Մատչելիության հղումներ

logo-print

Աբխազիայում ահաբեկիչները սպանել են 4 հայի


Հուլիս 9-ին Աբխազիայի Գուլրիբշիի շրջանում սպանվել էր հինգ մարդ՝ 4 հայ եւ 1 հույն: Պատանդ վերցվածներից մեկը նույնպես հայ է: Այս միջադեպը պատճառ է դարձել, որպեսզի Աբխազիայի կառավարությունը չեղյալ հայտարարի հուլիսի 17-ին Վրաստանի մայրաքաղաքում անցկացվելիք վրաց-աբխազական հարցի կարգավորման համակարգող խորհրդի հանդիպումը՝ Թբիլիսիին մեղադրելով միջազգային ահաբեկչության կենտրոնի վերածվելու համար:

Աբխազիայի արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբայի խոսքերով, Թբիլիսին պիտի ապացուցի, որ իր նպատակը աբխազների հետ համագործակցելն է, այլ ոչ թե պարտիզանական ու ահաբեկչական ուժերին աջակցելը, եւ քանի դեռ Վրաստանի իշխանությունները անհրաժեշտ քայլերի չեն դիմել Աբխազիայում իրականացված սպանությունները բացահայտելու ուղղությամբ, վրաց-աբխազական երկխոսությունն անիմաստ է:

Սերգեյ Շաբման գտնում է նաեւ, որ եթե հակամարտության գոտում զարգացումները շարունակեն ընթանալ այս ուղղությամբ, վրաց-աբխազական հարցի կարգավորման գործընթացը կանգ կառնի վերջնականապես:

Վրաստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դիտեր Բոդենը ցավ է արտահայտել վրաց-աբխազական հարցի կարգավորման գործընթացում հաստատված դադարի համար՝ կողմերին կոչ անելով համագործակցել նաեւ այս միջադեպը բացահայտելու գործում եւ շարունակել համակարգող խորհրդի հանդիպումները:

Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավար Ավթանդիլ Իոսելիանին մեղադրում է Ռուսաստանին, նշելով. որ նման միջադեպերով Մոսկվան փորձում է նաեւ վատացնել վրաց-ադրբեջանական հարաբերությունները: Իսկ աբխազներին, նրա խոսքերով, այս առիթը հարկավոր էր ապացուցելու համար ուդաուտայից ռուսական ռազմական հենակետը հանելու անիրատեսությունը:

Աբխազիայի անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ցարգուշը, սակայն, հայտարարում է, թե ունի տեղեկություններ այն մասին, որ սպանություններին մասնակցել են Վրաստանի հատուկ ծառայությունները: Անկախության ձգտող հանրապետության արտաքին գործերի նախարար Շամբան հայտարարել է, որ Սուխումը շուտով փաստաթղթեր կներկայացնի Թբիլիսիին, որտեղ նշված են ուլրիբշիի սպանություններն իրականացնող մարդկանց անունները: Աբխազ պաշտոնյաները պնդում են, թե ունեն վրաց ահաբեկիչների գործողությունները Վրաստանի կառավարական կառույցների հրահանգով իրականացված լինելու մասին ապացույցներ:

Աբխազական «Աբխազպրես» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, օպերատիվ հետաքննության ժամանակ հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր, նռնակներ, ականներ, որոնք դիվերսանտները նետել են հետապնդման ընթացքում: Հայտնաբերվել է նաեւ մի թերթիկ՝ Աբխազիայի ազատագրության ճակատի կնիքով:

Պատանդներից մեկը, որին հաջողվել է փախչել պատանդառության առաջին օրերին, ճանաչել է պատանդառներից ոմն Վարացխելիին, որը մասնակցել էր 1997 թվականին նույն շրջանում իրականացված մեկ այլ դիվերսիայի:


Արամ Վանեցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG