Մատչելիության հղումներ

Մահապատժի առկայությունը սպառում է Հայաստանի անդամակցությանը Եվրախորհրդին


Շոշափելի դժվարությունների հաղթահարման գնով Եվրախորհրդին անդամակցած Հայաստանը կանգնած է այդ կազմակերպությունում անդամության կասեցման վտանգի առջեւ՝ գերագույն պատժաչափի հարցի կապակցությամբ: Անցյալ տարի միահամուռ կերպով մահապատիժը վերացնել խոստացած Հայաստանի հիմնական քաղաքական կուսակցությունները այսօր պահանջում են, որ Երեւանն իրավունք ունենա մահապատժի ենթարկել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ի շենքում սպանդի մեղավորներին:

Խորհրդարան ներխուժած հինգ զինված հանցագործների նկատմամբ ընթացող դատավարությունը Հայաստանին տանում է դեպի բախում եվրոպական առաջատար հաստատությունների հետ: Կասկած չի հարուցում, որ Նաիրի Հունանյանն ու նրա մերձավոր հանցակիցները կդատապարտվեն մահապատժի: Հարցն այն է՝ կիրանացվի՞, արդյոք, մահապատիժը:

Հայաստանում մահապատիժ չի իրականացվել 1990 թվականից ի վեր: Մահապատժի պաշտոնական վերացումը Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության պայմաններից մեկն է: Սակայն, ինչպես պնդում են խորհրդարանական գրեթե բոլոր կուսակցությունները, դա չետք է վերաբերի «Հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրյալներին:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին սպանված ԱԺ նախագահի եւ վարչապետի հիմնադրած եւ այսօր խորհրդարանական մեծամասնությունը կազմող «Միասնություն» խմբակցությունը միանշանակորեն ուզում է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրյալները դատապարտվեն մահվան: Խմբակցության ղեկավար ալուստ Սահակյանի խոսքերով, «Դա աննախադեպ ոճրագործություն է: Մեզ ոչ ոք չի կարող այս իմաստով դասեր տալ»:

Այս տեսակետը փաստորեն կիսում են խորհրդարանական բոլոր ուժերը: Այն ավելի ու ավելի մեծ տեղ է գրավում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներում: Ու Եվրախորհրդի արձագանքը չուշացավ: Անցած շաբաթ Երեւանում Ստրասբուրգի պատվիրակությունը հայաստանյան իշխանություններին կտրուկ ու միանշանակ կերպով փոխանցեց. Հայաստանը չպետք է բացառություններ անի, այլապես կզրկվի անդամությունից:

«Մենք կտրուկ կերպով շեշտեցինք, որ եթե մահապատժի վճիռ կայացվի, սակայն՝ չիրականացվի, դա վատ կլինի, բայց ոչ ահավոր: Եթե մահապատիժը ի կատար ածվի, ապա այն կարող է ճգնաժամ առաջանել Հայաստանի եւ Եվրախորհրդի հարաբերություններում, եւ կարող է խորհրդարանական վեհաժողովին ստիպել կասեցնելու Հայաստանի անդամակցությունը», - Երեւանում ասել էր Հայաստանի եւ Ադրբեջանի պարտավորությունների կատարման ընթացքը վերահսկող, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում գործող «Ագոյի խմբի» ղեկավար Պիետրո Էռկոլե Ագոն:

Խորհրդարանի անդամների մեծամասնությունը, սակայն, կողմ է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործներին համապատժի ենթարկելուն: Շատ բան կախված կլինի նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումից: Պիետրո Ագոն Երեւանում ասել էր նաեւ, որ Հայաստանի նախագահն իրեն վստահեցրել էր, թե իր նախագահության օրոք Հայաստանում մահապատիժ ի կատար չի ածվելու:

Սակայն Հայաստանի ղեկավարին, որը մինչեւ օրս չի մեկնաբանել հարցը, սպանվածների գաղափարակիցներն ու հարազատներ արդեն մեղադրում են ԱԺ-ում տեղի ունեցած սպանդի վերաբերյալ ճշմարտությունը թաքցնելու համար: Նրանցից ոմանք շարունակում են կասկածել նրան ահաբեկչությունը կազմակերպելու մեջ՝ հզոր քաղաքական հակառակորդներին վերացնելու նպատակով: Ուստի՝ հանցագործների նկատմամբ մահապատիժն իրականացնելուց խուսափելու ցանկացած փորձ նրա ընդդիմադիրների կողմից որակվելու է որպես ահաբեկիչներին աջակցելու ապացույց:

Քաղաքական գործիչները, որոնք տարիներ շարունակ Ստրասբուրգի պաշտոնատարներին համոզում էին անդամություն տալ Հայաստանին, այժմ պնդում են, որ ժողովուրդը Հայաստանում պատրաստ չէ ընդունելու եվրոպական բոլոր նորմերը: Հայաստանի Հելսինկյան Ընկերակցության նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքերով, «մեր հասարակությունը կամ, այսպես կոչված, ընտրանին ցանկանում է լինել Եվրոպայի խորհրդի անդամ... եւ օգտվել Եվրախորհրդի բարիքներից, իսկ, մյուս կողմից էլ՝ անտեսել այն պահանջները, որ դրել է Եվրախորհուրդը»:

Երեւանում դատարանի շենքի մոտ հավաքվող տասնյակ մարդկանց համար արդարությունը նույնական է Հունանյանին ու նրա հանցակիցներին մահվան դատապարտելուն:

«Մահապատիժ: Միայն մահապատիժ, որ Վազգենի նման մարդուն սպանել են: Դրա համար պետք է ժողովրդի ներկայությամբ մահապատժի ենթարկեն նրանց», - ասում է Վազգեն Սարգսյանի հայրենի Արարատ քաղաքի բնակիչ, մասնագիտությամբ բժիշկ Հովհաննես Նահապետյանը: - «Մերք դա ենք ուզում: Մեր նպատակը դա է»:

Եվրամիության պատվիրակների եւ մարդու իրավունքների տեղի պաշտպանների փաստարկները հազիվ թե կարողանան փոխել Նահապետյանի պես մտածող մարդկանց դիրքորոշումը: Ահա թե ինչու Ավետիք Իշխանյանը համոզված է, որ երկրի ղեկավարությունը պետք է միշտ «հանրության կարծիքից մեկ քայլ առաջ լինի»:

Նրա կարծիքով, «եթե քաղաքական ընտրանին իր մտածելակերպով ուզում է դառնալ Եվրոպայի խորհրդի անդամ, բայց դեռեւս մնալ, այսպես կոչված, ասիական միջնադարում, այդ դեպքում, իհարկե, ես կողմ կլինեմ, որ Եվրոպայի խորհուրդը կասեցնի Հայաստանի ամդամակցությունը: Որովհետեւ դա երեւույթ է, դա առանձին դեպք չէ»:

Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG