Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«ՀԺԿ-ն թեթեւացավ» վերնագրի տակ «Առավոտ» թերթը խտացրել է. «Չսպասելով մինչեւ ՀԺԿ վարչությունն իրեն հեռացնի կուսակցության շարքերից, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն ինքը դուրս եկավ ՀԺԿ-ից՝ ցանկանալով հետագայում եւս ի սպաս դնել Ռ. Քոչարյանին իր հզոր ինտելեկտը։ Կանխատեսելի է, որ պրն Խաչատրյանի օրինակին կհետեւեն բազմաթիվ ՀԺԿ-ական պաշտոնյաներ եւ բիզնեսմեններ, որոնց ճակատագիրը կախված է իշխանության քմահաճույքից»։ «Ողջունելի է նրա ողջախոհությունը, նրան ուրիշ բան չէր մնում անել, քանի որ ՀԺԿ վարչությունը երկու օրից Արմեն Խաչատրյանին պետք է հեռացներ կուսակցությունից», - «Առավոտ»-ի փոխանցմամբ, այսպես են արձագանքել այդ կուսակցության գրասենյակից: Մեկնաբանի շեշտադրմամբ, ՀԺԿ-ից հեռանում են իշխանամետները. Արմեն Խաչատրյանի երեկվա հայտարարության մոտիվներով հարց է դրվում՝ «Քանի՞սը կհավատան, որ Կարեն Դեմիրճյանի գաղափարներին նվիրվածությունը եւ նրա գործը շարունակելը ենթադրում է միանալ 1998-ի նախագահական ընտրություններում նրա հակառակորդին սատարող մեծամասնությանը»:

Այս ամենից հետո էլ ՀԺԿ-ի նախագահ Ստեփան Դեմիրճյանը հայտարարել է. - «ՀԺԿ-ն պառակտում չի սպառնում»: «Հայկական ժամանակ»-ի տվյալներով, Արմեն Խաչատրյանի հետ հիշյալ հրաժեշտի ու դատապարտման ուղերձը պիտի ստորագրեին նաեւ մյուս, այսպես ասած, խռովարարները, բայց մեղա են եկել ու հրաժարվել մարտական տրամադրությունից, շարունակում են մնալ կուսակցության մեջ: Սա, սակայն, այդքան էլ միանշանակ չէ: Ամեն դեպքում, «պարզ է, որ 1999 թվականի խորհրդարանական ընտրություններով հաստատված ստատուս քվոյի մասին ցանկացած խոսակցություն այլեւս անլուրջ կարող է համարվել», - նշում է «Հայկական ժամանակ»-ը:

«Ժամանակ» թերթի հաշվարկներով, «ՀԺԿ-ից դուրս եկած ԱԺ պատգամավորները կշարունակեն մնալ «Միասնություն» դաշինքում», իսկ բուն ՀԺԿ թեւում կմնա միայն 9-10 պատգամավոր: «Ընդհանրապես հոկտեմբերի 27-ից հետո կուսակցության որդեգրած երկակի ստանդարտների քաղաքականությունը մեծագույն վտանգ էր պարունակում հենց կուսակցության քաղաքական նորմալ գործունեության համար», - խորքին է նայում «Ժամանակ»-ը:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանն էլ արձանագրում է, որ նման հանգուցալուծումն անխուսափելի էր, չի կարելի միաժամանակ եւ' ընդդիմադիր լինել, եւ' իշխանամետ: «Հայոց Աշխարհ»-ի երանգավորմամբ, ՀԺԿ-ից դուրս են գալիս Կարեն Դեմիրճյանի մերձավորները, իսկ մեծ հաշվով, «տեսանելի է հետեւյալ շարունակությունը. խորհրդարանում սկսվում է նոր մեծամասնության ձեւավորման գործընթացը: ործընթաց, որը վերջնական հստակություն կմտցնի հանրապետության քաղաքական դաշտում՝ ընդհանրապես, եւ երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում՝ մասնավորապես: Իսկ այդ հստակության դրական հետեւանքները իրենց զգացնել կտան շատ արագ...»:
«Հայաստանում մինչեւ օրս ստեղծված իշխանական դաշինքների ճակատագիրը ինչպես այս, այնպես էլ նախորդ խորհրդարանում ցույց է տալիս, որ նման միավորումների համախմբման հիմնական գործոնը անձնական բարեկեցության ռեֆլեքսն է», - «Հայոց Աշխարհ»-ում ասում է ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը: Վերջինիս հայացքով, «ՀԺԿ-ի մեջ այսօր նկատելի դարձած բաժանումը, միգուցե չունենալով գաղափարական-քաղաքական հիմքեր, այնուամենայնիվ, առողջ տարրեր է պարունակում: Դա կուսակցության որոշ ներկայացուցիչների ընդվզումն է ուղղակի աղաղակող անպարկեշտության դեմ»: Վահան Հովհաննիսյանը ստեղծված իրավիճակից տեսնում է երկու ելք՝ «կամ Ազգային ժողովը պետք է լուծարվի, կամ սկսվի քաղաքական ուժերի նոր համախմբման գործընթաց»: Լուծարումը դեռեւս համարվում է ամենածայրահեղ միջոց:

Նշելով, որ հայկոմկուսը բռնել է ՀԺԿ-ի ուղեգիծը, «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը այստեղ էլ տեսնում է հետեւյալ ընթացքը. «Սերգեյ Բադալյանի զինակիցները հեռացվում են կուսակցության հանգուցային դիրքերից, եւ հավասարակշիռ, ծայրահեղական նկրտումներից զերծ գործիչներին փոխարինում են իշխանությունների նկատմամբ անհանդուրժողական կեցվածքով աչքի ընկնողները: «Եթե այսօր կոմունիստների կողմից մեծարանքի արժանացած ընկեր Մանուկյանն է ընբոստացել, ապա չի բացառվում, որ վաղն ըմբոստանա մեկ ուրիշ հարգելի ընկեր», - ընդհանրացնում է «Ժամանակ»-ը: - «Նշանակում է, որ կոմունիստների կողմից կոմունիստական գաղափարների նորացումը ընդամենը ցնորք է, ժողովրդավարական որոշ արժեքների որդեգրման վերաբերյալ նրանց հավաստիացումները՝ նույնպես»:

Վերջին շրջանում «Հանրապետություն» կուսակցությունը նախաձեռնել էր հանդիպումներ ընդդիմադիր մի շարք կուսակցությունների հետ։ «Հանրապետության» լրատվական կենտրոնն «Առավոտին» հայտնել է, թե մի քանի համատեղ քննարկումներ են եղել ՀԺԿ-ի, «Ազգային միաբանության», «Ազգային համաձայնության ճակատի» եւ «Սպայի պատիվ» հասարակական կազմակերպության ղեկավարների մասնակցությամբ. «Համատեղ հանդիպումներում արձանագրվել է, որ համահունչ են այս կազմակերպությունների պատկերացումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաեւ ընդհանուր է երկրում օրինական իշխանություններ ձեւավորելու պահանջը»։ Նշված կազմակերպություններից մեկի ղեկավարը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է, թե շուտով կստեղծվի ընդդիմադիր դաշինք, որի նպատակը «Ռ. Քոչարյանի վարչակարգի տապալումն ու արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումն է»: Նույն թերթի փոխանցմամբ, «դաշինքի լիդեր դառնալու լուրջ հավակնություններ է ներկայացնում Արտաշես եղամյանը, որը այս օրերին զբաղված է հակաճգնաժամային ծրագրի մշակմամբ: Ըստ այդ ծրագրի, Հայաստանում ձեւավորվել է կլանային համակարգ, որը հովանավորում է նախագահ Քոչարյանը: Ըստ այդմ, Հայաստանի զարգացումը հնարավոր է միայն այդ համակարգի ոչնչացմամբ, ազատ տնտեսական մրցակցային դաշտի ձեւավորմամբ, ինչը հնարավոր է միայն նախագահ Քոչարյանի հեռացմամբ»:

«Հսկայական ծավալի արտաքին ֆինանսական օգնության պայմաններում Հայաստանը ոչ միայն չի կարողանում ոտքի կանգնել, այլեւ իրականացվող բարեփոխումները որեւէ էական ազդեցություն չեն թողնում հասարակ քաղաքացու վրա, որը բանավոր խոստումներից զատ իրական, շոշափելի փոփոխություններ է ուզում տեսնել իր կյանքում, ընտանիքում, իր շուրջը, թաղում, գյուղում ու քաղաքում, վերջապես՝ երկրում... 10 տարի հետո չկա բռնած ուղու սխալի գիտակցումը», - երկրի ընթացքին է նորից տագնապած նայում «Ազգ» թերթի տնտեսական մեկնաբանը: - «Քաղաքականությունը շարունակվում է նույն տեմպերով: Արվում է այն, ինչ արվել է՝ ձեռքերս պարզած գնում ենք դեպի Արեւմուտք, տալիս մեր հաշվետվությունները արտաքին ֆինանսավորողների «դեղատոմսերով» կատարված բարեփոխումների մասին ու ակնկալում արտաքին աշխարհի բարեհաճությունը: Ընդ որում, հետո, երբ տեսնում ենք սխալ արդյունքները, սովորության համաձայն քննադատում ենք ոչ թե մեզ, այլ՝ այս կամ այն երկրին, ՀԲ-ին կամ ՄԱՀ-ին, մինչդեռ քննադատությունից առաջ պետք է մի պահ կանգնել ու խոստովանել՝ նրանք արել ու անում են այն, ինչ պիտի անեին, այլ հարց է, թե ինչպե՞ս ենք օգտագործել այդ գումարները»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG