Մատչելիության հղումներ

Հայաստանում աճել է Համախառն ներքին արդյունքը


Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի տնտեսության առաջին կիսամյակի արդյունքները։ Դրանց համաձայն, երկրի Համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 6,4 տոկոսով։

Վիճակագիրները փաստում են, որ տնտեսության աճի տեմպերն ամսեամիս ընկնում են: Հունվարին, օրինակ, համախառն ներքին արդյունքը աճել էր ավելի քան 13 տոկոսով, առաջին եռամսյակում` մոտ 12 տոկոսով , առաջին հինգ ամիսներին` ընդամենը 6,7 տոկոսով։ Տնտեսության աճի տեմպերի մարումը, իհարկե, տրամաբանական է. որքան խոշոր է տնտեսությունը, այնքան այն ավելի իներտ է։ Սակայն տնտեսական աճի առումով այս տարին յուրահատուկ է. նրանում պետք է արտացոլվի 40 հազար նոր աշխատատեղերի ստեղծումը։

Ըստ պաշտոնական տվյալների, տնտեսական աճի յուրաքանչյուր տոկոսը մոտ երկուսուկես տոկոսով կրճատել է գործազրկությունը: Այլ կերպ ասած, այս տարվա ընթացքում երկրում ավելի քան 25 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել։ Ուստի, եթե այսպես գնա, ապա մինչեւ տարեվերջ 40 հազար նոր աշխատատեղեր ստեղծվելու նախագահական կանխատեսումը իրականություն կդառնա։

Ընդհանուր տնտեսության համեմատ արդյունաբերությունը կրկնակի դանդաղ է աճել: Վիճակագիրները արդյունաբերության նման վարքագիծը բացատրում են էլեկտրաէներգիայի արտադրության ավելի քան ութ տոկոսի կրճատմամբ. առանց էներգետիկայի, արդյունաբերությունն աճել է ավելի քան ինը տոկոսով։

Այս տարվա առաջին վեց ամիսներին անկում է ապրել նաեւ գյուղատնտեսությունը: Եվ դա այն դեպքում, երբ անցյալ տարին պաշտոնապես համարվեց երաշտի տարի: Ագրարային հատվածի գնահատականը, սակայն, ճիշտ կլինի տալ տարեվերջին, երբ ամբողջ բերքը հավաքված ու ամբարված կլինի։

Ինչ վերաբերում է այն ճյուղերին, որոնք նպաստել են տնտեսության աճին, ապա այստեղ թվերը կարող են խաբուսիկ լինել։ Ասենք, առեւտուրը կամ շինարարությունը։ Առաջինը այս տարվա վեց ամիսներին աճել է 14, իսկ երկրորդը՝ 13,2 տոկոսով։ Շինարարության բնագավառում շարունակում են տեղ գտնել հավելագրումները: Ապացույցը Պետական գնումների նորաստեղծ գործակալության կողմից շինարարական աշխատանքների կատարման համար անցկացված մրցույթների արդյունքներն են։ Պարզվում է, որ շինարարները հակված են իրենց աշխատանքը շուկայականից առնվազն 35 տոկոսով ավելի գնահատել ու այդ կերպ պետական բյուջեից հավելյալ գումարներ կորզել։ Հավանաբար, սա է պատճառը, որ տարին արդեն կիսվել է, սակայն պետգնումների գործակալության միջոցով հնարավոր է եղել կատարել բյուջեով նախատեսված պետական ծախսերի տասը տոկոսից ոչ ավելին. մարդիկ պարզապես խուսափում են մրցույթներից։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում բնակչության եկամուտներն աճել են 11, իսկ ծախսերը` 12,3 տոկոսով։ Այդուհանդերձ, հատկապես վերջին շրջանում, շատ է խոսվում «աղքատությունը չկրճատող տնտեսական աճի հանելուկի» մասին։ Անցած շաբաթ իր ասուլիսում դրան անդրադարձավ նաեւ Համաշխարհային բանկի փոխտնօրեն Յոհաննես Լիննը:

Թեեւ, հանելուկն այստեղ միանգամայն պայմանական է։ Փորձագետների համար ամեն ինչ պարզ է. Հայաստանում տարիներ շարունակ գրանցվող տնտեսական աճը դեռեւս չի վերականգնել տեւական ճգնաժամի հետեւանքով կորցրած աշխատատեղերը։ Մյուս պատճառն, ըստ փորձագետների դիտարկումների, այն է, որ տնտեսական աճից օգտվողների շրջանակը շատ նեղ է:

Օրինակ, 2000 թվականին մշակված ու արտահանված ավելի քան հարյուր միլիոն դոլարի ադամանդների վաճառքից ստացված եկամուտներից օգտվել է ոլորտում աշխատող ընդամենը 2-3 հազար մարդ, կամ ասենք, տասնհինգից-քսան միլիոն դոլարի համակարգչային ծրագրերի վաճառքից գոյացած եկամուտները ընդամենը 2 հազար աշխատատեղերի են բաժին ընկել։ Բացի այդ, տնտեսական աճը նկատելի է միայն մայրաքաղաքում, իսկ մարզերում տեղաշարժերը չնչին են։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG