատգամավորները: Արշակ Սադոյանի նախաձեռնությանն աջակցում են «Հանրապետություն», «Ազգային միաբանություն», «Ժողովրդավարական Հայրենիք», ՍԻՄ («Սահմանադրական իրավունք» միություն), Հայաստանի դեմոկրատական, «Ազգային առաջադիմություն» կուսակցությունները, միանում են նաեւ ներկայացուցիչներ ՀԺԿից եւ կոմկուսից:

Րոպեավճարի կիրառումը կանխելու եւ «ԱրմենՏել»-ին մենաշնորհից զրկելու փորձը լինելու է նրանց համատեղ առաջին քայլը: «Վաղը՝ էներգետիկայի, իսկ հետո՝ միասին արդար իշխանություններ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում», - լրագրողներին ասաց Արշակ Սադոյանը:

«Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ալեքսան Կարապետյանի խոսքերով, «պայքարի օբյեկտը մեկն է՝ մեր այսօրվա չկայացած իշխանությունները»:

«Պետք է գնա այն մարդը, ով որ մեղավոր է այս բոլոր արածների համար՝ Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը իրեն պահում է հրավիրվածի կարգավիճակով: Միակ բանը, որ իրեն հաջողվեց, կարողացավ լավ ինտրիգներ անել... կուսակցություններում, կառավարական շրջանակներում», - ասաց Ալեքսան Կարապետյանը:

ՀԺԿ-ի ներկայացուցիչ Արամայիս Բարսեղյանը՝ տեղեկացնելով, որ ՀԺԿ-ն դեմ է րոպեավճարի կիրառմանն ու բէցերի մասնավորեցման երեկ առաջին ընթերցմամբ ԱԺ-ում ընդունված նոր օրինագծին, ավելացրեց, որ, իր կարծիքով, ժամանակն է, որ «առողջ ուժերը միավորվեն»: «Դա կարող մեզ ազգովի բերել վաղաժամ նախագահական ընտրությունների, որի պայմաններում մենք կունենանք հանրապետությունում ընտրված նախագահ»,- ասաց ՀԺԿ-ական պատգամավորը:

«Հանրապետություն» կուսակցությունն ու «Հայաստան» պատգամավորական խումբը ներկայացնող Ղուկաս Ուլիխանյանը ասաց, որ ամեն ճանապարհ առաջին քայլից է սկսվում, եւ «ԱրմենՏել»-ի հարցով հանրահավաքն առաջին քայլն է:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG