Մատչելիության հղումներ

logo-print

«Ամարաստ»-ի հիմնադրիները վստահ են, որ բարձր տեխնոլոգիաները մեծ ապագա ունեն Հայաստանում:




Հայկական «Սիլիկոնային հովտում» ավելացավ եւս մի բարձր տեխնոլոգիական ընկերություն, որն արտադրելու է չիփեր: Նորաստեղծ «Ամարաստ» ընկերության հիմնադրման լուրը հրապարակեց «Լեդա Սիստեմս» ընկերության նախագահ, ամերիկահայ Վահրամ Մուրադյանը:

Ընկերությունը հիմնադրվել է երեք գործարարների ներդրած շուրջ 11 միլիոն դոլլար կապիտալով: Ներդրողներից երկուսը հայտնի են՝ Վահրամ Մուրադյան եւ Խաչատուր Սուքիասյան, իսկ երրորդը, որն ամերիկացի է, գերադասում է չհրապարակել իր անունը: «Ազատություն» ռադիոկայանին տված հատուկ հարցազրույցում «Ամարաստ»-ի հիմնադիրներից մեկը հայտնեց, որ նորաստեղծ ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել ագիկ Արզումանյանը, որը մի քանի օր առաջ հրաժարական է տվել ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից. բացառիկ երեւույթ հայ իրականության մեջ՝ թե' կամավոր հրաժարականի առումով եւ թե' այն առումով, որ բարձրաստիճան պաշտոնյան գերադասում է անցնել մասնավոր հատված, քանի որ այնտեղ վճարումը շատ ավելի բարձր է:

«Ամարաստ» ընկերությունը գրանցվել է Ամերիկայում: Հայկական մասնաճյուղը պաշտոնապես կգրանցվի մեկ շաբաթ հետո: Այն արտադրելու է հեռահաղորդակացության ոլորտի սարքավորումներում օգտագործվող չիփեր, որոնք, ինչպես հայտնեց Վահրամ Մուրադյանը, տասնյակ միլիարդավոր դոլար տարողունակությամբ շուկա ունեն: «Լեդա Սիստեմս» ամերիկյան ընկերության մասնաճյուղը հայաստանյան «հայթեք»-ի (բարձր տեխնոլոգիաների) առաջատար ընկերույթուններից է: Հայկական «Լեդա»-ն 100 աշխատող ունի, աշխատավարձը բավական բարձր է՝ 700֊800 դոլար:

Մայր ընկերությունը՝ «Լեդա Սիստեմս»-ը հայտնի է Միացյալ Նահանգներում եւ համագործակցում ու գործարար կապերի մեջ է ամերիկյան բազմաթիվ հանրահայտ ընկերությունների հետ: Դրանցից մեկը՝ «Սան Մայկրոսիստեմս»-ը, «Մայքրոսովթ» հանրահայտ ընկերության զորեղ մրցակիցներից է:

«Լեդա Սիստեմս»-ն իր ընդարձակումը Հայաստանում չի սահմանափակում միայն «Ամարաստ»-ով: Ինչպես պատմեց ընկերության նախագահ Վահրամ Մուրադյանը, Երեւանի ճարտարագիտական ինստիտուտի եւ «Լեդա»-յի միջեւ ստորագրվել է պայմանագիր, եւ համալսարանում նոր ամբիոն է բացվելու: Համալսարանի ռեկտոր Յուրի Սարգսյանի խոսքերով, ամբիոնում պատրաստվելու են ծրագրավորողներ եւ նախագծողներ՝ «Լեդա սիստեմս»-ում աշխատելու համար. «Երկրորդ կուրսից ընտրվելու են 30 շնորհալի ուսանողներ, որոնք խիստ մասնագիտացված ծրագրով պետք է այս տարածքում՝ լավագույն տեղեկատվական ենթակառուցվածքի պայմաններում, ձեւավորվեն որպես բարձրակարգ մասնագետներ»:

Խաչատուր Սուքիասյանը վստահ է, որ «Ամարաստ»-ի ստեղծումը, ինչպես նաեւ «Լեդա սիստեմս»-ի մյուս նախաձեռնությունները Հայաստանում հաջողություն են ունենալու: Ըստ Սուքիասյանի, Վահրամ Մուրադյանը շատ մեծ փորձառություն եւ գիտելիքներ ունի ամերիկյան բարձր տեխնոլոգիաների բնագավառում: «Միմյաց շատ լավ ենք ճանաչում եւ շատ արագ ենք իրար հասկանում: Ես դա շատ եմ կարեւորում, որովհետեւ բիզնեսի մեջ դա կարեւոր ձեռքբերումներից մեկն է», - ասաց Խաչատուր Սուքիասյանը:

Այժմ չիփերի եւ կիսահաղորդչային արտադրության մեջ հարաբերական ճգնաժամ է տիրում: Բայց, ինչպես հավատացնում է Վահրամ Մուրադյանը, այս ճգնաժամը այնքան էլ վատ չէ «Ամարաստ»-ի համար, քանի որ ընկերությունը կմասնակցի մոտ ժամանակներում ակնկալվող տնտեսական վերելքին: «Ամարաստ»-ը արտադրելու է հեռահաղորդակցության ոլորտում օգտագործվող չիփեր, եւ ունենալու է խոշոր սպառողներ: «Մեր չիփերի վերջնական սպառողներից է լինելու, օրինակ, չինական «Չայնատելեկոմ» ընկերությունը», - ասաց Վահրամ Մուրադյանը:

Նյու Յորքում այս տարվա մայիսին կայացած գործարար խորհրդաժողովում, որտեղ, ի դեպ, իրենց աշխատանքը փայլուն կերպով ներկայացրին հայաստանյան «հայթեք»-ի առաջատարները՝ «Լեդա Սիստեմս»ը, «Մշակ»-ը եւ մյուսները: Հնդկաստանցի մի գործարար, որը մասնագիտանում է ծրագրավորման բնագավառում, ասաց, թե Հայաստանը շատ բարձր ներուժ ունի բարձր տեխնոլոգիաների բնագավառում, բայց հարցն այն է, որ արտասահմանում դեռեւս չգիտեն այդ մասին: Հայաստանը պետք է ներկայացնի իր այդ կարողությունները դրսի աշխարհին, ասաց հնդկաստանցի գործարարը:

Ամեն ինչ կա, բայց մի հարց, այնուհանդերձ, չի լուծվել: Տեղեկատվական տեխնոլոգիաների այսքան բարձր ներուժ ունեցող երկիրը, սակայն, ամենաանբարենպաստ ինտերնետային հնարավորույթուններն ունի: Իսկ պատճառը «ԱրմենՏել»-ի շարունակվող մենաշնորհն է: Մեր զրուցակիցները նույնպես ընդունեցին, որ դա լուրջ խոչընդոտ է բնագավառի զարգացման ճանապարհին:


Հրայր Թամրազյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG