Մատչելիության հղումներ

Կրկին մեղադրվում է զինդատախազությունը





Նախագահին առընթեր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, երեկվա նիստում քննարկելով զինվորական դատախազությունում տեղ գտած խոշտանգումների դեպքերը, նախագահին առաջարկել է զինդատախազ Ջհանգիրյանի հարցը քննարկել Արդարադատության խորհրդում ու անհապաղ պաշտոնանկ անել նրան։ Միաժամանակ, հանրապետության գլխավոր դատախազին առաջարկվել է բերված փաստերով զինդատախազի դեմ քրեական գործ հարուցել։

Նախագահն առայժմ հրապարակավ դիրքորոշում չի արտահայտել հանձնաժողովի առաջարկի նկատմամբ: Իսկ գլխավոր դատախազ Արամ Թամազյան այդ առթիվ այսօր հայտնեց հետեւյալը. «Ստեղծվել է 7 հոգուց բաղկացած հանձնաժողով: Այն կստուգի մարդու իրավունքների հանձնաժողովում ներկայացված այդ դեպքերը, դրան գումարած նաեւ՝ մյուս այն բոլոր դիմումները, որոնք վերաբերում են զինվորական դատախազության համակարգում տեղ գտած թերություններին, չարաշահումներին, երբեմն նաեւ, ինչպես դիմումում է նշված՝ բռնարարքներին»:

Խոսքը ոչ թե քրեական գործ հարուցելու, այլ ընդամենը ծառայողական քննության անցկացման մասին է։ լխավոր դատախազության զգուշավորությունը որոշակի հիմքեր ունի։ Զինդատախազությունն է վարել «Հոկտեմբերի 27»-ի գործի նախաքննությունը եւ շարունակում է վարել գործից անջատված մասով քննությունը: Ուստի զինդատախազին նախաքննությունից հեռացնելը կարող է տարբեր մեկնաբանությունների, շահարկումների առիթ տալ։

«Հոկտեմբերի 27»-ի գործի նախաքննության ընթացքում տեղ գտած խոշտանգումների առնչությամբ բազմիցս մեղադրանքներ են հնչել զինդատախազության հասցեին։ Կտտանքների միջոցով ցուցմունքներ կորզելու վերաբերյալ գլխավոր դատախազին ուղղված միջնորդություններ ու դիմում բողոքներ են հղել թե' ներկայումս ամբաստանվողները եւ թե' նախաքննական կալանքի տակ եղած, սակայն, ապացույցների անբավարարության կամ հանցակազմի բացակայության պատճառով ազատվածները։ Նախագահին կից Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը այն ժամանակ եւս այդ հարցով միջնորդություն էր ներկայացրել գլխավոր դատախազին։ Անցկացված ծառայողական քննությունը, սակայն, ոչինչ չտվեց:

Թեեւ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը նախագահին առաջարկել է դիտարկել զինդատախազի պաշտոնեական պիտանելիության հարցը, իսկ այդ ընթացքում՝ կասեցնել նրա լիազորությունները, գլխավոր դատախազն այս պահին զինդատախազի լիազորությունները կասեցնելը նպատակահարմար չի գտնում. - «Միանշանակ այս պահին հնարավոր չէ պատասխանել, բայց իմ կարծիքը հետեւյալն է՝ ոչ: Որովհետեւ անհրաժեշտ են լիարժեք ստուգումներ, ստուգման արդյունքներով միայն հնարավոր է որոշակի հետեւությունների գալ: Միանգամից՝ առանց ստուգումների, հնարավոր չէ այդպիսի կարծիք հայտնել»:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG