Մատչելիության հղումներ




(«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրո, Ֆրանս Պրես, Ռոյթեր) Այսօր ավարտվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահների եռօրյա տարածաշրջանային այցը:Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման ժամկետ չի նշվել: Միջնորդները դատապարտել են ռազմաշունչ հռետորաբանույթունը, ասելով, որ այն կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը: Մինսկի խմբում համանախագահող ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի դիվանագետները Բաքվում Հեյդար Ալիեւի հետ վարած բանակցություններից հետո հայտարարել են, թե գոհ են շրջայցի արդյունքներից, սակայն ոչինչ չեն ասել հետագա քայլերի մասին:

Համատեղ մամուլի ասուլիսում ֆրանսիացի բանագնաց Ֆիլիպ Սյուրմենը, նրա ամերիկացի գործընկեր Քերի Քավանոն եւ Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը ասել են, որ հաջորդ անգամ հանդիպելու են հուլիսի 20-23 ենուայում:

Ալիեւը, որի հասցեին չորեքշաբթի միջնորդները կշտամբանք էին հնչեցրել պատերազմը վերսկսելու սպառնալիքների համար, այսօր առավոտյան ասել է, թե պատերազմական գործողությունները Ղարաբաղում կարող են վերսկսվել, եթե խաղաղ բանակցությունները շատ երկար ձգվեն:

«Դուք չպետք է զարմանաք, եթե գործընթացը կանգը առնելու դեպքում, ժողովուրդը կոչ անի վերսկսել պատերազմական գործողությունները», - համանախագահներին ասել է Ալիեւը: - «Եթե խաղաղության գործընթացը չափազանց երկար ձգվի, մենք կարող ենք հայտվել անկանխատեսելի իրադարձությունների շեմին եւ այլեւս այն իրավիճակում չենք լինի, որպեսզի կանխենք բախումը»:

Ադրբեջանի նախագահն, այդուհանդերձ, ասել է, թե կողջունի Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի պետությունների ղեկավարների ավելի մեծ մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնումներին:

Ֆիլիպ Սյուրմենը համաձայնել է Ալիեւին, որ «ժամանակը կարեւոր գործոն է»: «Հրատապ է, որ հասնենք կարգավորման, ինչը հնարավորություն կտա օտարերկրյա ներդրողներին եւ միջազգային հանրությանը օգնության ձեռք մեկնելու այս ավերված շրջանին», - ասել է ֆրանսիացի դիվանագետը:

Ադրբեջանում խաղաղ կարգավորման վերաբերյալ կարծիքը, կարծես թե, կոշտանում է: «Խաղաղությունը չպետք է լինի Ադրբեջանի շահերի հաշվին», - ասել է Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հաջիեւան: - «Մենք մեր հողը գերադասում ենք ցանկացած խաղաղ պայմանագրին»:

Անցյալ ամիս նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վճռորոշ հանդիպման հետաձգումից ի վեր Հեյդար Ալիեւն ու ադրբեջանական այլ պաշտոնատարներ հանդես են գալիս Ղարաբաղն ու շրջակա տարածքները վերագրավելու ռազմաշունչ հայտարարություններով:

«Մեզ անհանգստացնում է այն, որ Բաքվում որոշ մարդիկ խոսում են պատերազմելու մասին», - Լեռնային Ղարաբաղում երեկ ասել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն` իր ֆրանսիացի եւ ռուսաստանցի գործընկերների հետ ոտքով սահմանն անցնելուց առաջ:

«Այս «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակը վտանգավոր կերպով փխրուն է: Մենք մտահոգված ենք, որ ռազմաշունչ հռետորաբանությունը, որ նկատվում է հատկապես վերջին շաբաթների ընթացքում, միայն սրում է լարվածությունը եւ բարձրացնում նոր առճակատման վտանգը», - ասված է համանախագահների չորեքշաբթի օրը սահմանն անցնելուց առաջ արած հայտարարության մեջ:

Անցած արիլին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բանակցություններ էին վարել Քի Ուեսթում: Դրանից հետո միջնորդներն ասել էին, թե կողմերը աննախադեպորեն մոտ էին խաղաղությանը: Սակայն, իրենց երկրներում նրանք բախվեցին հանրության կոշտ դիրքորոշմանը:

«Վերադառնալուց հետո նրանք հասկացան, որ խաղաղությունն առաջ մղելը դյուրին չի լինելու», - Բաքվում «Ռոյթեր»-ի թղթակցին ասել է Քավանոն: - «Մինչ նրանք կմոտենան խաղաղությանը, պատերազմական գործողությունները կարող են վերսկսվել: Փոխզիջումները կարող են չդիմանալ հանրության փորձությանը: Մենք չենք հասցնի այն աստիճանի, որ պատերազմը վերսկսվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG