Մատչելիության հղումներ

Կառավարությունը սկսում է «Արարատ-ցեմենտ»-ի մասնավորեցումը




Կառավարությունն այսօր որոշեց Հայաստանի խոշորագույն ցեմենտի գործարանը՝ «Արարատ-ցեմենտը», վերածել բաց բաժնետիրական ընկերության ու առաջիկայում այն վաճառել միջազգային մրցույթով։ Ձեռնարկության կանոնադրական կապիտալը սահմանվել է մոտ վեց միլիոն դոլար։

Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի խոսքերով, մրցույթի վերաբերյալ հայտարարություն կլինի այս ամսվա վերջին, իսկ բուն մրցույթը կկայանա երկու ամիս անց:

«Արարատ-ցեմենտ»-ի մասնավորեցումը վաղուց դարձել է իշխանությունների եւ ձեռնարկության կոլեկտիվի շահերի բախման առարկա։ Բնականաբար, ցեմենտի արտադրության հսկան սեփականելու ձգտումը մեծ է ոչ միայն կոլեկտիվի, ի դեմս նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի, այլեւ՝ այդ ճյուղում միջազգային համբավ ունեցող ընկերությունների կողմից:

«Արարատ-ցեմենտ»-ը որոշ իմաստով մենաշնորհային արտադրություն է. գործարանը ձեռք բերողը կտիրանա նաեւ տարածաշրջանի տարողունակ շուկային։ Ներկայումս «Արարատ-ցեմենտ»-ը գործում է իր հզորությունների 15 տոկոսով միայն:

«Արարատ-ցեմենտ»-ի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել շվեյցարական «Հոլսիմ» ընկերությունը, որը տասնյակ երկրներում դուստր ձեռնարկություններ ունի, այդ թվում` Ադրբեջանում։ Հունիսի 5-ին գործարանի բանվորները թույլ չէին տվել, որ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանն եւ «Հոլսիմ» ընկերության ներկայացուցիչները մտնեն գործարան: Դա վերջիններիս հաջողվել էր միայն հաջորդ օրը:

Ցեմենտի արտադրության հսկայի սեփականությանը, ձեռնարկության կոլեկտիվից եւ «Հոլսիմից» բացի, հավակնում են նաեւ ընկերություններ Մեծ Բրիտանիայից, Լիբանանից եւ Հունաստանից։

Կառավարության այսօր ընդունած մեկ այլ որոշմամբ, ամերիկյան «Թի-Էս Ինվեսթմընթ» ընկերությանը կդառնա «Դողագործ 1» ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսի սեփականատերը` վճարելով 1,5 միլիոն դոլար։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG