Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ցավալիորեն տխուր պատկեր է ներկայացրել ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ նշելով, որ Հայաստանը մարդկային զարգացման ներուժի իր ինդեքսով ընդամենը 72-րդ տեղում է», - անդրադառնում է «Առավոտ» թերթը: - Մյուս կողմից, «եթե մեր իշխանավորները ներկայացնեին իրենց իրական եկամուտները, ապա մեկ շնչին ընկնող եկամուտներով մենք կշրջանցեինք նաեւ Ռուսաստանն ու Բելառուսը, կհայտնվեինք աշխարհի ամենազարգացած երկրների առաջին տասնյակում»: Բայց, «Առավոտ»-ի մատուցմամբ, մեր իշխանավորները չեն թողնում վարկանիշը բարձր լինի, որպեսզի հնարավորություն ունենան մշտապես փող մուրալ դրսից. - «Առանց այդ փողի մեր պաշտոնյաները իսկապես կարող են աղքատանալ»:

Դաշնակցության Արցախի ներկայացուցիչ րիշա Հայրապետյանը «Ազգ»-ի հարցազրույցում ընդգծել է, որ իրենց համար անընդունելի է «նախ եւ առաջ վարվող այն քաղաքականությունը, որ կարծես ժողովրդին համոզում է, թե ԼՂՀ-ում աղքատ ապրելը բնական է»: «Արցախահայությունը հնարավորություն ունի ներկա վիճակից ապրելու մի քանի անգամ լավ, եթե աշխատանքները ճիշտ կազմակերպվեն», - ասում է նա: - «Մենք մայր հայրենիքից՝ Հայաստանից, ստանում ենք մեծ օգնություն, ստանում ենք ճիշտ ժամանակին... Նման պայմաններում չկարողանալ ոտքի կանգնեցնել տնտեսությունը՝ զարմանալի է»: Դաշնակցության ներկայացուցչի հայացքով, «Արկադի Ղուկասյանն էլ, կարծես, ղեկավարման մի ձեւ գիտի՝ այն, ինչ տեսել է Սամվել Բաբայանի օրոք»: Այսուհանդերձ, րիշա Հայրապետյանը նշում է, թե լավ գիտակցելով արտաքին վտանգը, «ՀՅԴ-ն իր կտրուկ խոսքն է ասում է ընտրություններից ընտրություններ»: «Ազգ»-ում շեշտված է, որ արդեն սեպտեմբերին ԼՂՀ-ում կայանալիք տեղական կառավարման մարմինների ընտրությունների արդյունքները կարող են վճռական լինել 2002 թ. ԼՂՀ նախագահի ընտրության առումով:
«Մի շարք քաղաքական գործիչների այն արտահայտությունը, թե Ղարաբաղի հարցը վաղուց լուծվել է, թերեւս, մանկամտություն պիտի համարել», - գրում է «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանը: - «Ղարաբաղյան (դիվանագիտական) պատերազմում «մարտերը. արդեն իսկ ընթանում են Շուշիի մատույցներում: Մինչ այդ, ադրբեջանցիք դիվանագիտական պատերազմի ընթացքում ետ են գրավել յոթ շրջանները, այդ թվում եւ Լաչինը, ետ են վերցրել Խոջալուն եւ հասել են Շուշիի մատույցներին»: Մեկնաբանի ամփոփմամբ, «ադրբեջանցիները կանգ չեն առնելու ձեռք բերվածի վրա... Նրանք դեռ կբարձրացնեն նաեւ ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը Ղարաբաղ: Այս ճակատամարտում էլ հաղթականից հետո Ղարաբաղի անկախությունը ճանաչելու պատրաստակամություն կհայտնեն: Իսկ այս անկախ Ղարաբաղում տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ բոլորովին այլ մի անկախ երկրում: Խոսքը Կիպրոսի մասին է, որտեղ գոյություն ունի երկու մաս՝ հունական եւ թուրքական»:
«ավառամտությունը, հայրենակցականությունը, կլանայնությունը արմատապես հակացուցված են ազգային-սոցիալական կենսունակ պետության ստեղծմանը: Եվ մեր քաղաքական առաջիկա զարգացումը առարկայորեն պետք է ընթանա այդ արմատների հաղթահարման ուղիով, հակառակ դեպքում մեր ապագան շատ մշուշապատ կդառնա», - ուրվագծում է «Երկիր»-ի տեսաբանը: - «Նույնկերպ մշուշապատ կդառնա գալիքը, եթե չկարողանանք պահպանել Արցախը: Այն կորցնելու դեպքում թուրքական էքսպանսիան նոր ազդակ կստանա նախահարձակ լինելու համար»:
«Երկիր»-ի պատկերմամբ, ղարաբաղյան կարգավորման ճակատում Ռուսաստանը առաջին պլան է մղվում, «Մոսկվան բանակցային դաշտ է ներքաշում քաղաքական գործոն՝ ի դեմս Լեռնային Ղարաբաղի պահանջների ու առկա վիճակի հաշվառման»: Մյուս կողմից, Արեւմուտքը ավելի ու ավելի հաճախ է բաձրացնում ֆինանսական մահակը: «Շատ մեծ հույս դնել շատ մեծ ներդրումների հնարավորության վրա՝ հեռանկարային չէ», - հուշում է «Երկիր»-ը; - «Հեռանկարային է մեկ այլ բան. 10-20 միլիոն դոլար մարդկանց սոցիալական վճարումները կատարելու նպատակով մուրալու փոխարեն անհրաժեշտ է պետական բյուջե ներկրել այն տասնյակ ու հարյուրավոր միլիոնավոր դոլարները, որ մինչ այսօր հաջողությամբ շրջանցում են պետական գարձարանը»:
Շաղկապելով արտաքին ու ներքին գործերը, «Իրավունք»-ի մեկնաբանը սահմանել է. «Ռոբերտ Քոչարյանը հետզհետե հայտնվում է քաղաքական վտանգավոր մենության մեջ: Մոտենում է ՀՀ նախագահի կողմնորոշվելու պահը. կա'մ նա ընդունում է աշխարհասփյուռ հայության պահանջատիրության նշաձողը եւ դարերով փորձված դաշնակիցներին, կա'մ շարունակում է իր նախորդի որդեգրած կուրսը, վերակողմնորոշվում է դեպի հեռավոր Արեւմուտք, որը դարասկզբին մի անգամ արդեն «քաշել» է հայ ժողովրդին: Այս կողմնորոշումից է մեծապես կախված նախագահի քաղաքական հետագա կարիերան եւ արցախյան բազմաչարչար խնդրի կարգավորման գործընթացը»:
«Միասնություն» դաշինքի բոլոր բեկորներում «Իրավունք»-ն արձանագրում է փոփոխությունների քամիներ, բխեցնելով. «Արդյունքում ԱԺ աշնանային նստաշրջանին կարող ենք ունենալ բավականին վերափոխված խորհրդարանական եւ, առհասարակ, քաղաքական դաշտ: Եվ եթե հիշենք, որ հենց աշնանը ակնկալվում է ընդդիմադիր ուժերի կտրուկ ակտիվացումը հականախագահական ուղղությամբ, ապա պետք է փաստենք, որ «թեժ աշուն» հասկացությունը բնութագրական է լինելու նաեւ նոր հազարամյակի առաջին աշնան համար»:
«Հայկական ժամանակ»- մեկնաբանի հայացքով էլ, հիմա ժողկուսակցությունում խաղացվում է նույն սցենարը, ինչ ամիսներ առաջ կատարվեց հանրապետականում: ՀԺԿ-ի պոկվում է մի խումբ, «որն, անկասկած, մասնակցելու է նոր խորհրդարանական՝ միանշանակ նախագահամետ մեծամասնության ձեւավորմանը... Մինչեւ աշուն խորհրդարանում ուժերի վերադասավորում կլինի՝ հստակ նախագահամետ եւ հստակ ընդդիմադիր»: Եվ կարծես, այնուամենայնիվ, թեժ աշուն լինելու է: Հանրապետական կուսակցությունից Տիգրան Թորոսյանը ժողկուսակցության խմորումներին «Հայոց Աշխարհ» թերթում առայժմ արձագանքել է այսպես. - «ՀԺԿ-ի ներքին խնդիրների վերաբերյալ մեկնաբանություններ չեն ցանկանում անել: Իրենք պետք է կարգավորեն իրենց ներքին հարցերը: Մենք միայն կհետեւենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները ՀԺԿ-ի ներսում: Հետեւություններ անելու համար դեռեւս վաղ է»: Այսուհանդերձ, հանրապետականների «Ժամանակ» թերթում էլ այսօր կանխագծված է. «Քաղաքական ուժերի վերադասավորման ուրվականը շուտով կարող է միս ու արյուն ստանալ: Դրան զուգահեռ, որպես անմիջական հետեւանք՝ վերաձեւավորման կենթարկվի երկրի ամբողջ քաղաքական դաշտը, քանի որ բուն ՀԺԿ-ն՝ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարությամբ, հավանական է, համալրի արմատական ընդդիմության ճամբարը»:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG