Մատչելիության հղումներ

Փոփոխություններ կառավարության կազմում




Նախագահ Քոչարյանն այսօր ստորագրեց կառավարության կազմում ակնկալված փոփոխություններին վերաբերող հրամանագրերը: Պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը կզբացեղնի տրանսպորտի ու կապի նախարար Երվանդ Զախարյանի տեղը, իսկ վերջինս՝ պետեկամուտների նախարարի պաշտոնը:

Իր այսօրվա նիստում Հայաստանի կառավարությունը որոշեց պետական եկամուտների նախարարության կազմից առանձնացնել մաքսային վարչությունը ու վերջինիս կառավարությանն առնթեր մաքսային կոմիտեի կարգավիճակ շնորհել։ Պետեկամուտների նախարարությանը հանձնարարվեց 10-նօրյա ժամկետում ներկայացնել նորաստեղծ կոմիտեի կանոնադրությունը եւ կենտրոնական ապարատի կառուցվածքը։

Սա նշանակում է, որ այս ծառայությունն անցնում է վարչապետի անմիջական վերահսկողության տակ։ Պետեկամուտների նախարարությունը մնում է նախագահի ազդեցության տիրույթում։ Ամենայն հավանականությամբ, այս լուծումը պետեկամուտների նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի հարցի շուրջ նախագահի ու վարչապետի միջեւ փոխզիջման արդյունք է։

Ըստ խորհրդարանական մեծամասնության ղեկավար, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած՝ հանրապետական կուսակցության խորհրդի անդամ ալուստ Սահակյանի, կադրային հարցերում կուսակցության «խորհուրդը լիովին լիազորություններ է տվել, որ վարչապետը կարողանա ինքնուրույն գործել»:

ալուստ Սահակյանն ասաց, որ իրենք այս տեղաշարժերը չեն ուզում կուսակցականացնել, այլ «փորձում ենք ինչ֊որ ձեւով մինչեւ մեծ համակարգային փոփոխությունները բարենորոգել նաեւ ղեկավարման պրոցեսը»:

Անդրանիկ Մանուկյանի վերաբերյալ, որը նույնպես հանրապետական կուսակցության անդամ է, ալուստ Սահակյանը ասաց. «Չեմ կարծում, որ պիտի խոսակցություններ գնան նրա աշխատանքային կարողությունների մասին: Դրանք մեզ լիովին բավարարում են»:

ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ եւ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը, պատասխանելով կառավարության փոփոխությունների տրամաբանությանը վերաբերող հարցին, ասաց. «Ես այստեղ տրամաբանություն չեմ տեսնում»:

Նկատենք, որ որեւէ նախարարությունից նրա առանձին ստորաբաժանման անջատումը եւ այն անմիջականորեն վարչապետին ենթարկեցումը ունի իր ոչ վաղ նախադեպը, երբ գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարությունների կազմերից հանվեցին ջրային տնտեսությանն առնչվող ստորաբաժանումները ու դրանց հիման վրա ստեղծվեց կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեն։

Իսկ մաքսային եւ հարկային առանձին գերատեսչությունները մեկ նախարարության մեջ միավորվել էին 1999 թվականին՝ վարչապետ Վազգեն Սարգսյանի օրոք:


Ատոմ Մարգարյան եւ Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG