Մատչելիության հղումներ

ԼՂ արտգործնախարարը ողջունում է միջնորդ երկրների կազմում Իրանին ընդգրկելու գաղափարը




Տարածաշրջանային վերջին՝ հուլիսի 10-12-ը, այցից հետո Միսնկի խմբի համանախագահաները փաստել են, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը չափազանց բարդ է, իսկ իրենք նոր առաջարկներ չունեն, ինչը, սակայն, չի նշանակում, թե ԵԱՀԿ միջնորդական առաքելության ներկա կազմը սպառել է իրեն, - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր մեկնաբանեց Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը:

Արտգործնախարարի կարծիքով, ուշագրավ է միջնորդների կազմում այլ երկրների ներգրավման գաղափարը: Խոսքը մասնավորապես Իրանի մասին է: «Իրանը պետք է մասնակցի որպես դիտորդ կամ որեւէ այլ կերպ այդ աշխատանքներին», - ասաց Նաիրա Մելքումյանը: - «Միաժամանակ, ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել այն կապակցությամբ, որ Իրանը տեսնում է նաեւ միջնորդի իր դերը տարածաշրջանում: Ցավով պետք է նշեմ, որ Ադրբեջանը հակադրվում է այդ դիրքորոշմանը... Մեր կողմից մենք նման առարկություն չունենք»:

Նաիրա Մելքումյանի հայացքով, Ադրբեջանի հակազդեցությունն այստեղ էական հետեւանքներ չի ունենա: Միջնորդներն իրենք են որոշելու Իրանի մասնակցության հարցը:

Անդրադառնալով վերջին շրջանում միջնորդական առաքելությանը Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովի ակտիվ մասնակցությունը, ԼՂՀ արտգործնախարարն ասաց. - «Վյաչեսլավ Տրուբնիկովն արդեն իսկ շատ լավ համագործակցության մեջ է մյուս համանախագահների հետ: Մենք հուսով ենք, որ նրա ներգավումը նաեւ կաշխուժացնի այս գործընթացը»:

Անցյալ ամիս նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վճռորոշ հանդիպման հետաձգումից ի վեր Հեյդար Ալիեւն ու Ադրբեջանի այլ բարձրաստիճան պաշտոնատարներ հանդես են գալիս Ղարաբաղն ու շրջակա տարածքները ռազմական ճանապարհով վերագրավելու ռազմաշունչ հայտարարություններով, որոնց վերջին շրջանում միացել են նաեւ կրոնական առաջնորդները: Այս առումով Նաիրա Մելքումյանն ասաց, որ իրավիճակն Ադրբեջանում սրվում է արհեստականորեն. ժողովուրդն այնտեղ ավելի սառնասրտորեն է վերաբերվում կարգավորման գործընթացին:

«Մեր զուսպ կեցվածքը, կարծես թե, նրանց մոտ առաջացնում է գայթակղություն է'լ ավելի սրելու, է'լ ավելի լկտի ձեւով ներկայացնելու ստեղծված իրավիճակը: Մենք չենք ուզում այդ լեզվակռվի մեջ մտնել», - ասաց Նաիրա Մելքումյանը: Ըստ նրա, միջնորդները, որոնք որոշ իմաստով իրավիճակի երաշխավորներն են՝ «Ռուսաստանի միջնորդությամբ կնքվել է այս հրադադարի պայմանագիրը, ԵԱՀԿ-ի միջնորդությունը հետագայում հաստատել է այդ հրադադարը», նրանց պատասխանատու է դարձնում հրադադարի պահպանման համար:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG