Մատչելիության հղումներ

Հայաստանը միանում է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին


Այսօր Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հինգշաբթի օրը Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնատեղիում ՀՀ փոխարտգործնախարար Թաթուլ Մարգարյանն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների հարցերով տեղակալ Մայքլ Շիհանը ստորագրել են ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների համակարգին Հայաստանի միանալու մասին փոխըմբռնման հուշագիր:

«Հուշագրի ստորագրմամբ Հայաստանը դառնում է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների մեջ անմիջականորեն ներգրավված 35-րդ պետությունը եւ պաշտոնապես արձանագրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից արձանագրված խաղաղապահ գործողությունների համար մինչեւ 116 զինվոր ու սպա տրամադրելու իր պատրաստակամությունը», - ասված է արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Երեւանի պաշտոնատարներն ասել էին, որ Հունաստանում պատրաստություն անցած հայկական զինված ուժերի խաղաղապահ գումարտակը գործողությունների համար պատրաստ կլինի այս տարվա վերջին: Հունաստանում ուսուցում են անցել արդեն ավելի քան 50 հայ սպաներ:

Արտգործնախարարության հաղորդագրության մեջ ասված է, որ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների համակարգին Հայաստանի անդամակցումը կարող է «նկատելիորեն բարձրացնել երկրի միջազգային հեղինակությունն ու վարկանիշը»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG