Մատչելիության հղումներ

ՀԲ փոխնախագահը խոսում է հայկական տնտեսական «պարադոքսի» մասին





Մեր երկրում վերջին ժամանակներս արձանագրվում է մակրոտնտեսական ցուցանիշների նկատելի դրական տեղաշարժ: Տնտեսական աճն առկա է, քաղաքական դաշտը՝ բարեփոխված, սակայն պարադոքս է, թե ինչպես է, որ երկրում չքավորության մակարդակը ոչ մի կերպ չի նվազում, իսկ ներքին ու արտաքին ներդրումները սահմանափակ են:

Լրագրողների հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ, ամփոփելով Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները, Համաշխարհային բանկի փոխնախագահ Յոհաննես Լիննը ակնհայտորեն չէր գտել այս, իր խոսքերով, «հայկական պարադոքսի» լուծումը: «Հայաստանը մեծ առաջընթաց է ապրել, միեւնույն ժամանակ, մենք տեսնում ենք դժվարություններ, որոնք կարելի է ներկայացնել որպես Հայաստանի առջեւ ծառացած հանելուկ», - ասաց Յոհաննես Լիննը:

Նա տեղյակ է, որ մեր երկրի հանրությունն ու գործարար աշխարհը չի զգացել այդ տնտեսական ու քաղաքական բարեփոխումների անմիջական ազդեցությունը եւ շարունակում է ապրել ընչազրկության եւ կասկածամտության մթնոլորտում:

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումների ժամանակ ՀԲ փոխտնօրենը առաջին պլան է մղել աղքատության կրճատման ռազմավարական ծրագիրը: Շոշափված երկրորդ ոլորտը գործարար մթնոլորտի գնահատումն է ու դրա զարգացմանը նպաստելը: Նա կարծիքով, եւ' տեղի, եւ' օտարերկրյա ներդնողները լուրջ մտավախություն ունեն, թե ներդրումային մթնոլորտը Հայաստանում բավարար չափով նպաստավոր չէ:

Կառուցվածքային բարեփոխումների ՍԱՔ-4 վարկի երկրորդ մասնաբաժինը, որը նույնպես նպատակաուղղված է գործարար մթնոլորտի բարելավմանը, Լիննի կանխատեսմամբ, կտրամադրվի առաջիկա աշնանը:

Հայաստանի ղեկավարության հետ քննարկվել է նաեւ բէց-երի մասնավորեցման գործընթացի առկա դրությունը: Յոհաննես Լիննը, գոհունակությամբ նշեց, որ երկրի ղեկավարներն իրենց ձեռքն են առել այդ գործընթացի իրականացման ղեկը:

Հաջորդ ձեռքբերումը, ըստ ՀԲ փոխտնօրենի, պետական հատվածի բարեփոխումների եւ քաղաքացիական ծառայության ոլորտն է, որտեղ եւս նա դրական տարբերություններ է արձանագրել: Նշվեց, որ հանրապետության նախագահը խնդրել է, որ Համաշխարհային բանկը աջակցություն ցուցաբերի պետական հատվածի բարեփոխումների հարցում:

Շոշափված բոլոր ոլորտների գծով քննարկումները Հայաստանի պաշտոնատարների հետ որոշակիորեն գոհացրել են Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին:

Այսօր Երեւանում հանդիպել են ՀԲ Ադրբեջանի եւ Վրաստանի ներկայացուցիչները՝ տարածաշրջանային նշանակություն ունեցող ծրագերը քննարկելու նպատակով: Յոհաննես Լիննը խոսեց մեկ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող վարկի մասին, որը տրամադրվելու է Վրաստանին՝ հատուկ արեւելյան հատվածով Հայաստանին կապող ճանապարհը բարեկարգելու համար:

«Տարածաշրջանին լրացուցիչ ռեսուրսներ հատկացնելու վերաբերյալ հարցի պատասխանը կարելի է տալ այն ժամանակ միայն, երբ պարզենք, թե պատերազմից տուժած շրջաններում վերակառուցման եւ զարգացման ինչպիսի կարիքներ կան», - ասաց Յոհաննես Լիննը: - «Ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցման, մենք պատրաստակամություն են հայտնել մեր ձեռքը վերցնելու այս աշխատանքների վերլուծությունը: Մնում է, որ տարածաշրջանում բոլոր պետությունների կառավարությունները սատարեն այս գաղափարին: Տվյալ պահին դեռ հստակություն չկա, քանի որ խաղաղ գործընթացը բավարար չափով առաջ չի գնացել»:

«Վիճարկվող տարածքներում մենք աշխատում ենք ճանաչված կամ ճանաչում ստացած կառավարությունների հետ, եւ Ղարաբաղի հետ աշխատանք չենք ակնկալում, մինչեւ չլուծվի Ադրբեջանի հետ առկա հակամարտությունը: Տարբեր պատճառներով, այդ թվում՝ ԼՂ ժողովրդին օգնելու ցանկությամբ, հույս ենք փայփայում, որ դա կլինի», - պատասխանելով Լեռնային Ղարաբաղի զարգացմանը նպաստելու ՀԲ տրամադրվածությանը վերաբերող հարցին, ասաց ՀԲ տարածաշրջանային տնօրեն Ջուդի Օ'Քոնորը:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին պարտավորություններին, Յոհաննես Լիննը ասաց, որ մեր երկիրը եւս պարտքի լուրջ բեռ է կուտակել, սակայն ոչ այնքան ծանր, ինչպես նույն կարգի այլ երկրները: Նա տեղեկացրեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը վերլուծել են պարտավորություններով ծարնաբեռնված երկրների վիճակը, եւ ակնհայտ է դարձել, որ որոշ երկրներում պարտքերը դառնում են նշանակալի խնդիր:

Գարնանն այս հարցը քննարկվել է, եւ դոնորներն ու տնօրենների խորհուրդը Հայաստանի պարտքերը զիջելու առաջարկ չեն ներկայացրել:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG