Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հայաստանյան մամուլի թեմատիկ առանձքը շարունակում է մնալ ներքաղաքական եւ, հատկապես, կուսակցական կյանքը: Բավականին սրված այս ֆոնի վրա, «Առավոտ»-ի խմբագիրը շեշտանշում է «թարմ գաղափարների պակաս Հայաստանի ընդդիմադիր դաշտում»: «Ընդդիմադիրների մեծ մասը այս 10 տարվա ընթացքում ասում է այն, ինչ լայն ընտրազանգվածները ցանկանում են լսել», - արձանագրում է նա: - «Սրանք թալանում են, վիզները հաստացնում են, ժողովրդի մասին հեչ չեն մտածում, իսկ ահա մենք չենք թալանի, վիզներս չենք հաստացնի ու կմտածենք: Բայց քանի որ Հայաստանի Երրորդ Հանրապետությունում մեկ անգամ արդեն եղել է իշխանափոխություն, այդ փաստարկների գինը ցանկացած դիտողունակ մարդու համար շատ ցածր է»:

«Այո, ներկայիս իշխանությունը, անօրինական լինելուց բացի, չի կարողանում լուծել Ղարաբաղի հարցը, առնվազն չկարողացավ կանխել բազմաթիվ արյունալի իրադարձություններ եւ ծայր աստիճանի կրիմինալիզացված է: Իսկ Հայաստանում հնարավո՞ր է ստեղծել ոչ կրիմինալ իշխանություն: Եթե այո, ապա ինչպե՞ս», - սրելով այս հարցը, խմբագիրը ընդդիմության համար հասունացած է տեսնում «բացի, պայմանականորեն ասած, «թալանի» մասին խոսակցություններից, նոր գաղափարներ, նոր ծրագրեր առաջարկելու անհրաժեշտությունը: Հակառակ դեպքում, կունենանք ավելի վատ իշխանություն, քան այսօրվանն է»:

Ձեւակերպելով, որ «երեկ տեղի ունեցած ՀԺԿ վարչության ընդլայնված նիստը վերջապես պետք է հստակեցներ, թե որտե՞ղ է ՀԺԿ-ի տեղը՝ երկրորդ համագումարում ընտրված արմատական քաղխորհրդի մատնանշած ընդդիմության դաշտո՞ւմ, թե՞ ԱԺ փոխխոսնակ Գագիկ Ասլանյանի եւ իշխանամետ մի քանի ՀԺԿ-ականի երազած իշխանամետ հովտում», «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը ազդարարում է, թե հաղթեց Ստեփան Դեմիրճյանի թեւը, «իշխանամետ ՀԺԿ-ականների ծրագրած հեղաշրջումը չստացվեց»: «Շատերն են ուզում կուսակցությունը պառակտվի, սակայն ես ի լուր ամենքի հայտարարում եմ, որ դա նրանց չի հաջողվի», - երեկ թղթակցին ինքնավստահ ասել է Ստեփան Դեմիրճյանը: Վերջինիս հետ զրուցել է նաեւ «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը եւ առայժմ ստացել նույնատիպ հավաստում. «Համագումարի իմ ելույթում նշել էի, որ աշխատանքներ տարվել են ՀԺԿ-ն քայքայելու ուղղությամբ, իսկ համագումարից հետո դրանք ավելի լայն թափ են ստացել... Շատ լավ հասկանում ենք՝ հրահրվում է պառակտում»: Բայց՝ «ՀԺԿ-ն չեն կարողանալու կոտրել: Դա միանշանակ է»: Ինչեւէ, ՀԺԿ վարչության երեկվա նիստի արդյունքում կուսակցության ղեկավարությունը, «չընդունելով Գագիկ Ասլանյանի ու նրա համախոհների մոտեցումները, այնուհանդերձ, չգնաց վերջնական հանգուցալուծման եւ նրանց չհեռացրեց ՀԺԿ-ից՝ հավանաբար մտածելու եւ դիրքորոշումը փոխելու ժամանակ տրամադրելու մտայնությամբ»: Հանգուցալուծումը նորից ու նորից հետաձգվում է, բայց մեկնաբանները անհնար են համարում հաշտության վերականգնումը:

Իսկ ահա Արմեն Խաչատրյանին ոչ միայն հեռացրել են ՀԺԿ-ից, այլեւ, ինչպես «Հայկական ժամանակ»-ում է նշված, արգելել այսուհետ տալ Կարեն Դեմիրճյանի անունը: Չնայած դրան, «Իրավունք»-ի հարցազրույցում նա այսօր տալիս է, հայտարարելով. - «Կարեն Դեմիրճյանի մերձավոր ընկերները, ՀԺԿ հիմնադիրները գտնում են, որ կուսակցության մի շարք ղեկավարներ վերջերս ՀԺԿ-ն առաջնորդում են բացարձակ հակադեմիրճյանական ուղիով»: Ակնառու համեմատության համար Արմեն Խաչատրյանը թվարկում է. իրենց կողմում են Կարեն Դեմիրճյանի մտերիմ ընկերներն ու զինակիցները, իսկ Ստեփան Դեմիրճյանի շուրջ «անհայտ մարդիկ, ովքեր այսօր իրենց հորջորջում են քաղաքական գործիչներ, բաց բացարձակ գաղափար չունեն պետությունից, պետականությունից, կառուցողական քաղաքականությունից: Նրանք այսօր կարող են միայն դժգոհել, բողոքել, ջարդել-փշրել: Եվ ո՞ւմ կողքին են նրանք կանգնում ու ելույթ ունենում. հենց այն ուժերի, որոնք տրամագծորեն հակառակ են Կարեն Դեմիրճյանի դիրքերին»:

«Քաղաքական պայքարն անզիջում է եւ անձնավորված կուսակցությունները ոչ մի կերպ չեն դիմանում այդ պայքարի ծանրությանն ու հերթական անգամ տրոհվում են», - գրում է «Երկիր» թերթի մեկնաբանը, մյուս կողմից, սակայն, ավելացնելով. - «Կուսակցությունների կազմակերպական փոշիացումը գալիս է հաստատելու, որ երկրի բարձրագույն իշխանության համար նախընտրելի է օլիգարխների ու բյուրոկրատիայի աջակցությունը, քան գաղափարական կառույցների հետեւողական պահանջը՝ մշտարթուն հանդես գալ ազգային-պետական շահերի պաշտպանությամբ: Օլիգարխիան եւ բյուրոկրատիան քաղաքականապես պահանջատեր չեն եւ կբավարարվեն իշխող էլիտայի հովանավորչության հավաստիացումներով: Կուսակցություններն են, որ մշտապես ուղղորդելու խնդիր են դնում, ավելին՝ հավակնում են իշխանության: Ստեղծված պայմաններում աննախադեպ ուժեղանում է գաղափարական եւ կազմակերպական ամուր հիմքեր ունեցող կուսակցությունների դերը»: Դաշնակցության պաշտոնաթերթի այս գնահատականներին բավականին համահունչ, «Ազգային համաձայնության ճակատի» համակարգիչ խորհրդի անդամ Վահան Շիրխանյանն էլ «Իրավունք»-ի հարցազրույցում ասում է. - «Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման 3 տարիներին հանրապետությունում պառակտվեցին եւ քայքայվեցին գրեթե բոլոր քաղաքական կառույցները... Այսօր երկիրն ունի նախագահ, որը չունի քաղաքական մեծամասնություն պառլամենտում եւ չունի քաղաքական հենարան դրսում: Ո՞ւմ է կառավարում նա: Ո՞վ պետք է հինգ տարի հետո պատասխան տա այսօրվա քաղաքականության հետեւանքների համար»:

«Ռոբերտ Քոչարյանը «ընտրվեց Վազգեն Սարգսյանի եւ մի քանի կուսակցությունների աջակցությամբ, որոնցից եւ ո'չ մեկն այսօր չի սատարում նրան», - ընդգծում է Վահան Շիրխանյանը: Սրա կողքին ուշագրավ է նրա հետեւյալ արտահայտությունը. «Կայունություն լինել չի կարող, որովհետեւ հասարակության մեջ հիմնավորապես արմատավորված է նախագահի ոչ լեգիտիմ լինելու, Կարեն Դեմիրճյանի տեղը անօրինաբար զբաղեցնելու համոզմունքը»: «Իրավունք»-ի այս հարցազրույցում արդեն ուղղակի մեղադրանք է ձեւակերպված, թե Վազգեն Սարգսյանի վարկաբեկման համակարգված ծրագիր են իրականացնում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

Աշոտ Մանուչարյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, թե «Ազգային համաձայնության ճակատի վերջին հանրահավաքի ժամանակ իր հավաստիացումը, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարությանը հաշված ժամեր են մնացել, տասնյակ՝ տնտեսության, սոցիալական, արտաքին քաղաքականության եւ այլ բնագավառներում ծավալվող գործընթացների զարգացման դինամիկայի ուսումնասիրությունների արդյունք է»: Թղթակիցը առավել ուշագրավ է համարում Մանուչարյանի հավաստիացումը, թե «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը Հայաստանի այսօրվա ղեկավարի կեցվածքից խիստ դժգոհ են... այն աստիճան, որ Հայաստանի քաղաքական գործիչների շրջանում սկսել են ինտենսիվորեն նոր նախագահի հնարավոր թեկնածու փնտրել»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG