Մատչելիության հղումներ



«ԱԺՄ 12-րդ համագումարում ընտրված վարչության անդամների մեծամասնությունը չցանկացավ կամ չկարողացավ միավորվել ԱԺՄ նախագահի շուրջը՝ աշխատանքներ եւ հավասարակշռված քաղաքական գիծ իրականացնելու նպատակով», - ասված է «նախաձեռնող խմբի» անունից «ԱԺմ բոլոր մասնաճյուղերին, սկզբնական կազմակերպություններին, ԱԺՄ անդամներին» ուղղված հայտարարության մեջ, որի տակ ստորագրել է նաեւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Արդյունքում», - շարունակում են հայտարարության հեղինակները, - «ԱԺՄ վարչության յոթ անդամների հավանությամբ, նրանցից մեկի կողմից նախագահին առաջարկվել է կամովին հրաժարվել ԱԺՄ նախագահի պաշտոնից, որպեսզի վարչությունն իր կազմից ընտրի ԱԺՄ վարչության նախագահ»:

Այնուհետեւ, «անհնարին համարելով ԱԺՄ վարչության վերոհիշյալ անդամների եւ ԱԺՄ նախագահի համատեղ աշխատանքը նույն վարչության կազմում, որի արդյունքում իսկապես խոչընդոտվում է կուսակցության ընդհանուր գործունեությունը», հայտարարության հեղինակները առաջարկում են, մասնավորապես, ԱԺՄ կառույցներին եւ ԱԺՄ անդամներին «առաջիկա ժողովներում խորհրդի նիստերում եւ համագումարում քննարկել... հետեւյալ կառուցվածքային փոփոխությունները. «ԱԺմ համագումարը ընտրում է միայն մեկ ղեկավար մարմին՝ ԱԺՄ նախագահ: ԱԺՄ նախագահը ձեւավորում է ԱԺՄ վարչությունը»:

«Համենայն դեպս, այսպիսի փաստաթուղթ, որ ստորագրել է Վազգեն Մանուկյանը, որի մեջ տեղադրված է մեխանիզմ, որը չի տեղավորվում մեր կանոնադրական նորմերի մեջ», - այսօր Սեյրան Ավագյանի հետ միասին հրավիրած ասուլիսում ասաց ԱԺՄ վարչության քարտուղար Վահրամ Մկրտչյանը: Ասուլիսին մասնակցում էին հայտարարության մեջ նշված վարչության յոթ անդամներից եւս երկուսը՝ Սեմյոն Բաղդասարյանն ու Ֆիլարետ Բերիկյանը:

Վահրամ Մկրտչյանն իր խոսքի սկզբում ասաց, թե նախաձեռնող խմբի այս քայլով փորձ է արվում ԱԺՄ-ում ձեւավորել երկիշխանություն եւ որ կուսակցության ներսում կան մարդիկ, ովքեր ցանկանում են ռազմաֆեոդալական կարգեր մտցնել կուսակցությունում:

ԱԺՄ գործող կանոնադրությամբ, համագումարը ընտրում է վարչություն, իսկ վարչությունն իր հերթին ընտրում է նախագահ: ԱԺՄ վարչության անդամ Սեյրան Ավագյանը այն կարծիքին է, որ «մեկ անձի շուրջ հավաքված կուսակցությունը չի կարող երկար կյանք ունենալ, ճիշտը գաղափարների շուրջ համախմբվելն է»:

Այսուհանդերձ, Սեյրան Ավագյանը մի քանի անգամ շեշտեց, թե «ԱԺՄ նախագահի եւ վարչության անդամների, ֆրակցիայի անդամների միջեւ գաղափարական եւ քաղաքական սկզբունքների տարաձայնություն չկա»:

Վերջին ամիսների ԱԺՄ-ն արդեն լուրջ կորուստներ է ունեցել. առանձին կուսակցություններ ստեղծեցին նախկինում Վազգեն Մանուկյանի մերձավոր գաղափարակիցներ Շավարշ Քոչարյանը եւ Արշակ Սադոյանը:

ԱԺԿ (Ազգային ժողովրդավարական կուսակցություն) նախագահ Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով ԱԺՄ-ում ստեղծված իրավիճակին, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ուղղակի Վազգեն Մանուկյանը այնպիսի անհատականություն է, որ որեւէ մեկը՝ որպես թեկնածու, չի կարող նրան մրցակից լինել համագումարում: Տվյալ պարագայում մի խնդիր է լուծվում՝ Վազգեն Մանուկյանից ազատվելու: Ես մեծ ցավով եմ դրան վերաբերվում, սակայն գտնում եմ, որ դա օրինաչափ է»:

Մարգարիտ Եսայան եւ Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG