Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ» թերթը այսօր կրկին շեշտել է, որ «հանրապետության ներքաղաքական կյանքի վերջին իրադարձությունները վերլուծելիս աչքի է զարնում մի ակնհայտ ու խիստ մտահոգիչ իրողություն. իշխանությունների եւ նրանց աջակցող քաղաքական ուժերի պահվածքն ու քայլերը բնավ համարժեք չեն առկա իրավիճակին, զարգացման միտումներին եւ հնարավոր հետեւանքներին», իսկ դա էլ վտանգում է պետության ու ժողովրդի ապագան: «Հայոց Աշխարհ»-ը մատնանշում է մեկ պատճառ. «Չկա քաղաքական միասնական թիմ, բացակայում են ծրագրեր եւ առաջադրվող նպատակների իրականացման մեխանիզմներ... Իսկ քաղաքական տեղապտույտը անխուսափելիորեն տեղապտույտ է առաջացնում անխտիր՝ բոլոր ասպարեզներում», այդ թվում՝ անկապ տեղաշարժեր կադրային դաշտում: «Իշխանություններն ու նրանց աջակցող ուժերը... սոցիալական լարվածությունը փարատելու եւ ժողովրդի մեջ հույս ու վստահություն առաջ բերելու փոխարեն, իրենց գործելակերպով ուղղակի շոկի մեջ են գցում մարդկանց՝ լավատեսին դարձնում հոռետես», - արձանագրում է «Հայոց Աշխարհ»-ը:

«Ակնհայտ է, որ Հայաստանում նախարարություններ են ստեղծվում կամ լուծարվում ոչ թե գործնական նպատակահարմարությունից, այլ զուտ անձնական շարժառիթներով», - կադրային փոփոխությունների ներկայիս շարժի առիթով հաստատագրում է «Իրավունք»-ի մեկնաբանը: Միեւնույն ժամանակ. ճամպրուկային տրամադրությունների մթնոլորտը հարվածում է ողջ գործադիր համակարգի աշխատանքին, մեծ լարումներ առաջ բերում իշխանության բուրգում, «ինչն էլ ընդդիմության ներկայիս ակտիվացման այմաններում կարող է հանգեցնել իշխանության ժամանակավոր թուլացմանը»:

րող, պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը «Առավոտ»-ի հարցազրույցում ասում է. - «Մի կողմից՝ նախագահը կարծես թե ստատուս-քվոյի պահպանմամբ է մտահոգ, չի ուզում կարծես թե շատ միջամտել, մյուս կողմից էլ՝ կյանքը ցույց է տալիս, որ ստատուս-քվոյի պահպանումը, եթե ինչ-որ պահերի դրական իմաստ ուներ իր մեջ, շատ հարցերում էլ ինքնանպատակ է եւ նաեւ վտանգ է ներկայացնում։ Սարսափելի ոչինչ չկա, եթե ընդունենք այն, ինչ կա. ոչ մի կուսակցություն այսօր մեծամասնություն չի կարող լինել...Այս վիճակից է պետք մեկնարկել եւ ոչ թե՝ հանուն մեծամասնություն ունենալու արհեստական հավաքականություններ ստեղծենք»։

«Ես հաստատ գիտեմ, որ մարդիկ այսօր վախենում են ժողովրդավար երեւալուց», - կիսվում է Ռուբեն Հովսեփյանը: - «Ես ինքս իմ հոգու մեջ շատ ժողովրդավար եմ, բայց պիտի պայմաններ լինեն քո ժողովրդավարության բոլոր դրսեւորումների համար։ Եվ նման հարցերում մենք շատ էլ չպետք է լսենք Եվրախորհրդին... Ես համոզված եմ, որ նրանց հետ մարդավարի խոսելու, հիմնավորելու դեպքում կարելի է հասկացնել, որ մեր երկրում ժողովրդավարության այս կամ այն դրույթի վաղաժամ կիրառումը վնասակար է հենց առաջին հերթին ժողովրդավարության արմատավորմանը»։ րողի հայացքով, մասնավորապես, «մենք այն երկրում չենք ապրում, այն հասարակության մեջ չենք ապրում, որտեղ մահապատժի սպառնալիքը օգտակար չլինի»։

«Հայոց Աշխարհ» թերթն էլ շարունակում է ներկայացնել խորհրդարանական ուժերի տեսակետները մահապատժի վերացման առնչությամբ, եւ նրանք բոլորը համակարծիք են՝ «Հոկտեմբերի 27»-ն այնպիսի բացառիկ ոճրագործություն է, որ մահապատիժ անպայման պիտի կիրառվի: «Եթե եվրոպական ստանդարտների կիրառումը միանգամայն բնական է ընկալվում, ասենք, բարեկեցիկ Դանիայում կամ Հոլանդիայում, ապա կոմունիստաասիական բարքերից ոչ մի կերպ չձերբազատվող Հայաստանում դա, մեղմ ասած, վաղաժամ է թվում», - գրում է «Իրավունք»-ի մեկնաբանը: - «Զարմանք է հարուցում ՀՀ նախագահի անզգուշությունը տվյալ խնդրի նկատմամբ, որը կարծես մտադրվել է նորանոր հաղթաթղթեր տրամադրել «Հոկտեմբերի 27»-ի գործով իր հանդեպ անբարյացակամ տրամադրված քաղաքական ուժերին»:

«Մութ անկյուններ թողնել պետք չէ, այլապես իշխանությունները ՀԺԿ-ին կարծես ստիպում են գնալ դեպի ընդդիմություն», - «Երկիր»-ի հարցազրույցում ասում է այդ կուսակցության քարտուղար, պատգամավոր րիգոր Հարությունյանը: - «Ղարաբաղի հարցում, ասում են՝ բանակցային գաղտնիությունը պետք է պահել, բայց պարզվում է՝ հարեւան հանրապետության նախագահը կարող է ինչ-որ բաներ ասել... Քերի Քավանոն հայտարարում է, թե հասարակությունը պատրաստ չէ առաջարկությունները ընդունելուն, այս պատճառով ժնեւյան հանդիպումը հետաձգվեց: Հարց է առաջանում՝ հասարակությունը ինչի՞ն չի պատրաստ, եւ ի՞նչ առաջարկությունների մասին է խոսքը, արդյո՞ք, դրանք հանրապետության նախագահը չպիտի ներկայացնի հասարակությանը: Նախագահ Քոչարյանը «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված ասում է՝ «ես հետո կխոսեմ»: Ինչո՞ւ հետո, եւ ոչ այսօր... Կրակը նոր սկսած ժամանակ են մարում»: րիգոր Հարությունյանը հարցազրուցում շատ կտրուկ հերքում է ՀԺԿ - ՀՀՇ կապը. - «Դա վարկաբեկելու կեղտոտ տակտիկա է... Ինչո՞ւ եք կարծում, որ ՀԺԿ-ն այնքան միամիտ է, որ այսօր կարող է համագործակցել այնպիսի քաղաքական ուժի հետ, որին ժողովուրդը չի ընդունում: Մենք չենք համագործակցելու եւ չենք համագործակցում, թող դա իրենց մտքներից հանեն»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ «Իրավունք»-ում է հավաստիացնում, թե իրենք ՀՀՇ-ի հետ բացարձակ կապ չունեն, բայց՝ «իմ կյանքն է եղել համընդհանուր հանդուրժողականության դաշտ ստեղծելն ու միասնական ուժերով սեղանի շուրջ կարծիքներ փոխանակելով ընդհանուր հայտարարի գալը, եւ ոչ թե համապատասխան կուսակցական մոտեցումներից ելնելով՝ սեփական թերթերում «քլնգելու» գործընթաց սկսելը»: Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը, Արամ Սարգսյանը առանձնացնում է. - «Տարածքները, որոնք ազատագրվել են, գին ունեն: Հետեւապես, ամեն զիջում իր գինը պիտի ունենա: Փոխզիջում ասվածը լուրջ առեւտրի խնդիր է: Մեր ազատագրված տարածքների յուրաքանչյուր թզի համար, այո', առեւտուր պիտի անենք»:

Հիմնվելով գլխավորապես ադրբեջանական աղբյուրների վրա, «Ազգ»-ի մեկնաբանն այսօր ուրվագծել է, թե ինչ դաշտում էր փարիզյան հանդիպումից սկսած ընթանում այդ առեւտուրը: «Համաձայն նախնական պայմանավորվածության, ԼՂ-ին տրվելու էին անկախ պետությունը բնորոշող բոլոր ատրիբուտները, փոխարենը հայկական կողմը համաձայնել էր հեռանալ զբաղեցրած յոթ շրջաններից վեցից, ինչպես նաեւ Ադրբեջանին էր տրվելու Շուշին: Լաչինի միջանցքի դիմաց Հայաստանը պատրաստ էր Ադրբեջանին Մեղրիի տարածքով ճանապարհ տալ դեպի Նախիջեւան», - փոխամցում է մեկնաբանը: - «Քիուեսթյան բանակցություններում Բաքուն սկսեց հրաժարվել փարիզյան սկզբունքներից եւ պահանջեց Լաչինը, փոխարենը համաձայնելով Հայաստան - ԼՂ կապն ապահովել Քելբաջարով: Բացի այդ, Ալիեւը Շուշիի հետ պահանջեց շրջակա մի շարք բնակավայրերը»: Բանակցային միտքը մնում է այսօրինակ փոխանակությունների շրջանակում: Մեկնաբանի հայացքով, հատկապես՝ «Շուշին ադրբեջանցիներին վերադարձնելու խոսակցությունը Երեւանին ճնշելու միջոց է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG