Մատչելիության հղումներ

ՀԺԿ-ին պառակտում է սպառնում





«Կուսակցության որոշ ղեկավարների մոլորությունն այնքան ակնհայտ է, որ անպայմանորեն կձեւավորվի մի նոր թեւ կամ մի նոր մարդկանց կառույց, որտեղ կհավաքվեն այն մարդիկ, ովքեր այս երեք-չորս տարիների ընթացքում եղել են Կարեն Դեմիրճյանի հետ, կիսել են նրա գաղափարախոսությունը եւ եղել են այս կուսակցության հիմնադիր անդամները», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց ԱԺ նախագահ, ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) քաղխորհրդի եւ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը:

Երեկ ուշ երեկոյան ավարտված ՀԺԿ քաղխորհրդի նիստում որոշվել է «առաջարկել ՀԺԿ վարչությանը ազատել ագիկ Ասլանյանին ՀԺԿ վարչության քարտուղարի, քաղխորհրդի եւ վարչության անդամի, Կենտրոն տարածքային կազմակերպության քարտուղարի պարտականություններից: Ազատել Արմեն Խաչատրյանին ՀԺԿ քաղխորհրդի եւ վարչության անդամի պարտականություններից»: Վարչության նիստը սպասվում է մոտ ապագայում:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը առայժմ չուզեց մեկնաբանել կուսակցության քաղխորհրդի որոշումը: Մեկնաբանությունից ձեռնպահ մնաց նաեւ ԱԺ փոխնախագահ ագիկ Ասլանյանը: Իսկ ահա ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի կարծիքով, «կոռեկտ» չէ, երբ կուսակցականի բացակայությամբ լսվում է «պերսոնալ» հարց, այն էլ՝ ԱԺ նախագահի եւ փոխնախագահի վերաբերյալ:

Անցած ամսվա վերջին, երբ ԱԺ արտահերթ նստաշրջանում տապալվեց «Քաղաքացիական ծառայության մասին» օրինագիծը, ՀԺԿ-ն բոյկոտել էր քվեարկությունը, սակայն կուսակցության հինգ անդամ, այդ թվում՝ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն ու փոխնախագահ ագիկ Ասլանյանը, դեմ գնալով կուսակցական որոշմանը, կողմ էին քվեարկել:

ՀԺԿ-ում վերջին շրջանի խմորումների դրսեւորում է նաեւ ԱԺ իրավաբանական վարչության պետ, ՀԺԿ անդամ Վլադիմիր Նազարյանին աշխատանքից ազատելու մասին Արմեն Խաչատրյանի հրամանը: Վերջինս բացառեց այդ հրամանի՝ քաղաքական շարժառիթ ունենալը: Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ Վլադիմիր Նազարյանի կենսաթոշակային տարիքի է:

Վլադիմիր Նազարյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ինքը՝ Արմեն Խաչատրյանը այս ամենի հետ ոչ մի կապ չունի: Շատ լավ գիտեմ, թե դրա հեղինակը ով է... Սա խուճապի նշան է: Անհանգստությունը զգացվում է, ոմանք իրենց կորցրել են: Ես զարմանում եմ՝ 7 տարի պետք եղավ, որպեսզի կռահեին, որ ես թոշակի տարիքի եմ»:

Վլադիմիր Նազարյանը վստահ է, որ այդ ամենը կապված է «համաներման խայտառակ կիրառման» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծի քվեարկության տապալման հետ: «Հիմա կրկին պատրաստվում են այդ օրենքը ներկայացնել Խորհրդարանին, եւ ես իրենց ակնհայտորեն խանգարելու էի», - ասաց նա:

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առիթով հայտարարված համաներման տարածումը «Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտվողների վրա վրդովմունք առաջացրեց քաղաքական որոշ շրջանակներում. կոշտ հայտարարությամբ հանդես եկավ «Հանրապետություն» կուսակցությունը, որի ղեկավարներից է ԱԺ-ի շենքում սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, իսկ սպանված ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին՝ ՀԺԿ-ի նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում դա գնահատել էր որպես «ահաբեկչության հովանավորում»:



Մարգարիտ Եսայան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG