Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք» թերթի փոխանցմամբ, հանրապետության տարածքում հաջողությամբ ծավալվում են վերջերս Աշոտ Մանուչարյանի հռչակած երկու ստորագրահավաքները. «Քոչարյանին իշխանությունից զրկելու պահանջով հավաքվել է մոտ 17 հազար ստորագրություն», «ԱրմենՏել»-ի դեմ՝ տասը հազարով ավելի:

«Առավոտ» թերթը անձանագրել է, որ հայ հասարակությունը կարոտ է մնում գաղափարական սկզբունքների վրա հիմնված քաղաքական պայքարի... Այսօր վերսկսվում է այն պրոցեսը, որը տեղի էր ունենում 94-95 թվականներին. մի բեւեռում հավաքվում է խայտաբղետ ուժերի մի խումբ, որը ձգտում է ամեն գնով տապալել նախագահին, մյուս բեւեռում՝ նույնքան խայտաբղետ մի խումբ, որը պատրաստվում է օգտվել այդ նախագահի տված բարիքներից: Փորձը ցույց է տալիս, որ այդ երկու ճամբարները խիստ փոփոխական են», եւ այլընտրանքը, ըստ էության, կեղծ է, - ամփոփում է խմբագրականը:
«Հայոց Աշխարհ» թերթի մատուցմամբ, այս օրերին հերթական անգամ փորձ է արվում ԵԿՄ-ին ներքաշել քաղաքական խաղերի ու խարդավանքների մեջ, եւ այդ գործընթացի հիմնական նպատակակետը ոչ այնքան «ԵԿՄ-ից ինչ-որ հայտարարություն պոկելը, որքան կազմակերպության ղեկավարության եւ անդամների միջեւ խնդիրներ առաջացնելը, միմյանց հանդեպ անվստահություն սերմանելը, արդյունքում՝ ԵԿՄ ղեկավարությունը փոխելն է»: Այսպես նաեւ «արհեստական խմորումներ են սադրվում ԵԿՄ-ից առանձին բեկորներ պոկելու նպատակով»:
«Երկիր» թերթն էլ իմաստավորում է, թե «Շիրխանյաններին ոչ թե հուզում է Վազգեն Սարգսյանի դեմ «սանձազերծված»... «վարկաբեկման քաղաքականությունը», այլ Սպարապետի անունը դրոշակ դարձնելով ու չեղած առիթն օգտագործելով՝ իշխանափոխության կոչնակ հնչեցնելը»: «Երկիր»-ի ընդգծմամբ, իրականում հենց Շիրխանյանն է վարկաբեկում Սպարապետին, եւ պատահական չէ, որ Վազգեն Սարգսյանի եղբայրն ու Ալբերտ Բազեյանը նրան վանեցին իրենցից: Ալբերտ Բազեյանը «Իրավունք»-ի հարցազրույցում այսօր ասում է. - «Իշխանության կողմից վերահսկվող, հովանավորվող, ֆինանսավորվող լրատվամիջոցներն ակնհայտորեն հակաքարոզչություն են ծավալում հատկապես Վազգեն Սարգսյանի, նաեւ Կարեն Դեմիրճյանի հիշատակի դեմ ու փորձում են այնպիսի մոտիվացիա ներկայացնել, թե Վազգեն Սարգսյանն էր մեղավոր այդ մթնոլորտի եւ նման իրավիճակի ստեղծման համար... Ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի գլխավոր խնդիրն է մեզ պատած իրողությունը հասցնել հանրության գիտակցությանը, որպեսզի ժողովուրդն ըմբռնի, որ նման իշխանության պայմաններում մեր երկիրը կայուն եւ անցնցում զարգացում ունենալ չի կարող»: Պարոն Բազեյանը նշում է նաեւ, որ «մեր երկրի անվտանգության մարմինները եւ ուժային մյուս կառույցները ավելի շատ ուրիշ գործառույթներով են զբաղված, քան իրենց բուն խնդրով... Փորձում են քաղաքական ուժերի դեմ որոշակի խոչընդոտներ հարուցել, ընդդիմադիրների բերանը փակել, ներգրավվել են տնտեսական ոլորտներում ու վերահսկում են դրանք եւ այլն»:
Ընդհանուր առմամբ, իշխանական բարքերը Ալբերտ Բազեյանը նկարագրում է այսպես. - «Պաշտոնափոխությունների ու փոխատեղումների կամ ինչ-որ մեկին ազատելու-նշանակելու ժամանակ ուղղակի շուկայական խոսակցություններ են տեղի ունենում: Մարդիկ միմյանցից կախված են, միմյանց դեմ ունեն կոմպրոմատներ եւ իրենց անձնական խնդիրները լուծելու համար ժողովրդի վզին են փաթաթում տարբեր կարգի պաշտոնյաների ու չինովնիկների: Թույլատրված է, ի վերուստ, գողանալ պետությունից, վատնել պետական միջոցները, շահախնդիր այլ հարցեր լուծել: Այս գործելակերպն ու մեթոդներն են տիրում իշխանության ամենավերին օղակներում»:
Հայտնի գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի հայացքով էլ՝ «իշխանությունն ու ժողովուրդն իրար հետ կապ չունեն, մեր հասարակության մեջ, ժողովրդի մեջ առաջին պլան է մղվել ինքնապահպանման բնազդը, ինքն իրենով «յոլա գնալու» հոգեբանությունը», իսկ դա էլ արմատավորում է, որ «ամեն ինչ կարելի է», հանգեցնում դաժանությունների: «Մարդիկ պարզորոշ տեսնում են, թե իշխանություններն ինչպես են ապրում: Եվ իրենք էլ իրենց հնարավորության սահմաններում նույն սկզբունքներով են փորձում ապրել», - բացում է «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում: - «Արհամարհանքը, որ կա ժողովրդի նկատմամբ, կարող է ծնել պատասխան նույնպիսի անհամարհանք՝ իշխանությունների հանդեպ: Եվ դա ահավոր մի բան կլինի Հայաստանի համար»:
«Առավոտ»-ի մեկնաբանը փորձել է ի մի բերել՝ կա՞, արդյոք, մեր պետությունը Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովում: Տպավորությունն առայժմ հետեւյան է. - «Պետությունը մի կողմից դեմ չէ, ընդհակառակը՝ ցանկություն ունի եւ մասնակցում է Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքներին, մյուս կողմից՝ մտադիր չէ հրապարակավ հայտարարել իր մասնակցության մասին»։ «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի ընկալմամբ էլ, «հանձնաժողովի թե՛ հայկական եւ թե՛ թուրքական հատվածում ընդգրկված գործիչների ցանկը ցույց է տալիս, որ նրանք չէին կարող առաջնորդվել միայն անձնական նախաձեռնությամբ», եւ, ընդհանուր առմամբ, «աննախադեպ հնարավորություն է ստեղծվել նորմալ հարաբերություններ հաստատել մեր մերձավոր հարեւան Թուրքիայի հետ»:
«Երկիր» թերթի հերթական արձագանքի վրդովմունքի հասցեատերը այսօր հիշյալ հանձնախմբի հայկական կողմն է. - «Իր քաղաքական կենսագրությամբ ծանոթ ՀՀՇ-ն եւ միայն Միացյալ Նահանգներում գործող ու սակավաթիվ անդամներ ունեցող Հայկական համագումարը համարձակվում են հանդես գալ հայության անունից՝ ի հաշիվ համահայկական նշանակություն ունեցող խնդրի՝ Ցեղասպանության: Ո՞վ եք դուք, պարոնայք, որտեղի՞ց եք ստացել ներկայացուցչական այդ իրավունքը, եւ ո՞վ է շնորհել ձեզ այդ «բարձր մակարդակը»: «Երկիր»-ը բացահայտում է, թե այդ գործարքի հայ մասնակիցների մի շերտի համար դա քաղաքական առուծախի դաշտ է, մյուսի համար՝ իրենց բիզնեսն առաջ տանելու գործիք: Բացասական է մնում եւ «Ազգ» թերթի արձագանքը, որի տեսաբանի եզրակացությամբ, այս հանձնաժողովի ստեղծման միտումները բխում են «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիային Հայաստանի միակողմանի զիջումներով պայմանավորելու, Լեռնային Ղարաբաղի հարցում թուրք-ադրբեջանական, իսկ Հայոց ցեղասպանության հարցում իսրայելա-թուրքական տեսակետները հայ ժողովրդին պարտադրելու Վաշինգտոնի շահագրգռություններից»:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG