Մատչելիության հղումներ




Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությունների շրջանակներում այսօր Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում համերգով հանդես եկան Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախումբը, երգչախումբը եւ մենակատարներ Ֆերուչիո Ֆուրլանետտոն, Բարբարա Ֆրիտոլլին եւ Անգելա Գիորգիուն՝ աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ:

Լեփ-լեցուն բազմահազարանոց դահլիճում հնչեցին Ջուզեպպե Վերդիի հոգեւոր ստեղծագործությունները, արժանանալով ունկդիրների հիացական ընդունելությանը: Իտալացի հանրահայտ երաժիշտների ու երգիչների հետ միասին հանդես եկավ նաեւ Երեւանի կամերային երգչախումբը՝ Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ:

«Ես հպարտ եմ, որ մեր երգչախումբը արժանացել է այդ մեծ երաժիշտների հետ համատեղ համերգում երգելու վստահությանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հարություն Թոփիկյանը:

«Ռիկարդո Մուտին լեգենդ է: Կարելի է իհարկե շատ բառեր ասել նրա մասին, սակայն դրանք սոսկ բառեր կլինեն: Նա իր ողջ տաղանդը ներդրել է միմիայն մարդկության համար, եւ ես հպարտ եմ դրանով», - ասաց Հայաստանում Իտալիայի դեսպան Տրաբալցան:

«Մեր եւ ձեր մշակույթները հնագույն կապով են կապված», - «Զվարթնոց օդանավակայանում լրագրողներին ասաց Ռիկարդո Մուտին: - «Առաջին անգամ եմ եկել Հայաստան՝ մեծ ուրախությամբ եւ մեծ հուզմունքով»:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Ռիկարդո Մուտին պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG