Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի այցի նախօրեին ռուսաստանցի միջնորդը հանդիպում է Հայաստանի արգործնախարարին


Հուլիսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի բանագնաց, ՌԴ առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովին, որը Երեւան է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի նախօրեին:

Մյուս երկու՝ ամերիկացի ու ֆրանսիացի, համանախագահները տարածաշրջանային երկրորդ այցով Հայաստանի մայրաքաղաք կժամանեն երեքշաբթի: Երեւանում, Ստեփանակերտում ու Բաքվում նախատեսված նրանց բանակցությունները կարեւոր նշանակություն ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերի հաջողության համար:

Հայաստանի արտգործնախարարության տարածած մամուլի հաղորդագրությունը մանրամասներ չի հաղորդում հանդիպման մասին, նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերի «հիմնական քննարկումը կլինի վաղը կայանալիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ընթացքում»:

Ըստ արտգործնախարարության հաղորդագրության, «հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սեպտեմբերին Հայաստան կատարելիք այցի նախապատրաստմանն առնչվող խնդիրներ եւ նշել վերջինիս նպատակով երկկողմ խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտությունը»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG