Մատչելիության հղումներ



Այսօր Երեւանում անցկացվեց հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Քննարկվել են առեւտրի, տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում համագործակցելու հնարավորությունները:

Նիստի ավարտին Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Հնդկաստանի փոխարտգործնախարար Հիմաչալ Սոմը եւ նրա հայաստանցի գործընկեր Թաթուլ Մարգարյանը ստորագրեցին նիստի արդյունքներն ամփոփող արձանագրություն, ինչպես նաեւ ստանդարտացման բնագավառում համագործակցությանը վերաբերող համաձայնագիր:

Համատեղ մամուլի ասուլիսում հատկապես ընդգծվեցին բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցելու հեռանկարները: Նշվեց, որ Հնդկաստանն այս ոլորտում աշխարհի առաջատար երկրներից մեկն է: Թաթուլ Մարգարյանն ասաց, որ ոլորտի զարգացման ուղղությամբ մշակված ծրագիրը ներառել է համագործակության բոլոր հնարավորությունները: Հնդկական կողմի համանախագահ Հիմաչալ Սոմն ավելացրեց, որ մտադրություն կա Երեւանում հիմնել բարձր տեխնոլոգիաների հնդկական կենտրոն:

Հայ- հնդկական միջկառավարական հանձնաժողովը գործում է 1997 թվականից: Անցած չորս տարվա ընթացքում Հայաստանի եւ Հնդկաստանի դեսպանատներ են բացվել համապատասխանաբար Դելիում եւ Երեւանում: Ըստ Թաթուլ Մարգարյանի, խորացել են հարաբերությունները ու կողմերի համար ավելի հասկանալի են դարձել միմյանց քաղաքականությունը, զարգացման խնդիրները:

Ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ, մանավանդ արտահանումը, չնչին է. ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է անցյալ տարի, երբ Հայաստանից արտահանումը կազմել է 300 հազար դոլար: Ներմուծումը, համեմատաբար ավելի շատ է, եւ վերջին տարիներին Հնդկաստանից բերվող ապրանքների քանակը կայուն կերպով աճում է: Եթե 1997-ին ներմուծել ենք 1 միլիոն 300 հազար դոլարի ապրանք, ապա 2000-ին՝ 5 միլիոն 400 հազար դոլարի: Հնդկաստանից ներմուծվում է հիմնականում սննդամթերք՝ թեյ, սուրճ, միս:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG