Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները մոտ են վերամիավորմանը


Նախկինում կառավարող ՀՀՇ-ն (Հայոց համազգային շարժում) ու դրանից անջատված մի շարք ավելի փոքր կուսակցություններ ու հասարակական կազմակերպությունները քննարկում են վերամիավորման խնդիրը՝ ներկայիս իշխանություններին ընդդիմանալու նպատակով: Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հավատարիմ մնացած աջակողմյան այդ ուժերի ներկայացուցիչները ներկայումս բանակցում են մեկ կուսակցության մեջ միավորվելու հնարավորությունները:

Խոսքն, առաջին հերթին, հավելումն ՀՀՇ-ի, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցության, ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանի «21-րդ դար», ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի ղեկավարած «Արմատ» հասարակական կազմակերպության մասին է:

«Ազատություն» ռադիոկայանին այսօր տված հարցազրույցում Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը չհերքեց, որ աջ ուժերի մեջ առկա են որոշակի գործընթացներ, կան մշտական շփումներ: Իսկ թե նոր միության ստեղծման ուղղությամբ «բանակցությունները գործնական կամ ձեւական ինչ արդյունքներ կտան, երեւի այդ մասին դեռ վաղ է խոսելը», - ասաց Արա Սահակյանը:

ՀՀՇ-ին մոտ կանգնած այլ աղբյուրներ ասում են, որ ենթադրաբար «Միացյալ ազատական կուսակցություն» անվանվելիք նոր քաղաքական կազմակերպության ստեղծումը գրեթե որոշված հարց է: Նրանք չեն բացառում, որ Հայաստանի նախկին նախագահը կարող է ակտիվորեն մասնակցել կուսակցության գործունեությանը, որը, ըստ նրանց, մասնակցելու է 2003 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ազատ շուկայական ծրագրով

Լեւոն Տեր-Պետրոսյանը գրեթե հեռացել էր ակտիվ քաղաքական գործունեությունից իր հարկադրված հրաժարականից հետո 1998 թվականի փետրվարին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG