Մատչելիության հղումներ

Օսկանյանը կրկին հերքում է իշխանությունների մասնակցությունը թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի ստեղծմանը





«Համոզված եմ, որ ցեղասպանության հարցի հետ կապված որեւէ տեղաշարժ չի լինելու», - նկատի ունենալով թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի գործունեությունը այսօր Հայոց ցեղասպանության թանգարան - իստիտուտի ընդլայնված նիստում ասաց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: - «Ընդհակառակը, կարող է հենց այդ հարցի շուրջ այս գործընթացը տապալվի: Եվ դա մեր կողմից, մեր դիվանագիտության կողմից հստակ լծակ է լինելու օգտագործելու Միացյալ Նահանգների, այլ երկրների հետ: Մեկ անգամ էլ ցույց տալու համար, որ Թուրքիան ունակ չէ նման երկխոսությունների միջոցով հարցեր լուծելու, ցեղասպանության հարցին անդրադառնալու, եւ միակ ճանապարհը դա միջազգային ճանաչումն է»:

Վարդան Օսկանյանը նշեց, որ հայ-թուրքական երկխոսությունը Հայաստանի արտաքին քաղաքականությունում տաբու չէ: Ինչ վերաբերում է կոնկրետ այս հանձնախմբին, ապա Վարդան Օսկանյանը պնդեց, որ դրա ստեղծմանը պետական մակարդակով մասնակցություն չի եղել. «Այս երկխոսության մեջ Հայաստանի պետությունը, կառավարությունը, արտաքին գործերի նախարարությունը, ինչպես մեր հայտարարության մեջ է ասվել, բացարձակապես որեւէ կապ չունի», - ասաց Վարդան Օսկանյանը:

Շաբաթ օրը «Առավոտ» թերթին տված հարցազրույցում հանձնախմբի անդամներից մեկը՝ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումայանը հստակ կերպով ասել էր, որ Հայաստանը պետական մակարդակով մասնակցել է հանձնախմբի ստեղծմանը, եւ որ բոլոր պայմանավորվածություններից հետո են իրեն առաջարկել անդամակցել այդ աշխատանքներին: Այս կապակցությամբ, Վարդան Օսկանյանը մեկ անգամ էլ կրկնեց արտգործնախարարության հայտարարության տեքստը, հատուկ շեշտելով՝ «ի հեճուկս Ալեքսանդր Արզումանյանի», որ պետական մակարդակով բացարձակապես կապ չեն ունեցել:

Նախարարը մի քանի անգամ կրկնեց, որ թեեւ իշխանությունները մասնակից չեն եղել, բայց տեղյակ եղել են. - «Մենք նաեւ տեղյակ ենք բազմաթիվ այլ գործընթացների: Հայաստան - Ադրբեջան հասարակական մակարդակով երկխոսություններ կան այսօր: Մասնակիցները գալիս են, զեկուցում են: Ես զեկուցում եմ, իմ հերթին, հանրապետության նախագահին: Մենք ուզում ենք իսկապես տեղյակ լինել, թե այնտեղ ինչ է կատարվում», - ասաց Վարդան Օսկանյանը:

Իսկ նիստին մասնակցող գիտնականների ընդհանուր կարծիքը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարանի-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը: Նրա եզրահանգմամբ՝ նիստը բացասաբար է վերաբերվում հանձնախմբի ստեղծմանը այդ կազմով: Նաեւ մտավախություն հայտնվեց, որ նման հանձնաժողովի ստեղծումը նպատակ ունի կոծկել հայերի ցեղասպանության հարցի արծարծումը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG