Մատչելիության հղումներ

logo-print

«Հայկական պղինձ» ծրագիրը հրապուրում է օտարերկրյա ներդնողներին


Օտարերկրյա ներդրողներն ընդգծված հետաքրքրություն են ցուցաբերում այս տարվա մայիսին Նյու Յորքի տնտեսական համաժողովի շրջանակներում ներկայացված «Հայկական պղինձ» ծրագրի նկատմամբ։ Պղնձաձուլական «Մանես եւ Վալեքս» ընկերությունն ակնկալում է այդ ծրագրով առաջիկա 3-4 տարիների ընթացքում ամբողջովին վերականգնել Ալավերդու երբեմնի հզոր ձուլարանի արտադրական կարողությունները: Դրա համար անհրաժեշտ է առնվազն 70 միլիոն դոլար:

Խոշորածավալ ներդրումների ակնկալիքներ կան նաեւ Հայաստանի հարավում գտնվող Զանգեզուրի լեռնամետալուրգիական համալիրի ձեռնարկությունների առաջիկա մասնավորեցման հետ կապված։ Որոշ գնահատումներով, հարավային տարածաշրջանի պղնձամոլիբդենային համալիրի զարգացումը, ենթակառուցվածքներով հանդերձ, առնվազն 400 միլիոն դոլարի ներդրումներ կպահանջի։

«Մանես եւ Վալեքս» ընկերության գործադիր տնօրեն Վալերի Մեջլումյանն այսօր հայտնեց, թե օրերս փոխըմբռնման հուշագիր է ստորագրել կանադական «Քընսթրաքշըն Առմբրո Բի-Էֆ-Սի» ընկերության նախագահ Հարրի Վարժապետյանի հետ: «Մենք, փաստորեն, այսօր ունենք առաջին «զանգը» այդ կանադական ֆիրմայի կողմից, որն ունի լուրջ փորձ հանքավայրեր կառուցելու եւ վերամշակող՝ խտանյութ արտադրող, ֆաբրիկաների կառուցման ասպարեզում», - ասաց Մեժլումյանը, ավելացնելով, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում կանադական ընկերությունը հիմնովին կուսումնասիրի Հայաստանի հյուսիսային տարածաշրջանի պղնձամոլիբդենային հանքավայրերն ու դրանց արյունաբերական յուրացման հնարավորությունները, որից հետո արդեն կկնքվեն կոնկրետ ներդրումային համաձայնագրերը։

Ընդամենը երեք տարվա պատմություն ունեցող «Մանես եւ Վալեքսը» տարեկան ավելի քան 7000 տոննա սեւ պղինձ է թողարկում, ինչը գրեթե ամբողջությամբ արտահանում է։ Մասնագետների գնահատումներով, հայկական պղինձը՝ բարձր որակի շնորհիվ, մրցունակ է միջազգային շուկաներում։

Ըստ որոշ տեղեկությունների, առաջիկայում սեփականաշնորհվելիք Քաջարանի, Ղափանի եւ Ագարակի մետալուրգիական ձեռնարկությունների նկատմամբ լուրջ հետաքրքրություններ ունեն համաշխարհային համբավ ունեցող ռուսական ընկերությունները` «Ռուսական ալյումին» խումբը եւ «Նորիլսկի նիկելը»։ Հավանական գնորդների մեջ է նաեւ «Մանես եւ Վալեքս»-ի գերմանական գործընկերներից մեկը` «Լուրգի մետալուրջին»։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG