Մատչելիության հղումներ




Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանն այսօր պաշտոնապես հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ՝ որով դադարեցրել է իր անդամությունը ՀԺԿ-ում (Հայաստանի ժողովրդական կուսակցություն):

«Չափազանց մտահոգիչ է, որ ՀԺԿ ներկա ղեկավարությունը շեղվել է կուսակցության հիմնադրի քաղաքական գծից... սկսել է համագործակցել հանրապետության իրավիճակի ապակայունացմանը ձգտող այն ուժերի հետ, ողքեր եղել են Կարեն Դեմիրճյանի քաղաքական հակառակորդները», - ասված է Արմեն Խաչատրյանի հայտարարության մեջ:

ՀԺԿ-ում խմորումների պատճառը իշխանությունների հանդեպ վերաբերմունքի տարբերությունն է: ԱԺ խոսնակը, նրա ՀԺԿ-ական տեղակալ ագիկ Ասլանյանը եւ ՀԺԿ անդամ որոշ խորհրդարանականներ իշխանամետ են, ի հակադրություն կուսակցության ղեկավարությանը:

Արմեն Խաչատրյանն իր հայտարարության մեջ պնդում է, որ «կուսակցության քաղխորհրդում այսօր իրականացվում է իրենց կարծիքի հետ չհամաձայնվող կուսակցականներից ձերբազատվելու, նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ կազմակերպելու անհեռատես քաղաքականություն, զանազան պատրվակներով կուսակցության շարքերից հեռացվել կամ մեկուսացվել են Կարեն Դեմիրճյանին մոտ կանգնած շատ նվիրյալներ»:

ՀԺԿ-ի ներկայիս նախագահ Ստեփան Դեմիրճյանը իշխանությունների հասցեին կոշտ քննադատությամբ հանդես եկավ, երբ անցած ամիս Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը տարածվեց նաեւ «Հոկտեմբերի 27» - ի գործով որոշ ամբաստանյալների վրա:

Հակասություններն ավելի ակհայտ դարձան, երբ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի քվեարկության ժամանակ Արմեն Խաչատրյանը, ագիկ Ասլանյանը եւ ՀԺԿ-ական որոշ պատգամավորներ, դեմ գնալով քվեարկությունը բոյկոտելու մասին կուսակցության որոշմանը կողմ քվեարկեցին:

Շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրուցում Արմեն Խաչատրյանն ասել էր, որ «կձեւավորվի մի նոր թեւ կամ մի նոր մարդկանց կառույց, որտեղ կհավաքվեն այն մարդիկ, ովքեր այս երեք-չորս տարիների ընթացքում եղել են Կարեն Դեմիրճյանի հետ, կիսել են նրա գաղափարախոսությունը եւ եղել են այս կուսակցության հիմնադիր անդամները»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG