Մատչելիության հղումներ

Առաջիկա աշնանը նախագահ Քոչարյանը պաշտոնական այցով կմեկնի Իրան


Ըստ Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, այս տարի աշնանը նախատեսվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Իրան:

Հուլիսի 3-5-ը Թեհրանում է եղել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը եւ Իրանում ՀՀ դեսպան եղամ Ղարիբջանյանը: Եռօրյա այցի ընթացքում հայաստանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական հանրապետոթւյան նախագահ Մոհամմադ Խաթամիի, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ռոհանիի, այլ բարձրաստիճան պաշտոնատարների հետ:

Մոհամմադ Խաթամին վստահություն է հայտնել, որ Հայաստանի նախագահի առաջիկա այցը լուրջ խթան կհաղորդի եւ որակական նոր մակարդակի կբարձրացնի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունները, կնպաստի միջազգային կառույցներում երկու երկրների արդյունավետ համագործակցությանը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը ողջունել է Իրանի հավասարակշիռ դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, մեծ նշանակություն է տվել Իրան -Հայաստան համագործակցությանը՝ տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում:

«Հանդիպումների ընթացքում խոսվել է նաեւ Հյուսիս - Հարավ առանցքի ձեւավորման գործում Իրանի դերի եւ այդ գործընթացներում Հայաստանի պարտադիր ներգրավման մասին», - ասված է հաղորդագրությունում:

Ի թիվս քաղաքական ու տնտեսական այլ խնդիրների, քննարկվել են նաեւ էներգետիկայի, հաղորդակցության ոլորտի մի շարք համատեղ ծրագրեր՝ կարեւորելով Իրան-Հայաստան գազատարի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի եւ Քաջարանի թունելի կառուցումը:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG