Մատչելիության հղումներ




ՄԱԿ-ի երեկ հրապարակած հերթական ամենամյա զեկույցի համաձայն, Հայաստանը աշխարհի 162 երկրների շարքում մարդկային զարգացման ցուցանիշներով զբաղեցնում է 72-րդ տեղը, ինչը մեծ առաջընթաց է անցած տարվա համեմատությամբ՝ 93-րդ տեղը 174 պետությունների ցուցակում:

Ինչպեսեւ վերջին տարիներին, Հայաստանը մնում է, այսպես կոչված, միջին զարգացածության երկրների մեծ խմբում, առաջընթացն, այդուհանդերձ, ակնհայտ է: Եթե անցած տարվա զեկույցի համաձայն, Հայաստանը հետ էր մնում Վրաստանից, Ադրբեջանից եւ Թուրքիայից, ապա այսօր այն առաջ է անցել իր բոլոր չորս հարեւաններից. Վրաստանը 76-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 79, Թուրքիան՝ 82, Իրանը՝ 90:

Այս կան այն երկրի տեղը որոշելիս, ՄԱԿ-ը ելնում է երեք հիմնական ցուցանիշներից՝ կյանքի սպասվող տեւողությունը, կրթվածության աստիճանը եւ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ներքին համախառն արդյունքը:

Ներքին համախառն արդյունքի տեսակետից, օրինակ, Բրազիլիայում մեկ շնչին ընկնում է 7000 դոլարից ավելի, Հայաստանում՝ ընդամենը 2215: Բայց Հայաստանում կյանքի սպասվող տեւողությունը 72,5 տարուց ավելի է, Բրազիլիայում՝ 67,5: Ըստ ՄԱԿ-ի այս տարվա զեկույցի, Հայաստանի չափահաս բնակչության 98,3 տոկոսը գրագետ է, մինչդեռ Բրազիլիայում այդ ցուցանիշը 85 տոկոսից ցածր է:

Հարկ է հաշվի առնել, որ ՄԱԿ-ի ներկա զեկույցը հիմնված է երկու տարվա վաղեմության տվյալների վրա: Այսինքն՝ արտացոլված է 1999 թվականի պատկերը:

Ըստ զեկույցի, Հայաստանը ԱՊՀ-ում զիջում է միայն 53-րդ տեղում գնտվող Բելառուսին եւ 55-րդ հորիզոնականը զբաղեցնող Ռուսաստանին:

Մասնագետները փաստում են, որ այս առաջխաղացումը ձեռք է բերվել գերազանցապես այն բանի շնորհիվ, որ, անցած տարվա զեկույցի համեմատությամբ, կյանքի սպասվող տեւողությունը Հայաստանում աճել է երկու տարով: Ադրբեջանը, որը նույնպես առաջընթաց քայլ է արել՝ 90-րդ տեղից բարձրանալով 79-րդը, նման արդյունքի հասել է ներքին համախառն արդյունքի ավելացման հաշվին:

Վեց տարի շարունակ ՄԱԿ-ի ցուցակը գլխավորում էր Կանադան: Այս տարի, սակայն, ապրելու համար լավագույն երկիր է ճանաչվել Նորվեգիան: Կանադայից առաջ է անցել նաեւ Ավստրալիան, իսկ աշխարհի հզորագույն տերություն համարվող ԱՄՆ-ը երրորդից իջել է վեցերորդ տեղը:

Փորձագետների փաստմամբ, Հայաստանի վիճակը չի տարբերվում անցումային շրջանում գտնվող այլ երկրների վիճակից՝ բարձր կրթվածություն եւ ներդրումների պակաս: ՄԱԿ-ի զեկույցի հեղինակներից մեկը՝ Քեյթ Ռեյուորթը այս առումով նկատել է, որ մտավոր ներուժի արդյունավետ օգտագործում է կախված է մոտեցումներից՝ կամ ներդրումները կուղղվեն հենց այդ ներուժի զարգացմանը, կամ այն կդիտվի որպես անցյալից մնացած մի բան:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG