Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանը ցանկանում է սերտ տնտեսական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ





«Մենք իրական ցանկություն ունենք ինտեգրել մեր տնտեսությունները: Դա հիմնական խնդիրն է, որը պետք է լուծենք մոտ ապագայում», - Երեւան ժամանելուց անմիջապես հետո «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին ասաց Ռուսաստանի փոխվարչապետ Իլյա Կլեբանովը, ավելացնելով, որ իր եռօրյա այցով սկսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցելության նախապատրաստման վերջին փուլը:

Նախնական տվյալներով Պուտինը Հայաստան կայցելի սեպտեմբերի կեսերին, եւ Ռուսաստանի փոխվարչապետը հույս հայտնեց, որ Վլադիմիր Պուտինի այցելության ընթացքում քննարկվելիք հիմնական հարցը կվերաբերի երկու երկրների տնտեսությունների ինտեգրմանը:

Հայաստանի հետ քաղաքական հարաբերությունները Կլեբանովը գնահատեց իդեալականին մոտ: Փոխհարաբերությունների մյուս բոլոր հարցերը նույնպես դասվեցին շատ բարձր մակարդակի վրա՝ անհրաժեշտ է սոսկ նույն մակարդակի հասցնել տնտեսական համագործակցությունը:

Իլյա Կլեբանովը բավական իրական է համարում Ռուսատանի հետ Սեւ ծովով՝ Վրաստանի Փոթի նավահանգստից լաստանավերով վագոնները ռուսական Կովկաս նավահանգիստ տեղափոխելու միջոցով, Հայաստանի երկաթուղային կապն ապահովելու ծրագիրը: Նրա խոսքերով, մոտ ապագայում Կովկաս նավահանգստում հատուկ խորհրդակցություն է անցկացվելու հայ եւ վրացի գործընկերների մասնակցությամբ, որի ընթացքում էլ կհստակեցվեն ծրագրի իրականացման ժամկետները, ֆինանսական միջոցները:

Իլյա Կլեբանովն ասաց, որ Ռուսաստանը ցանկանում է մասնակցել Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը: «Մենք չենք թաքցնում, որ ազպրոմը ցանկանում է մասնակցել այդ ծրագրին», - ասաց Ռուսաստանի փոխվարչապետը, ավելացնելով, որ այցի ընթացքում նաեւ այդ հարցն է քննարկելու Հայաստանի նախագահի, վարչապետի հետ:

Այսօր Իլյա Կլեբանովը մեկնեց Քաջարան՝ ծանոթանալու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վիճակին: Վաղը ծրագրված է նաեւ նրա այցը «Մարս» գործարան: Այս երկու գործարանները Ռուսաստանի փոխվարչապետին ներկայացվում են համատեղ ձեռնարկությունների ստեղծման ակնկալիքով. եթե ռուսական կողմը հետաքրքրվի, ապա այդ միջոցով կարող է մարվել կամ որոշ չափով փակվել Հայաստանի միջպետական պարտքը: Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը չբացառեց նման տարբերակը՝ միաժամանակ նշելով, որ այդ ձեռնարկությունները շատ ավելի թանկ արժեն, քան Հայաստանի պարտքը, որը ներկայումս կազմում է 88 միլիոն դոլար:

Միջպետական պարտքից զատ, Հայաստանը Ռուսաստանին պարտք է նաեւ էներգետիկայի ոլորտում: Էներգետիկայի նախարար Կարեն ալուստյանի խոսքերով, նախորդ տարիներին կուտակված մոտ 17 միլիոն դոլարի պարտքը վերակազմավորվել է, պայմանավորվածություն է ձեռք բերվել դրա մարումը սկսել եկող տարվանից:

Չի բացառվում, որ ռուսական ընկերությունները մասնակցեն Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցմանը: Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել բէց-երի սեփականաշնորհման օրենքի նախագծին: Էներգետիկայի նախարարի խոսքերով, դա գործնականում նոր օրենք է, որով փորձ է արվում պոտենցիալ գնորդների համար ավելի գրավիչ դարձնել բէց-երը: Օրենքը մոտ մեկ շաբաթ հետո ներկայացվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստի քննարկմանը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG