Մատչելիության հղումներ

logo-print

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Փարիզ


Հուլիսի 8-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մեկնեց Փարիզ՝ բանակցելու դոնոր երկրների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների մոտ 80 ներկայացուցիչների հետ: Սա Անդրանիկ Մարգարյանի առաջին պաշտոնական այցն է Արեւմուտք: Մեր պատվիրակությունը ներկայացնելու է կառավարության` վարկային ու գրանտային օժանդակության կարիք զգացող ծրագրերը։ Ստացվելիք գումարներն ուղղվելու են անցած տարիների ընթացքում կուտակված ներքին պարտքի մի մասը մարելուն:

Պատվիրակության անդամ, Հայաստանի Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի խոսքերով, ներքին պարտքը կազմում է մոտ 80 միլիոն դոլար: Ըստ նախարարի, տարեսկզբին դոնորներն ավելի բարյացկամ էին տրամադրված, եւ հույս կար, որ 20-25 միլիոն դոլարի օգնություն կստացվի: Հիմա, սակայն, ակնկալվող գումարը մոտ10 միլիոն է: Վարդան Խաչատրյանը վերաբերմունքի նման փոփոխությունը բացատրում է նաեւ քաղաքական դրդապատճառներով:

Վարչապետի խոսքերով, պատճառներից մեկը ղարաբաղյանի բանակցությունների ձգձգումն է: Փարիզի եւ Քի Ուեսթի հանդիպումների արդյունքները հուսադրող էին, բայց, «ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմը սառեցրեց հանդիպումները, հանդիպումների ընթացքը: Եվ Մինսկի խմբի համանախագահները... գնահատեցին, որ ադրբեջանական կողմը պատրաստ չի այդ գործընթացը շարունակելու: Հետաձգվեց մինչեւ աշուն: Իմ կարծիքով, դա որոշակի ազդեցություն կթողնի դոնորների հետ այս հանդիպման ժամանակ», - ասաց Անդրանիկ Մարգարյանը:

Աշնանը մեր պատվիրակությունը նորից հանդիպում է ունենալու դոնոր երկրների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, եւ Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ ունի 2002 թվականի համար կհաջողվի ավելի մեծ օգնություն ստանալ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG