Մատչելիության հղումներ

Հայաստանի ակնագործներն ապահովվում են հումքով


Միջպետական պայմանավորվածությունների շրջանակներում, Ռուսաստանում բնական ալմաստի մատակարարման մենատեր «Ալռոսա» պետական ընկերությունը Հայաստանին է փոխանցել քվոտայով նախատեսված 300 հազար կարատ ալմաստի ողջ խմբաքանակը։ Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից Ռուսաստանն անցել է իր երկրից արտահանվող ապրանքներից ավելացված արժեքի հարկը գանձելու նոր ռեժիմի՝ չի գանձում այդ հարկը, ինչի հետեւանքով ռուսական ալմաստի հումքը, ցածր գնի ու բարձր որակի շնորհիվ, դարձել է խիստ գրավիչ։

Մինչեւ այս աննախադեպորեն մեծ խմբաքանակի ստացումը ռուսական հումքի բաժինը չնչին մաս էր կազմում Հարավային Աֆրիկայից, Հնդկաստանից, Բելգիայից եւ Միացյալ նահանգներից ներկրվող հումքի համեմատությամբ: Հայաստանի ակնագործության պատասխանատուներն, այնուամենայնիվ, անթույլատրելի են համարում ոլորտի կախվածությունը ռուսական հումքից եւ, այն բաշխելիս, հայկական ընկերություներին հատկացրել են պահանջարկի կեսից ոչ ավելին։

Ադամանդագործությունն այսօր Հայաստանի արդյունաբերության անվիճելի առաջատարն է: Թե' շրջանառության եւ թե' արտահանման արժեքով թանկարժեք քարերի մշակումը շատ ու շատ առաջ է անցել մյուս ոլորտներից: Անցյալ տարի մշակվել է մոտ 100 միլիոն դոլարի ալմաստի հումք, այս տարի ադամանդների մշակման ծավալը նախատեսվում է հասցնել 150 միլիոն դոլարի։

Այս ոլորտը ոչ միայն վերականգնել է իրեն, այլեւ հաջողությամբ ինտեգրվել է միջազգային շուկաներին։ Եթե խորհրդային ամենածաղկուն շրջանում՝ 1986 թվականին Նոր Հաճըն ավանի «Շողակն» գործարանը մշակել էր մոտ 48 միլիոն դոլար ընդհանուր արժեքով թանկարժեք քարեր, ապա այժմ Հայաստանում մշակվում է դրա կրկնակին: Ընդ որում, ոչ միայն «Շողակնում», որի տերը ադամանագործության համաշխարհային առաջատարներից է` իսրայելական «Լեւ Լեւաեւ Դայմոնդ» ընկերությունը։ Նոր Հաճըն ավանում գործում են նաեւ բելգիահայ գործարար Հայկ Արսլանյանի հիմնած «Լոռի» եւ Վլադիսլավ Թովմասյանի «Անդրանիկ» ընկերությունները։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում ակնագործությամբ զբաղվելու թույլտվություն ունեն շուրջ 90 ընկերություններ, որոնց առնվազն կեսը ակտիվորեն գործում է։ Ոլորտում շուրջ 2000 մարդ է աշխատում, միջին աշխատավարձը 200300 դոլար է։ Ճյուղի զարգացման հայեցակարգի համաձայն, մինչեւ 2005 թվականը Հայաստանում մշակվող ադամանդների ընդհանուր ծավալը կարող է մեկ միլիոն կարատի հասնել, իսկ ոլորտում աշխատողների թիվը՝ 3000-ի։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG