Մատչելիության հղումներ

Վերադասավորումներ Ազգային ժողովում


Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի այսօրվա նիստում ՀԺԿ֊ին իրենց անդամակցությունն այսօրվանից դադարեցնելու մասին հայտարարություն տարածեցին Ազգային Ժողովի փոխնախագահ Գագիկ Ասլանյանը եւ «Միասնություն» խմբակցության եւս երեք ՀԺԿ-֊ական պատգամավոր՝ Գագիկ Ոսկանյանը, Վանյա Հովհաննիսյանը եւ Սամսոն Սարգսյանը: Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանն այդ արել էր անցած շաբաթ՝ հանդես գալով քաղաքական հայտարարությամբ:

«Դեռեւս պիտի նայենք, թե դրսում զարգացումներն ինչպիսին են լինելու, արդյո՞ք «Միասնություն» դաշինքը պիտի մնա՝ հետո», - այսպես պատասխանեց «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք կբարձրացնեն Ազգային Ժողովի՝ այլեւս անկուսակցական նախագահ Արմեն Խաչատրյանի եւ փոխնախագահ Գագիկ Ասլանյանի իրենց պաշտոններում մնալու հարցը:

Որպես անդամներ կորցնելով Հակոբ Հակոբյանին, որն անցած շաբաթ հայտարարեց «Կայունություն» խմբից դուրս գալու մասին՝ բազմաթիվ մեղադրանքներ ներկայացնելով խմբի ղեկավար Վարդան Այվազյանի հասցեին, եւ վերջինիս՝ նախագահի այսօրվա հրամանագրով բնապահպանության նախարար նշանակվելով, «Կայունություն» խմբում մնում էր ընդամենը ինը անդամ, ինչն անբավարար է խորհրդարանում պատգամավորական խումբ ներկացնելու համար: «Կայունության» մնացած ինն անդամները՝ նախկին ՀԺԿ-ականներ Հմայակ Հովհաննիսյանի եւ Վլադիմիր Բադալյանի հետ միասին այսուհետ կներկայացնեն «Ագրո֊արդյունաբերական Ժողովրդական միավորում» (ԱԱԺՄ) պատգամավորական խումբը, որի ղեկավար է ընտրվել Հմայակ Հովհաննիսյանը:

ՀԺԿ֊ից ու «Միասնություն» խմբակցությունից ավելի վաղ դուրս եկած Հմայակ Հովհաննիսյանն ու Վլադիմիր Բադալյանը 11 անդամանոց խմբում միայն երկուսով են, որ ընտրվել են կուսակցական ցուցակով: Խմբին անդամակցելու՝ նրանց համատեղ հայտարարությունն այսպես պատճառաբանվեց՝ «հավատարիմ մնալով Կարեն Դեմիրճյանի ղեկավարությամբ համատեղ մշակված ծրագրերի իրականացման ընտրողներին տված մեր պարտավորություններին, եւ կարեւորելով ագրոարդյունաբերության ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ դիրք է գրավելու ԱԱԺՄ-ն, Հմայակ Հովհաննիսյանն ասաց. - «Ընդգծված ցենտրիստական դիրք: Այսինքն, մենք շեշտը դնելու ենք պրագմատիկ մոտեցումների վրա, որպեսզի կարճ ժամանակում դրական տեղաշարժ ապահովվի գյուղատնտեսության եւ արդյունաբերության մեջ»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG