Մատչելիության հղումներ

Խորհրդարանականները կծանոթանան Սահմանադրության նախագահական տարբերակին





Նախագահ Քոչարյանին այսօր հանդիպում է ունեցել Ազգային Ժողովի նախագահի, փոխնախագահների, խմբերի ու խմբակցությունների ղեկավարների եւ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների հետ, որոնց ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների վերջնական տարբերակը:

Նախագահը նշել է, որ ամբողջական փաթեթը ներառում է նոր խմբագրությամբ Սահմանադրությունը, բացատրություններ՝ նախատեսվող փոփոխությունների շուրջ, փոփոխությունների համառոտագիրը, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեության երեք տարվա պատմությունը, Վենետիկի հանձնաժողովի հետ աշխատանքի արձանագրությունները եւ վերջնական եզրակացությունը, սահմանադրական բարեփոխումների համար էական նշանակություն ունեցող միջազգային փաստաթղթերը, ինչպես նաեւ վերջին 15 տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրների սահմանադրական բարեփոխումների պատմությունն ու ավելի քան 147 երկրների սահմանադրությունները:

Դեռեւս հստակ չէ՝ հանրաքվեի են առաջարկվելու միայն փոփոխություննե՞րը, թե՞ ամբողջական՝ նոր խմբագրությամբ Սահմանադրությունը: Ամենայն հավանականությամբ, կընտրվի երկրորդ ուղին: Ինչեւէ, հանրաքվեի դրվելուց առաջ, անհրաժեշտ է, որ Ազգային Ժողովը քննարկի եւ ձայների որակյալ մեծամասնությամբ ընդունի նախագիծը, իսկ ձայների առնվազն կեսով՝ հանրաքվե նշանակելու համաձայնություն տա:

Սա, սակայն, չի նշանակում, թե այսօրվանից Ազգային Ժողովում շրջանառության մեջ է սահմանադրական փաթեթի եւս մեկ տարբերակ՝ արդեն նախագահի նախաձեռնությամբ: «Պաշտոնապես նախագիծը ԱԺ կուղարկվի սեպտեմբերին, երբ կսկսվի աշնանային նստաշրջանը, բայց, քանի որ մեկուկես - երկու ամիս կա մինչեւ այդ, բնականաբար, այս քայլը կատարվեց, որպեսզի կարողանանք այդ ժամանակը օգտագործել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը:

Տիգրան Թորոսյանը, որը նաեւ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբում է մեկ տարուց ավելի մասնակցել է փաթեթի մշակման աշխատանքին, հաղորդեց, որ այսօրվա հանդիպմանը քննարկում չի եղել եւ չէր էլ կարող լինել, քանի դեռ բոլորը ծանոթ չէին փաստաթղթին: «Պարզապես նախագահը մի քանի հիմնական սկզբունքներ ներկայացրեց»: Դրանցից ամենաէականը, ըստ Տիգրան Թորոսյանի, «Հանրապետության նախագահի լիազորությունների նվազեցումն է»:

Նախագահի լրատվական ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանը հանդիպման ժամանակ ասել է, թե պատրաստ է բոլոր քաղաքական ուժերի առաջարկությունները լսել եւ քննարկել՝ առանց ժամանակի սահմանափակման: Թե արդյո՞ք խորհրդարանում չներկայացված քաղաքական ուժերի հետ այսպիսի հանդիպումներ նախատեսված են, Հասմիկ Պետրոսյանը բառացիորեն ասաց. - «Այս պահի դրությամբ, դեռեւս ոչ»:

Հանդիպման ժամանակ հարցադրումներ արել են հայկոմկուսի ներկայացուցիչները եւ ԱԺԿ (Ազգային ժողովրդավարական կուսակցության) նախագահ Շավարշ Քոչարյանը: Մեկ տարուց ավելի է, ինչ խորհրդարանում շրջանառության մեջ է սահմանադրական փոփոխությունների հայկոմկուսի փաթեթը եւ մի քանի ամիս՝ նոր Սահմանադրության ԱԺԿի նախագիծը:

Հայկոմկուս խմբակցության անդամ, ԱԺ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ ագիկ Թադեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ նախագահ Քոչարյանը չի բացառել քննարկումների ժամանակ կումունիստների փաթեթից ընդունելի դրույթների ընդգրկումը նախագահական տարբերակում, սակայն բացառել է, որ միաժամանակ հանրաքվեի դրվի մի քանի տարբերակ:

Շավարշ Քոչարյանը նախագահին ասել է, որ հայեցակարգային տեսակետից ճիշտ կլինի նախագահի առաջարկած՝ կիսանախագահական կառավարման ձեւ ենթադրող նախագծի հետ միասին հանրաքվեի դնել նաեւ ԱԺԿ-ի նախագիծը, որն առաջարկում է խորհրդարանական հանրապետություն:

Օգտվելով հանդիպման առիթից, նախագահ Քոչարյանը եւս մեկ անգամ անդրադարձել է Աժ-ի կողմից վերջերս երկրորդ անգամ լրամշակման ուղարկված «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծին՝ նշելով, որ այդ օրենքն այն գործիքն է, առանց որի հնարավոր չէ բարեփոխել պետական կառավարման համակարգը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG