Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանի քաղաքական, մտավոր շրջանակները հույսեր չեն կապում թուրք-հայկական հաշտության հանձնաժողովի հետ», - ի մի բերելով իր հարցումները անձանագրում է «Ազգ» թերթը: Ընդհանուր առմամբ, այդ հանձնաժողովի ստեղծումը դիտվում է Հայոց ցեղասպանության հարցը լռեցնելու, «երրորդ երկրների քաղաքական օրակարգից Ցեղասպանության հարցը դուրս մղելու», այդպիսով նաեւ՝ վերջապես Եվրամիություն մտնելու թուրքական ծրագրի բաղկացուցիչ: Արտահայտվողներից Հայաստանում ԼՂՀ ներկայացուցիչ Կարեն Միրզոյանն էլ, ի դեպ, հույս է հայտնում, որ հայ մասնակիցները թույլ չեն տա այնտեղ քննարկվի ԼՂՀ հարցը: Երեկ Դաշնակցության պատվիրակությունը հանդիպել էր արտգործնախարար Օսկանյանին, կրկին հավաստիացում ստացել, որ «արտգործնախարարության որեւէ օղակ մասնակից չի եղել այս հանձնաժողովի ստեղծմանն ու գործունեությանը»: Հանդիպումից հետո, սակայն, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը ասել է. «Առկա հրապարակված տեղեկությունները հնարավորություն են տալիս մտածելու, որ ՀՀ արտգործնախարարությունը առնչվել է այս հարցին, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում եւ անհրաժեշտ է դարձնում հստակ դիրքորոշման հրապարակումը»:

Այդ հանդիպման մասնակիցներից Արմեն Ռուստամյանն էլ «Երկիր»-ի հարցազրույցում ընդգծում է. «Իրականում դա անհատների նախաձեռնություն չէ... հետեւում լուրջ նախապատրաստական աշխատանք կա, որը ինչ-որ ծրագրի մասն է կազմում, որն արդեն գործողության մեջ է դրված: Արտգործնախարարությունը չի կարող անտարբեր լինել այս ամենի հանդեպ: Հակառակ դեպքում՝ ծրագիրը կդառնա ուրիշի խաղը, որի մեջ մեզ դերակատարություն կսահմանվի, բայց դերակատարություն՝ խաղից դուրս վիճակում...Մեր կարծիքով՝ անհրաժեշտ է պետական պաշտոնական տեսակետ արտահայտել, որ տպավորություն չստեղծվի, թե այս ամենը ընդունելի մարտավարություն է»:

Երեկ հանդես գալով Դաշնակցության Երեւանի մարզային կազմակերպության հավաքում, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը իրենց ուղղվող քննադատության առնչությամբ բանաձեւել է՝ «Նրանք լավ գիտեն, որ Դաշնակցությունն այսօրվա իշխանությունը չէ, բայց եւ մտահոգ են, որ նա կարող է դառնալ վաղվա իշխանությունը, եւ այդ է պատճառը, որ այսօրվանից են փորձում խոչընդոտել դրան»: «Ներքաղաքական դաշտում Դաշնակցության այսօրվա գրաված տեղը ճշտորեն որոշելու համար պետք է իմանալ նաեւ նախագահի եւ նրան սատարող մյուս կուսակցությունների ու գործիչների նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքը», - սահմանել է պարոն Մարգարյանը՝ պարզելով. - «Ռոբերտ Քոչարյանը շրջապատված է մի թիմով, որը, ներքին ճակատում հանդես գալով որպես իշխանություն, չի վայելում ժողովրդի համակրանքը: Այս հանգամանքը նախագահը փորձում է բացատրել հոկտեմբերի 27-ի իրադարձության հետեւանքով ստեղծված իրադրությամբ, խորհրդարանի մեծամասնության հետ հարաբերվելու անհրաժեշտությամբ եւ այլն: Այս պատճառաբանությունները, որոնք էլ որ արդարացուցիչ են ինչ-որ ժամանակահատվածի համար, չեն կարող արդարացուցիչ լինել ընդհանրապես: Վերջին հաշվով, այս իշխանությունները, որոնց քննադատության հարահոսում վնասվում է նաեւ Դաշնակցության հեղինակությունը, պետք է ջանք թափեն իրենց սրբագրելու, իրենց թիմը վերաձեւավորելու, երկրում առկա բացահայտ անարդարությունները վերացնելու համար» («Երկիր»):

Երեկ երեկոյան ԱԺՄ կուսակցության կնիքը սլացիկ վերագրավման արդյունքում կրկին անցավ Վազգեն Մանուկյանի կողմնակիցների ձեռքը: «Հայոց Աշխարհ»-ը ավելացնում է, որ ավելի ուշ էլ «կուսակցության գրասենյակ է եկել Վազգեն Մանուկյանը եւ անպարկեշտ արտահայտություններով հարձակվել ԱԺՄ վարչության եւ խորհրդի մի շարք անդամների վրա»: Առայժմ ԱԺՄ-ի նոր ճակատավորումն ընթանում է ավելի շատ արկածային ժանրի շրջանակում, իսկ «շաբաթ օրը Վազգեն Մանուկյանը հրավիրելու է ԱԺՄ հանրապետական խորհրդի ընդլայնված նիստ», եւ, ինչպես «Հայկական ժամանակ»-ն է փոխանցում, գործընթաց են սկսում «ԱԺՄ կառույցներում անցկացված քննարկումների հիման վրա լուծումներ գտնել ներկայիս վարչության անդամների լիազորությունները դադարեցնելու, ընդհուպ՝ մինչեւ ԱԺՄ շարքերից հեռացնելը»: «Ակնհայտ է, որ ողջ այս մուտիլովկայի հետեւում կանգնած է Դավիթ Վարդանյանը, որի թիկունքին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն է», - գրում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, մանրամասնելով, թե «Դավիթ Վարդանյանի տեղակալ, ԱԺՄ վարչության անդամ Միքայել Մելքումյանը Վազգեն Մանուկյանին առաջարկել է հրաժարվել ԱԺՄ նախագահի պաշտոնից ու վարչապետի անունից առաջարկել գործադիրում ինչ-որ վարչության պետի պաշտոն»:

Դավիթ Վարդանյանը շարունակում է, սակայն, պնդել, թե ինքը բանից տեղյակ չէ եւ լրագրողներին ասել է. «Ես ոչ մի հակասություն չունեմ ոչ մեկի հետ... Եթե ԱԺՄ-ն թեկուզ սխալ ուղղությամբ գնար, ավելի լավ էր միասին գնայինք, հետո կուղղեինք: Եթե այսպես շարունակվի, ես ստիպված կլինեմ ԱԺՄ-ից դուրս գալ: Ես ինքս հարմարեցված չեմ ինտրիգային տարբեր տեսակի գզվռտոցներին»: Այսուհանդերձ, «Ժամանակ» թերթում էլ շեշտված է «հանգամանքը, որ այսօր Վազգեն Մանուկյանի հետ հակասություններ ունեցող ԱԺՄ-ականների զգալի մասը այս կամ այն կերպ կապված է Դավիթ Վարդանյանի ղեկավարած նախարարության հետ»:

«Առավոտ» թերթի ձեւակերպմամբ, Ռոբերտ Քոչարյանը ջին բաց թողեց շշից իր հայտարարությամբ, թե «կուսակցությունը գույք չէ եւ այն չի կարելի ժառանգել»: ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի կայծակնային արձագանքը «ոչ այլ ինչ էր, քան Քոչարյանին հայտարարված պատերազմ»: Վերջինս «ի դեմս ՀԺԿ-ականների ու մասնավորապես նրա առաջնորդի, ձեռք բերեց բացահայտ հակառակորդներ», եւ դա նրան «այնքան էլ չպետք է ուրախացնի՝ թեկուզ միայն այն պատճառով, որ կրտսեր Դեմիրճյանը ոչ հեռու ապագայում սպասվող հերթական նախագահական ընտրություններում իր համար ավելի քան վտանգավոր մրցակից է լինելու»: Ըստ «Առավոտ»-ի, «եթե ընդդիմադիր ալյանսը, այնուամենայնիվ, կայանա, ապա, հավատացած եղեք, Ստեփան Դեմիրճյանը կլինի հենց այն գործիչը, որի վրա կանգ կառնի ընդդիմադիր կուսակցությունների ընտրությունը առաջնորդի հարցում»:

ՀԺԿ-ից դուրս եկած Ազգային ժողովի փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը մնացածների մասին «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին ասել է. «Դրանք այն մարդիկ են, որոնց համար ընդդիմադիր լինելն ինքնանպատակ է... Եղան մարդիկ, որ ասացին, թե եկեք կհրաժարվենք Ազգային ժողովում երկու ղեկավար պաշտոններից, եւ այդ դեպքում կբարձրանա կուսակցության հեղինակությունը: Բացատրում, ասում եմ՝ այդ հեղինակությունը վերջին հաշվով անհրաժեշտ է, որպեսզի հաջորդ ընտրությունների ժամանակ կուսակցությունը զբացեղնի այն դիրքը, ինչ որ այսօր ունի: Այդ դեպքում եկեք այսօր օգտվենք այդ հնարավորություններից»:

«Գոլոս Արմենիի» թերթի գնահատականով, «ճշմարտություն կա, երբ ասվում է, թե նախագահ Քոչարյանը հենարան չունի, բայց դա չունի եւ ՀԺԿ ղեկավարը: Առայժմ գծագրվում է, որ աշնանը ընդդիմադիր տրամադրված ուժերը խորհրդարանում չնչին մաս կկազմեն, դա էլ կխթանի հականախագահական ուժերի միավորումը Ազգային ժողովից դուրս: Մի խոսքով, աշնանաձմեռային ներքաղաքական կյանքի հիմնական ուղղությունները նախանշված են, բայց ամառն էլ չի բացառվում դեռ անակնկալներ մատուցի: Մեռյալ սեզոն այս տարի կարծես չի լինելու»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG