Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանական սպառնալիքները չեն վախեցնում ղարաբաղցիներին


Աղդամի մոտ գտնվող ղարաբաղյան բանակի ստորաբաժանման շտաբում ինչպես միշտ աշխուժություն է տիրում: Անխնա արեւից պաշտպանող հովհարի տակ նստած տանկային այս գնդի սպաները զրուցում են իրենց առօրյա խնդիրներից: Զրույցի հանգիստ ընթացքը չի խախտվում, երբ նրանց հիշեցնում են վերջերս հնչած Ղարաբաղի ու շրջակա տարածքների նկատմամբ իր վերահսկողությունը վերահաստատելու Ադրբեջանի սպառնալիքների մասին:

Մարտերի բովով անցած զինվորականները վստահ են, որ այդտեղից մոտ 20 կիլոմետր դեպի արեւելք դիրքեր գրաված ադրբեջանական բանակը առաջվա պես չունի այն ռազմական ու բարոյական ուժը, որպեսզի կարողանա վրեժխնդիր լինել 7 տարի առաջ կրած ստորացուցիչ պարտության համար: «Նրանք հիմա պարզապես ի վիճակի չեն», - ասում է բեղավոր մի մայոր, գլխի շարժումով ցույց տալով ադրբեջնական դիրքերի կողմը: 1993 թվականի հուլիսին իրենց տանկերով Աղդամի փողոցները մտած մայորն ու իր ընկերները Բաքվում պատերազմի մասին խոսակցություններն ընկալում են ընդամենը իբրեւ Ադրբեջանի հերթական հնարք: Այդպես է ընկալում այդ սպառնալիքները նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը:

Նախագահ Հեյդար Ալիեւը եւ ադրբեջանական մյուս ղեկավարները, որոնց ընդդիմադիրները մեղադրում են Ղարաբաղ կորստյան հետ հաշտվելու համար, գնալով ավելի ու ավելի հաճախ են նախազգուշացնում, թե խաղաղ բանակցությունների տապալման դեպքում իրենց դիմելու են ռազմական եղանակով հարցի լուծմանը: Հունիսի 26-ի իր ելույթում Ալիեւն ասել էր, թե իր զորամիավորումները «ունակ են ազատագրելու ադրբեջանական զավթված տարածքները եւ վերականգնելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Այս հայտարարությունները հնչեցին հենց այն ժամանակ, երբ ադրբեջանական ընդդիմադիր կուսակցությունները, հասարակական կազմակերպություններն ու փորձագետները կոչում են լրջորեն նախապատրաստվել Հայաստանի հետ նոր պատերազմի: Նրանք պնդում են, թե միջազգային միջնորդների կողմից արված խաղաղ առաջարկները չեն նախատեսում ադրբեջանական իշխանության վերականգնումը Ղարաբաղում, եւ Բաքուն պետք է ավելի մեծ զիջումներ պոկի՝ պատերազմը վերսկսելու սպառնալիքների կամ պատերազմական գործողությունները վերսկսելու միջոցով: Այդ նպատակով հարկավոր է հիմնավորապես ուժեղացնել զինված ուժերը:

Պաշտոնատարները Երեւանում եւ հատկապես Ստեփանակերտում լուրջ չեն վերաբերվում Բաքվի պատերազմական հռետորաբանությանը: Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար, գերենալ Սեյրան Օհանյանը անցած շաբաթվա վերջին Ղարաբաղի պետական հեռուստաընկերության եթերում նախազգուշացրեց ադրբեջանցիներին, որ չդիմեն ռազմական տարբերակին, ասելով, որ Հայաստանի կողմից սատարվող Ղարաբաղի զինված ուժերը պատրաստ են նման զարգացումներին:

«Ինչպիսի նպատակներ էլ իրենք ունենան, հարցի լուծման ինչպիսի տարբերակներ իրենք առաջ քաշեն, մենք պետք է պատրաստ լինենք այդ ամենին», - ասաց նա: - «Կարող եմ ասել, որ այսօրվա մեր զինուժում ձեւավորված պաշտպանի ոգին այնքան բարձր է, մեր ռազմական տեխնիկան այնքան պատրաստ է, եւ մենք այնքան ենք նվիրված եղել մեր այս գործին, որ պատրաստ ենք ժողովրդի հետ միասին ցանկացած սադրանք ետ մղել»:

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը Բաքվի սպառնալիքներն անվանում է «շանտաժ», որն օգտագործվում է այն որպես սակարկության միջոց ԵԱՀԿ միջնորդությամբ անցկացվող առաջիկա բանակցություններում: «Չեմ կարծում, թե Ադրբեջանը պատրաստ է պատերազմի», - ասել է Ղուկասյանը այս շաբաթվա սկզբին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: - «Նրանք քաջատեղյակ են մեր բանակի մասին, եւ գիտեն, որ կարող ենք ավելի շատ հողեր կորցնել»:

«Ադրբեջանը պարզապես անկարող է հիմնախնդիրը լուծել ռազմի դաշտում», - ասաց Լեռնային Ղարավաղի նախագահը:

Զինվորականների խոսքերով, բացառությամբ հազվադեպ փոխհրաձգության, իրավիճակը շփման գծի երկայնքով խաղաղ է: Առայժմ ադրբեջանական կողմում ստորաբաժանումների շոշափելի տեղաշարժեր չեն նկատվել:

Պատերազմի վերսկսումը հավանական չէ ներկայումս, երբ, հակամարտող կողմերի իսկ հայտարարությունների համաձայն, տարեսկզբից ի վեր խաղաղ բանակցություններում առաջընթաց կա: Առաջիկա շաբաթվա ընթացքում այցով տարածաշրջան ժամանող ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի բանագնացները դեռեւս հույս են հայտնում, որ խաղաղ համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչեւ տարեվերջ:

Խաղաղ գործընթացի ձախողումը կասկածի տակ կառնի 1991-1994 թվականների պատերազմից հետո հաստատված փխրուն խաղաղությունը: Պատերազմական տարիները տարան 20 հազար մարդկային կյանք եւ տեղահանեցին հարյուր հազարավորների:

Բանակցություններին զուգահեռ երկու կողմերն էլ կանոնավոր կերպով զորավարժություններ են անցկացնում՝ իրենց զինված ուժերի մարտական պատրաստությունը բարձրացնելու նպատակով: Այս տարվա ապրիլին Ղարաբաղի կառավարությունը անցկացրեց բոլոր պահեստայինների մեկօրյա զորակոչ: Ադրբեջանի եւ Ղարաբաղի մարդկային ռեսուրսների հսկայական տարբերությունը փոխհատուցվում է ղարաբաղցի տղամարդկանց մարտական փորձով եւ Հայաստանի ռազմական աջակցությամբ:

Հաշվի առնելով, որ այժմ երկու բանակներն էլ ավելի լավ են սպառազինված ու վարժված, նոր պատերազմը կարող է ավելի արյունոտ լինել: Այն կարող է վտանգել նաեւ Արեւմուտքի միջազգային կորպորացիաների կողմից Ադրբեջանի նավթային ոլորտում ներդրված միլիարդավոր դոլարները: Սա է հիմնական պատճառներից մեկը, որ ԱՄՆ-ին շահագրգռում է առաջ մղել խաղաղ գործընթացը:

Նավթը, թերեւս, առավել քիչ է զբաղեցնում Ստեփանակերտի ռազմակայանում իրենց հազվադեպ ազատ ժամերին ֆուտբոլ խաղացող երիտասարդ զինվորներին: Մարդակերտցի 19-ամյա նորակոչիկ Սամվելը հիշում է առաջին պատերազմը, երբ ծնողների հետ միասին փախել էր հայրենի Հաթերք գյուղից՝ 1992 թվականի ամռանը ադրբեջանցիների կողմից գյուղը զավթելուց ու թալանելուց ընդամենը մի քանի ժամ առաջ: Հաթերքն ազատագրվեց ութ ամիս հետո՝ սկիզբ դնելով 1993-ի հայկական հաղթարշավին:

«Եթե հարձակում լինի մենք իրենցից ավելի ուժեղ կկռվենք: Վստահ եմ», - ասում է նա: - «Ավելի ուժեղ կռիվ կանենք: Բաքու-բան ամբողջը կվերցնենք; Կարող ենք ամբողջը քշել-տանել ու լցնել իրենց ծովերը»:

35-ամյա վետերան Ռոմանը պակաս ագրեսիվ է, սակայն՝ նույնքան ինքնավստահ. - «Նորից պատրաստ ենք ամեն ինչի: Թող իրենք հույս չունենան, որ կկարողանան հաղթել: Նորից մենք կհաղթենք»:


Էմիլ Դանիելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG