Մատչելիության հղումներ

Փոխնախարարը չի պատրաստվում հրաժարական տալ


«Խնդրում եմ այս հարաբերությունները չդիտարկել որպես կոմունիստի եւ ԱԺՄ-ականի հարաբերություն: Սա բացարձակապես քաղաքական հիմք չունի, քանի որ, իմ կարծիքով, Դավիթ Վարդանյանը վաղուց արդեն քաղաքական գործիչ չէ», - նկատի ունենալով իր եւ իր նախարարի հարաբերությունները, այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց պետական գույքի կառավարման փոխնախարար Վանյա Մխիթարյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ օրերս նախարարության աշխատակազմի ղեկավարը իրեն առաջարկել է աշխատանքից ազատվելու մասին դիմում գրել վարչապետին: Վանյա Մխիթարյանը, սակայն, չի գրել եւ չի գրելու: Նրա խոսքերով, նախարար Դավիթ Վարդանյանը դժվար թե իրեն աշխատանքից ազատելու համարձակություն ունենար, եւ, ինքը կարծում է, որ վարչապետը տեղյակ է, քանի որ հենց վերջինս է նշանակում եւ ազատում փոխնախարարներին:

Կոմունիստ փոխնախարարը զբաղվում է ընդերքի, բնական ռեսուրսների, այսինքն՝ պետական ունեցվածքի տնօրինման հարցերով: Նրա կարծիքով, իրեն փորձում են աշխատանքից ազատել, որովհետեւ ինքը պայքարում է բնական ռեսուրսների թալանի դեմ: Մայիս ամսին նա այդ հարցերով ասուլիս էր հրավիրել, պատրաստվում էր սեպտեմբերին նոր տվյալներ հրապարակել: Սակայն, քանի որ պաշտոնանկ լինելու վտանգ կա, ասուլիսն այսօր է անցկացնում:

Փոխնախարարի խոսքերով Հայաստանի բնական ռեսուրսները՝ ընդերքը, անտառները, Սեւանի ջրի եւ ձկան պաշարները անխնա թալանվում են, եւ դա կատարվում է իշխանությունների հովանավորությամբ: Սեւանի առնչությամբ նա այսպիսի տվյալներ հրապարակեց. 2000 թվականին կառավարության որոշմամբ Սեւանից բաց էր թողնվելու 190 միլիոն խորանարդ մետր ջուր: Իսկ կառավարությանն առընթեր ջրային ռեսուրսերի կոմիտեի տեղեկանքով, նույն թվականին Արփա-Սեւան թունելով Սեւան է մղվել 311 միլիոն խորանարդ մետր ջուր: Ուրեմն, նրա հաշվարկներով, լճի մակարդակը պետք է 10 սանտիմետրով բարձրանար, այլ ոչ թե իջներ: Ըստ Վանյա Մխիթարյանի, ստացվում է, որ միայն 2000 թվականին Սեւանից ապօրինաբար բաց է թողնվել 700-800 միլիոն խորանարդ մետր ջուր:

Վանյա Մխիթարյանի՝ ընթացիկ տարվա մայիսյան ասուլիսից հետո մամուլում հրապարակվեցին այդ ոլորտում անցկացված նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրությունները, կառավարությունում խորհրդակցություն անցկացվեց: Այս օրերին եւ մինչեւ ամսվա վերջը արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանը, տեղում իրավիճակը պարզելու նպատակով, այցելում է մարզերը: Նա առայժմ եղել է միայն Արմավիրի եւ Լոռու մարզերում, ուր բնական ռեսուրսներն ապօրինի կերպով շահագործող 20 ընկերություն է հայտնաբերվել: Ապօրինի արդյունահանումը դադարեցված է, որոշվելու է վնասի չափը՝ գործին մասնակից դարձնելով դախազությանը:

«Պարոն Զադոյանի դեգերումները, ընդհանրապես այս հարցի շուրջ կայացած որոշումները պետք է գնահատել որպես թույլ եւ անհաջող փորձ: Բերված չարաշահումներին երկրի բարձրաստիճան ղեկավարության մասնակցությունը քողարկելու համար փնտրում են սլաքավարների», - ասաց փոխնախարարը: - «Եկեք մեզ միամիտի տեղ չդնենք եւ չկարծենք թե հանրապետության նախագահը, վարչապետը տեղյակ չեն այս ամենից»:

Վանյա Մխիթարյանը այնքան էլ լավատես չէ, թե բնական ռեսուրսների ոլորտում անցկացվող ստուգումները ռեալ արդյունք կտան: Նրա հաշվարկներով, բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը ամեն տարի 50 միլիոն դոլարից ավելի ապօրինի եկամուտ է ապահովում: «Ես չեմ կարծում, թե կմորթեն այն հավին, որը ոսկե ձվեր է ածում»,-ասաց Վանյա Մխիթարյանը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG