Մատչելիության հղումներ

Զինդատախազը հերքում է հանձնաժողովի եզրակացությունները





«Ո՞վ է ասում Սուրեն Գրիգորյանին չեն ծեծել: Ծեծել են եւ մարմնական վնասվածք են պատճառել: Ծեծել են մի խումբ սպաներ: Կալանավորվել ու մեղադրանքներ են առաջադրվել՝ մինչեւ ուսումնական մասով հրամանատարի տեղակալի՝ գնդապետի աստիճանով: 8 հոգու», - խոսելով խոշտագումների դեպքերից մեկի մասին, Նախագահին առընթեր մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստում այսօր ասաց զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

Գագիկ Ջհանգիրյանը եւ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ներկայությամբ այսօր հանձնաժողովի անդամները նորից անդրադարձան մի քանի զինծառայողների հանդեպ զինդատախազությունում, ռազմական ոստիկանությունում եւ զորամասերում կիրառված ծեծի ու խոշտանգումների մասին տեղեկություններին:

Զինդատախազը հերքեց նաեւ հանձնաժողովի անդամ, փաստաբան Ռուբեն Ռշտունու պնդումը, թե իր մի պաշտպանյալից մոտ 100 հազար ԱՄՆ դոլար է շորթվել։ ագիկ Ջհանգիրյանի խոսքերով, այդ մարդը պարզապես իր պատճառված վնասի չափով գումար է մուծել պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային վարչություն։

Թեեւ Նախագահին առընթեր մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի այսօրվա նիստն անցավ բուռն ու խիստ լարված մթնոլորտում, հանձնաժողովը ավելի մեղմ եզրակացության եկավ քան նախորդ նիստում, երբ ընդունվել էր որոշման նախագիծ, ուր, ի թիվս այլ պահանջների, նաեւ հանրապետության զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու, նաեւ արդարադատության խորհրդում նրա պաշտոնեական պիտանիության հարցը քննարկելու պահանջով դիմում կար՝ ուղղված հանրապետության նախագահին:

Զինդատախազի գործունեության կասեցման մասին այսօրվա որոշման մեջ ոչինչ չի ասվում, իսկ եզրակացությունը հետեւյալն է. խոշտանգումները շարունակում են գործել Հայաստանում որպես մարդու իրավունքներին անհարիր երեւույթ: Միեւնույն ժամանակ հանձնաժողովը գոհունակություն է հայտնում, որ խոշտանգումների գործով զինդատախազությունը ստեղծել է հատուկ հանձնաժողով։


Աննա Սաղաբալյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG