Մատչելիության հղումներ

Միջնորդները մտահոգված են Ադրբեջանի «ռազմաշունչ հռետորաբանությամբ»





«Մեզ անհանգստացնում է այն, որ Բաքվում որոշ մարդիկ խոսում են պատերազմելու մասին», - «Ֆրանս Պրես» գործակալության հաղորդագրության համաձայն, Լեռնային Ղարաբաղում այսօր ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն: - «Մենք այսօր իրականում տեսանք պատերազմի գինը, որը, սակայն, ավելի բարձր է, քանի որ մարդիկ այսօր տառապում են: Մենք հասկանում ենք, որ մարդիկ ուզում են գնալ իրենց տները: Մենք այստեղ ենք՝ հօգուտ խաղաղության աշխատելու նպատակով»:

Տարածաշրջանային հերթական այցի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահներն այսօր Արցախում սպառեցին իրենց աշխատանքային ծրագիրը եւ Ֆիզուլու շրջանի սահմանային հատվածներից մեկով անցան Ադրբեջանի տարածք: Ադրբեջանի տարածք մտնելուց առաջ, ըստ «Ֆրանս Պրես» գործակալության, Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, ուր, մասնավորապես ասված է. - «Այս «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակը վտանգավոր կերպով փխրուն է: Մենք մտահոգված ենք, որ ռազմաշունչ հռետորաբանությունը, որ նկատվում է հատկապես վերջին շաբաթների ընթացքում, միայն սրում է լարվածությունը եւ բարձրացնում նոր առճակատման վտանգը: Հնարավոր է ոչ հեռու այստեղից, ուր հիմա կանգնած ենք»: Համանախագահներն ավելացրել են, որ ռազմական լուծման կոչերն «անպատասխանատու են, եւ մենք բոլոր քաղաքական գործիչներին կոչ ենք անում խուսափել ցանկացած գործողություներից կամ հայտարարություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակն ու վնասել խաղաղության նուրբ գործընթացին»:

«Մենք չենք ցանկանա, որ այստեղ ապրող մարդիկ մտածեն, թե միջնորդները փորձում են պարտադրել ինչ-որ որոշումներ», - Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը: Կարեւորելով ղարաբաղյան կողմի դիրքորոշումն ու տեսակետները, նա ավելացրել է, որ կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի, բայց, նախեւառաջ՝ ԼՂ ժողովրդի համար:

Վյաչեսլավ Տրուբնիկովի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահներ Քերի Քավանոյի, Նիկոլայ Գրիբկովի եւ Ֆիլիպ դե Սյուրմենի տարածաշրջանային հերթական այցին Արցախի քաղաքական շրջանակների որոշ ներկայացուցիչների կողմից գնահատվում է որպես ռուսաստանյան դիվանագիտության աշխուժացում Հարավային Կովկասում:

Ըստ ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, միջազգային միջնորդների հետ հանդիպման ժամանակ նախագահ Ղուկասյանը նշել է, որ չնայած վերջին շրջանում առկա է կարգավորման գործընթացի դինամիզմի որոշակի փոփոխություն, այնուամենայնիվ, ղարաբաղյան կողմը վստահ է, որ բանակցությունները շարունակվելու են: Այցն իբրեւ խթան որակելով, Արկադի Ղուկասյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի՝ կառուցողական եղանակով աշխատելու պատրաստակամությունը:

Միջազգային միջնորդներն իրենց հերթին վերահաստատել են, որ կարգավորման կենսունակ բանաձեւ մշակելիս անհնար է շրջանցել ստեղծված իրողությունները:
Անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանական կողմի՝ պատերազմը վերսկսելու կոչերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց անհանգստությունն են հայտնել նմանօրինակ ելույթների կապակցությամբ ու նշել, որ համանախագահող երկրները միանշանակորեն դեմ են հանդես գալիս ղարաբաղյան հիմնախնդրը ուժային եղանակով լուծելու ցանկացած փորձի:



ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների նախորդ՝ ընթացիկ տարվա հունիսին ձեռնարկած տարածաշրջանային այցից հետո անորոշ ժամանակով հետաձգվեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որ պիտի կայանար Ժնեւււմ հունիսի կեսերին՝ երկու երկրների ղեկավարներին փոխզիջումային լուծման նկատմամբ ներքին դիմադրությունը հաղթահարելու համար ժամանակ տրամադրելու պատճառաբանությամբ:

Երեկ Երեւանում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք միջնորդները հույս ունեն, որ կհաջողվի մինչեւ տարեվերջ կարգավորել հակամարտությունը, Վյաչեսլավ Տրուբնիկովն նշել էր, որ դեռեւս վաղաժամ է ասել, թե երբ կանցկացվի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումը, ասելով, որ այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն ընթացիկ այցի վերջում:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG