Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը ողջունում է Հռոմի պապի առաջիկա այցելությունները Հայաստան եւ Ղազախստան





Աոստա, Իտալիա (Վիկտոր Սիմփսոն, «Ասոշիաթեդ Փրես») - Դեռ չստացած Մոսկվա այցելելու թույտվությունը, Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը անսպասելիորեն ստացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնը նախկին խորհրդային երկրներն այցելելու կապակցությամբ: Իտալական Ալպերում իր 12-օրյա հանգիստն անցկացնող Հովհաննես Պողոսին ուղեկցող Վատիկանի պաշտոնատարները այս շաբաթ հաստատել են, որ սեպտեմբերի 22-29-ը Հռոմի Պապը կայցելի Հայաստան եւ Ղազախստան:

Ուղեւորությունը մաս է կազմում ուղղափառ եկեղեցիների հետ հարաբերությունները բարելավելուն ուղղված Հովհաննես Պողոսի ջանքերի: Այն նպատակ ունի նաեւ արժանին հատուցել ստալինյան տարիներին Կենտրոնական Ասիա արտաքսված փոքրիկ կաթոլիկ համայնքին:

Անցած ամիս Ուկրաինա կատարած ուղեւորության ժամանակ Պապի հասցեին սուր կշտամբանք էր հնչեցրել Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Ալեքսիյ Երկրորդը՝ մեղադրելով ուղղափառ եկեղեցու տարածքը մտնելու համար:

Երկուշաբթի օրը իտալական «Կորյերե դելա Սիերա» թերթում տպագրված հարցազրույցում Պուտինը բարձր է գնահատել Հովհաննես Պողոսին եւ ասել է, որ նրա ուղեւորությունները դեպի Արեւելյան Եվրոպա՝ Ուկրաինան ներառյալ, «դրական տարր են պարունակում»:

Անձնական զրույցում Վատիկանի պաշտոնատարներն իրենց գոհունակությունն են հայտնել Պուտինի ասածների առիթով, սակայն հրապարակավ չեն մեկնաբանել դրանք՝ Ալեքսիյի հետ բախումից խուսափելու նպատակով: Պապի խոսնակը՝ Ջոակին Նավառո-Վալսը, Ղազախստանի ուղտագնացությունը բնութագրեց որպես «հովվապետական այց»՝ նկատի ունենալով, որ Հովհաննես Պողոսը հանդիպելու է գերիշխող ուղղափառ եւ մահմեդական համայնքներում աննշան փոքրամասնություն կազմող կաթոլիկների հետ:

Երկրորդ նպատակակետը կլինի Հայաստանը, ուր Պապը կմասնակցի այդ երկրի հնագույն եկեղեցու կողմից կազմակերպված՝ քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարություններին:

Հովհաննես Պողոսը իր այցը Մոսկվա դիտարկում է որպես քրիստոնեության արեւմտյան եւ արեւելյան ճյուղերը միմյանց մերձեցնելու ջանքերի պսակ:

«Ես իսկապես երջանիկ կլինեմ, եթե Ռուս ուղղափառ եկեղեցու եւ Մայր Աթոռի հարաբերությունները դրական զարգացում ստանան՝ բացելով նոր հորիզոններ», - հարցազրույցում ասել է Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG