Մատչելիության հղումներ

logo-print

Վարդան Այվազյանը ստանում է բնապահպանության նախարարի պորտֆելը




Շաբաթ օրը նախագահի հրամանագրով պաշտոնանկ արվեց բնապահպանության հերթական (4 տարվա ընթացքում՝ 4-րդ) նախարար, «Կանություն» խորհրդարանական խմբի նախկին անդամ Մուրադ Մուրադյանը: Նախագահի այսօրվա հրամանագրով նույն «Կայունություն» խմբի ղեկավար Վարդան Այվազյանը նշանակվել է իր նախկին խմբակցի պաշտոնում:

Մուրադ Մուրադյանն, իր խոսքերով, արձակուրդի մեջ է եղել եւ չի էլ իմացել, որ իրեն աշխատանքից ազատել են: Նա համոզված է, որ իր պաշտոնանկության պատվիրատուն մաֆիան է:

«Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում նա նշեց, որ դեռեւս 8-9 ամիս առաջ սկսել էր բացահայտել այդ բնապահպանական մաֆիայի գործունեույթունը եւ այդ մասին տեղեկացրել էր վարչապետին ու նախագահին: Վարչապետը նրան խորհուրդ էր տվել հետ կանգնել սկսած գործից, իսկ նախագահն իր հերթին ասել էր՝ գնա մինչեւ վերջ:

«Ինձ ազատման պատվեր տվողը մաֆիան է: Ինձ եղել են տարբեր առաջարկություններ մեծ գումարների: Այդ գումարներից ես հրաժարվել եմ», - ասաց նախկին նախարարը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու նախագահը իրեն չի սատարել, Մուրադ Մուրադյանն ասաց. «Ես նախագահին չեմ մեղադրում: Գուցե հարկավոր էր մեկին զոհ տալ, եւ այդ զոհը եղա ես»:

Ըստ երեւույթին, Մուրադ Մուրադյանը մտավախություն ունի իր կյանքի անվտանգության համար, քանի որ ինքը տեղյակ է, որ իրեն ազատելու գործում «հարցեր են կարգարվել որոշ մարդկանց հետ»: «Մամուլի ասուլիս կհրավիրեմ՝ տեղեկանքներով, թվերով, փաստերով, անուններով: Կհրապարակեմ, թե ովքեր են պատվեր տվողները, եւ ում ցանկությամբ կատարվեց այս ամենը», - ասաց նա, ավելացնելով. - «Այդ փաստաթղթերից 50 օրինակ ունեմ... Որոշ օրինակներ էլ կան դատախազությունում...»:

«Կոռուպցիան կերել է երկիրը, եթե որեւէ մեկն ասի, որ որեւէ նախարարությունում կոռուպցիա չկա, ուրեմն խաբում է», - ասում է Մուրադ Մուրադյանը, ավելացնելով, որ նույն բանը բազմիցս ասել է, երբ նախարար էր:

Նրա խոսքերով, առանցքային պաշտոններում նշանակված մարդկանց, ովքեր թալանում են անտառն ու այլ բնական ռեսուրդները, վարչապետը, իր ներկայացնելուց հետո, մի քանի անգամ չի ազատել աշխատանքից: Այդ մարդիկ, ըստ նախկին նախարարի, շրջանցելով նախարարին, անմիջականան կապի մեջ են վարչապետի հետ:

Մուրադ Մարուդյանը խոստացավ մոտ օրերս հրավիրելիք մամուլի ասուլիսում հրապարակել նաեւ բազմաթիվ այլ փաստեր:

Անցյալ շաբաթ՝ հունիսի 18-ին, հայտարարելով «Կայունություն» խմբից դուրս գալու մասին, պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ի թիվս Վարդան Այվազյանի հասցեին հնչեցված բազմաթիվ լուրջ մեղադրանքների, ասել էր, որ Այվազյանը «արդեն երեք ամիս է փորձում է գրավել բնապահպանության նախարարի տեղը՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները»:

Այսօր նաեւ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի զեկուցագրի համաձայն, վարչապետն աշխատանքից ազատել է պետական գույքի կառավարման փոխնախարար Վանյա Մխիթարյանին:

Զեկուցագրում ասվում է, թե Վանյա Մխիթարյանը լինելով կոմունիստ, կտրականապես անընդունելի է համարում սեփականաշնորհման քաղաքականությունը եւ գործնական աշխատանքի ընթացքում անհանդուրժողական դիրքորոշում է ցուցաբերում:

Ըստ Վանյա Մխիթարյանի, հիմնավորումն ուղղակի մանկական է, քանի որ ինքը չի առնչվել սեփականաշնորհման գործընթացին: Նա եւս զբաղված էր բնական ռեսուրսների կառավարման ոլորտով եւ երկար պաշտոնավարել չկարողացավ, քանի որ հակված էր, իր իսկ խոսքերով, բացահայտումներ կատարելու: «Իմ ասուլիսում ես նշել եմ, որ բնական ռեսուրսների ոլորտում ավելի մեծ գումարներ են գրպանվում, քան էներգետիկ ոլորտում», - ասաց Վանյա Մխիթարյանը:

Վանյա Մխիթարյանը տեղեկացրեց նաեւ, որ հայկոմկուսն, անկախ այս պաշտոնանկությունից, վաղը հանդես է գալու հայտարարությամբ, որով իր վրայից բացարձակապես վայր է դնելու պատասխանատվությունը երկրում զարգացող իրադարձությունների համար, եւ պետական բարձրագույն մարմիններում աշխատող կոմունիստները հետ են կանչվելու:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG