Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Տարեցտարի Հայաստանում սոցիալական բեւեռացումը խորանում է, - փաստում է «Ազգ» թերթը: - «Ստվերային տնտեսությամբ Հայաստանը առաջատարներից է... Այստեղ է Հայաստանում աղքատության նվազեցման հիմնական խոչընդոտներից մեկը: Խոչընդոտ, որի հաղթահարման վերաբերյալ մեր իշխանավորները սովորաբար բարձրաձայն չեն խոսում: Դե իհարկե, ավելի շահավետ է դոնոր երկրներից միլիոնավոր դոլարներ խնդրել եւ ստանալ, քան սեփական ստվերայիններին հարկային դաշտ բերել: Վերջինս անհամեմատ բարդ է ու թերեւս ոչ անվտանգ», - գրում է «Ազգ»-ի մեկնաբանը: Մյուս կողմից, «Ժամանակ» թերթը վրդովված է, թե «նույնիսկ այս օրերին, երբ Հայաստանի կառավարությանը հաջողվեց հանրապետության նկատմամբ միջազգային վստահության ամրապնդման թերեւս աննախադեպ հաջող ակցիա իրականացնել, մի շարք ուժեր զուգահեռ սկսել են վարկաբեկումների ու շահարկումների նոր ալիք բարձրացնել»:

Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանն էլ «Ժամանակ»-ի հարցազրույցում հավաստում է, որ փարիզյան հանդիպման ժամանակ «գնահատականների հարցում միջազգային կազմակերպությունների, դոնոր երկրների ու կառավարության ներկայացուցիչների միջեւ տարբերություն չկար», եւ՝ «գնահատականները բավականին բարձր էին, աննախադեպ՝ Հայաստանի կառավարության հետ կապված»: Սակայն պարոն Թորոսյանը ավելացնում է նաեւ, որ «դա գնահատականն էր միտումների, այն հնարավորությունների, որոնք կան կամ կարող են լինել ապագայում»: Տիգրան Թորոսյանը այս հարցազրույցում պնդում է՝ «տնտեսական, քաղաքական, պետական կառավարման համակարգերի բարեփոխումները ոչ թե պետք է պայմանավորված լինեն Ղարաբաղի հարցի լուծմամբ, այլ ճիշտ հակառակը: Այս երեքը եթե մենք կարողանանք նորմալ իրագործել, Ղարաբաղի հարցը կլուծվի ավելի հեշտ եւ մեզ համար ավելի բարենպաստ պայմաններում»:

Մինսկի խմբի համանախագահների հերթական սովորական, հանդարտ այցը Բաքվում, շատերի համար անսպասելի, ավարտվեց անհանգստացնող շեշտադրմամբ: «ոլոս Արմենիի» թերթի քաղաքական բաժինը առանձնացրել է. - «Փաստորեն 1994 թվականից ի վեր առաջին անգամ կրկին նման բարձր մակարդակում առաջնային դարձվեց ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման անթույլատրելիության հարցը: Հակամարտության արագ կարգավորման եւ նույնիսկ՝ լուծման որոշ սկզբունքների վերանայման խնդիրները Ադրբեջանի ղեկավարությունը տիրապետող թեմա արդեն չի համարում, հանդես է գալիս կոշտ, ռազմաշունչ հայտարարություններով»:

«Առավոտ» թերթի առաջին էջին այսօր Սերժ Սարգսյանի եւ Վահան Հովհաննիսյանի լուսանկարն է՝ հետեւյալ մակագրությամբ. - «9 տարի առաջ Վահան Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին «նավթի թագավոր» էր անվանում եւ ՀՀՇ-ի «յուրայիններից մեկը»։ 6 տարի առաջ Սերժ Սարգսյանը բացահայտեց Վահան Հովհաննիսյանի կողմից նախապատրաստվող զինված հեղաշրջումը եւ բանտ նետեց նրան։ Այս երկուսից եւ ոչ մեկը չփորձեց երբեք մյուսին պատասխանատվության կանչել իր նկատմամբ արածի եւ ասածի համար։ Այսօր նրանք ծառայում են նույն գործին, որտեղ պետք են գալիս եւ' մեկի «նավթադոլարները», եւ' մյուսի հեղափոխականությունը»։

«Առավոտ»-ը վերատպել է եւ Վահան Հովհաննիսյանի՝ 1992 թվականի հոդվածներից մեկը, ուր վերջինս գրել է. - «ՀՀՇ վարչության անդամ Ռոբերտ Քոչարյանը երագույն խորհրդի ու նրա նախագահի գործունեության վարկաբեկման լայն «արշավ» է ծավալել՝ կասկածի տակ առնելով անգամ ԼՂՀ-ում կայացած ընտրությունների օրինականությունը... Հակակոմունիզմի ալիքի վրա իշխանության հասած ՀՀՇ առաջնորդներն այդ իշխանության ամրապնդման համար Արցախում ձեռք են մեկնում կոմունիստական նախկին նոմենկլատուրային»: «Առավոտ»-ում ու «Հայկական ժամանակ»-ում այսօր ակնարկներ կան, թե Դաշնակցությունը հիմա ձգտում է անցնել ընդդիմադիր դաշտ:

«Երկիր» եւ «Հայոց Աշխարհ» թերթերում շարունակվում են «Թուրք-հայկական հաշտության հանձնաժողովի» դատապարտումները: Սրանց խտացում՝ ՀՅԴ բյուրոյի երեկվա հայտարարությունն էլ «բացարձակապես մերժում է արկածախնդրական այս գործունեությունը եւ ՀՀ բարձրագույն իշխանություններից պահանջում է հստակեցնել իր դիրքորոշումը այս եւ նմանօրինակ նախաձեռնությունների նկատմամբ, որոնք բացառապես կոչված են ապակողմնորոշելու Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը տարածաշրջանում»: «Երկիր»-ի խմբագրականը դնում է նախարար Օսկանյանին պատասխանատվության կանչելու հարցը՝ այդ նախաձեռնության մասին իմանալ-չհայտնելու, իրավիճակին չտիրապետելու մեղադրանքներով:

«Թուրք-հայկական հաշտության հանձնաժողովի» հայ անդամների ու նրանց հովանավորող շրջանակների կողմից արված հայտարարությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե Հայաստանի իշխանությունները, մասնակից չլինելով հանձնաժողովի կազմման աշխատանքներին, իրենց լռելյայն համաձայնությունն են տվել այս նախաձեռնությանը», - խմբագրականում մերկացնում է «Երկիր»-ը: Սրա կողքին, սակայն, նույն թերթում տպագրված է հանրապետության նախագահի մամլո խոսնակի պարզաբանումը, որ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ է եղել հիշյալ հանձնախմբի ստեղծման գաղափարին, «Հայաստանի իշխանությունները չեն առարկել եւ չեն խոչընդոտել հանձնախմբի ստեղծմանը՝ համարելով, որ տարբեր մակարդակով թուրք-հայկական շփումները կարող են օգտակար լինել»:

Այս ընթացքում, երեկ կալանավայրից տուն արձակվեց Աշոտ Բլեյանը եւ, ինչպես «Հայկական ժամանակ»-ն է փոխանցում, վճռական է մնում հետամուտ լինելու, որ դատարանը ընդունի իր անմեղությունը: «Հանրապետության վիճակը շատ վատ է, լինել-չլինելու հարց է դրված: Եթե քաղաքական ուժերը իրենց մեջ ուժ չգտնեն եւ ներկա իշխանություններին «ոչ» չասեն, ապա այդ նույն քաղաքական ուժերը իրենք են կործանման դատապարտված», - «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանը՝ հուլիսի 17-ին կայանալիք իրենց պլենումի շեմին, ուր կանխատեսվում է թեժ մթնոլորտում կոմկուսի բոլոր խնդիրների հանգուցալուծում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG