Մատչելիության հղումներ

Հունանյանը շարունակում է պնդել, թե սպանելու մտադրություն չի ունեցել




«Հոկտեմբերի 27»-ի գործի այսօրվա դատական նիստում մեղադրող Մարտիրոսյանը շարունակեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանի հարցաքննությունը: Հարցերն ամբողջությամբ վերաբերում էին ահաբեկչությունից անմիջապես առաջ տեղի ունեցած դեպքերին ու ահաբեկիչների գործողություններին:

Բոլոր հարցերին ամբաստանյալը սառնասրտությամբ տալիս էր բավականին հավասարակշռված պատասխաններ, անընդհատ կրկնելով թե այդ մասին արդեն բազմիցս ցուցմունք է տվել:

Մեղադրողի մյուս հարցերը վերաբերում էին դահլիճ մտնելուց հետո Հունանյանի գործողություններին: Մարտիրոսյանը, մանրամասն նկարագրելով արդեն դահլիճում Հունանյանի գործողությունները, ուզում էր պարզել, եթե նախապես որեւէ մեկին սպանելու մտադրություն չկար, ինչու էին լիցքավորում ինքնաձիգները կամ ինչու Նաիրի Հունանյանը դռնից ներս մտնելուց անմիջապես հետո բարձրանում է նախագահության ամբիոն եւ կրակահերթ արձակում Դեմիրճյանի եւ Բախշյանի վրա:

Ամբաստանյալը հայտարարեց, թե բոլոր զոհերը պատահական են եղել ու պնդեց նախկին իր ցուցմունքները, թե վարչապետին վախեցնելու եւ ոչ թե սպանություն կատարելու մտադրություն են ունեցել: Ուստի մեղադրող Մարտիրոսյանը միջնորդեց դատարանին հնարավորություն ստեղծել, որպեսզի հենց դատարանի դահլիճում ցուցադրվի 1999թ. հոկտեմբերի 27-ին՝ ահաբեկչության պահին նկարահանված տեսաերիզը:

Նաիրի Հունանյանը սառնասրտորեն նայում էր տեսաերիզը եւ գրառումներ կատարում: Հետո դանդաղեցրած կադրեր ցուցադրելով մեղադրողը կոնկրետ հարցեր էր ուղղում ամբաստանյալին: Կադրերից երեւում էր, որ Նաիրի եւ Կարեն Հունանյանները մտադրված բարձրանում են նախագահություն եւ առանց երկար մտածելու կրակահերթեր արձակում Կարեն Դեմիրճյանի եւ Յուրի Բախշյանի վրա:

Հունանյանը նույն պատասխանները կրկնեց. - «Նկատելով շարժումներ իմ ուղղությամբ, անմիջապես կրակել եմ վտանգ զգալով: Դա բնազդական գործողություն է եղել: Ինքնապաշտպանական»:

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում Վազգեն Սարգսյանի իրավահաջորդների շահերի պաշտպան, ռուսաստանցի փաստաբան Օլեգ Յունոշեւը տեղեկացրեց, որ կրկնելու է Նաիրի Հունանյանին ազգային անվտագության մեկուսարանից տեղափոխելու երկու օր առաջ մերժված իր միջնորդությունը եւ հույս հայտնեց, որ դատարանը կբավարարի այն:

Հուլիսի 23-ի նիստում դատավոր Ուզունյանը անհիմն էր համարել Յունոշեւի միջնորդությունը, քանի որ «քրեական գործի նյութերից, ինչպես նաեւ դատաքննական ցուցմունքներով որեւէ ապացույց չի հետազոտվել այս փուլում, որը վկայեր ամբաստանյալ Նաիրի Հունանյանի եւ ազգային անվտանգության նախարարության համագործակցության մասին»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG