Մատչելիության հղումներ

ԱԺ մեծամասնությունը դեմ է մահապատժի վերացմանը մինչեւ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավճիռն ի կատար ածելը


«Անդամակացությունից հետո մեկ տարվա ընթացքում ընդունել քրեական օրենսգրքի հատուկ մասը՝ այդպիսով դե յուրե վերացնելով մահապատիժը», - այսպիսին է Եվրախորհրդի առջեւ Հայաստանի Ազգային Ժողովի ստանձնած պարտավորությունը, որի տակ ստորագրել են նաեւ ԱԺ-ի խումբ֊խմբակցությունների ղեկավարները: Նույն ժամկետում, այսինքն, մինչեւ եկող հունվարի 25֊ը, Ազգային Ժողովում վավերացման է ենթակա նաեւ Մարդու իրավունքների կոնվեցիայի վեցերորդ արձանագրությունը՝ մահապատժի վերացման մասին:

Այսօր, սակայն, խորհրդարանական ուժերի մեծամասնությունը վերապահումներ ունի:
«Մենք չենք մերժում մահապատժի վերացումը», - ասաց «Միասնություն» խմբակցության ղեկավար ալուստ Սահակյանը: - «Պարզապես ժամանակ է պետք՝ տասնամյակներ: Եթե նույնիսկ «Հոկտեմբերի 27»֊ն էլ չլիներ, մահապատժի անհապաղ վերացմանն էլի դեմ կլինեինք, քանի դեռ չեն ավարտվել դատաիրավական բարեփոխումները»:

«Հոկտեմբերի 27»֊ը աննախադեպ ոճրագործություն է», - շարունակեց խորհրդարանական մեծամասնության ղեկավարը: - «Մեզ ոչ ոք չի կարող այդ իմաստով դասեր տալ: Եթե այս ոճրագործությունը մահապատժով չի ավարտվելու, պատմությունը մեզ դատապարտելու է անպայմանորեն: Մեր ազգը չի կարող այդ հանցագործությունը ներել»:

«Ստորագրել ենք՝ կկատարենք», - ասաց «Կայունություն» խմբի ղեկավար Վարդան Այվազյանը: - «Բայց, կոնկրետ «Հոկտեմբերի 27»֊ի գործով, եթե դատարանը վճիռ կկայացնի մահապատժի, մենք կողմնակից ենք, որ այդ մահապատիժն ի կատար ածվի»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը նույնպես առանձնացրեց «Հոկտեմբերի 27»֊ը. - «Ակնհայտ է, որ ոճրագործությունն իր բացառիկությամբ ենթադրում է նաեւ բացառիկ վերաբերմունք... Որքան էլ կտրուկ էին Եվրախորհրդի նախարարների կոմիտեի «Ագոյի խմբի» հարցադրումները, պետք է այս աշխատանքը շարունակել եւ փորձել համոզել, որ այս պարագայում պետք է բացառություն անել»:

Իսկ ահա ԱԺՄ խմբակցության ղեկավարի կարծիքը համահունչ չէ մնացածների դիրքորոշմանը. - «Մենք ստորագրել ենք եւ մեր ստորագրությունից հետ չենք կանգնում», - ասաց Վազգեն Մանուկյանը: - «Չի կարելի պետական օրենքների այդպիսի ֆունդամենտալ փոփոխությունները կապել այս կամ այն դեպքի հետ, ինչքան էլ սարսափելի լինեն այդ դեպքերը»:

Անցած շաբաթ Երեւանում Եվրախորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի պարտավորությունների կատարման ընթացքը վերահսկող «Ագոյի խմբի» անդամները հատուկ ուշադրություն էին դարձրել մահապատժի վերացման հարցին: Նրանք նշել էին, որ եթե Հայաստանը չկատարի մեկ տարվա ընթացքում մահապատիժը վերացնելու իր ստանձնած պարտավորությունը, ապա կբարձրացվի Եվրախորհրդին Հայաստանի անդամակցությունը կասեցնելու հարցը:

Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների վարչության պետ Շմավոն Շահբազյանը, սակայն, ընդգծելով, որ անիմաստ է ժամանակից շուտ ենթադրություններ անելը, ասաց, որ եթե Հայաստանը պարտավորված ժամկետում չվերացնի մահապատիժը, «այդ դեպքում Հայաստանի իշխանությունները կարող են համապատասխան փաստարկներ, բացատրություններ բերել, թե ինչ խնդիրներից ելնելով է, որ հնարավոր չի եղել նշված ժամկետներում այդ պարտավորությունները կատարել»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG