Մատչելիության հղումներ

Դոնորները խոստանում են 620 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին




Հաջորդ երեք տարվա ընթացքում Հայաստանը 620 միլիոն դոլարի նոր վարկեր եւ օժանդակություն կստանա, - այսօր Փարիզում Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցած երկօրյա կոնֆերանսի ավարտին հայտարարեցին Արեւմուտքի ավելի քան 30 պետությունների, վարկային եւ ֆինանսական միջազգային հաստատությունների ներկայացուցիչները:

Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ջուդի Օ'Կոնորը ասաց, որ օգնության ծանրակշիռ փաթեթը հաստատվել է այն բանից հետո, երբ դոնորներն առաջընթաց են արձանագրել անցած տարվա հոկտեմբերին Երեւանում կայացած նման կոնֆերանսում արված առաջարկությունների՝ Հայաստանի կառավարության կողմից իրականացման գործում:

Հայաստանին խիստ անհրաժեշտ միջոցների մեծ մասը տրամադրելու են Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը եւ ԱՄՆ-ի կառավարությունը: Համաշխարհային բանկից, մասնավորապես, Հայաստանը կստանա 120 միլիոն դոլարի նոր վարկեր, ինչը թույլ կտա ծածկելու բյուջեի պակասորդի զգալի մասը:

«Մենք, հիմնականում, գոհ ենք, մեր սպասելիքները իրականացան: Վստահություն ներշնչեցինք բոլոր երկրներին եւ կազմակերպություններին», - համաժողովի ավարտից հետո ասաց Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը:

Խոստացված օգնությունը կապվում է բարեփոխումներին եւ աղքատության վերացմանն ուղղված կառավարության եռամյա ծրագրի հետ: Երեքշաբթի Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կոնֆերանսում ասել էր, որ կառավարությունը փորձելու է կենսամակարդակը բարձրացնել առաջին հերթին տնտեսական աճի արագացման շնորհիվ:


Ռուզաննա Կյուրեղյան, Փարիզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG