Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Այդպես էլ չի ստացվում հավուր պատշաճի տոնել այն սահմանադրության ընդունումը, որն ընդունվելուց հետո շարունակ քննադատվում է քաղաքական ուժերի կողմից», - արձանագրում է «ժամանակ» թերթը, նաեւ շեշտադրելով՝ չնայած գործող սահմանադրության բոլոր թերություններին, «անցած մի քանի տարիները ցույց տվեցին, որ այն գործնականում որեւէ կարեւոր հարցում չի խոչընդոտում երկրի բնականոն ընթացքը»: Իսկ առաջիկայի համար «Ժամանակ»-ում կարեւորվում է, որ «անհրաժեշտ է քննարկումների այնպիսի մթնոլորտ ապահովել, որի ընթացքում ծնված երկրի հիմնական օրենքը իսկապես լինի անխոցելի, եւ Սահմանադրության օրը նշելը ազգային հպարտություն դառնա»:

«Հայոց Աշխարհ»-ի անդրադարձի վերնագիրն էլ նման փաստագրմամբ է. «Սահմանադրության օրը այդպես էլ տոն չդարձավ»: «Անվերջ բանավեճերը՝ լա՞վն է, թե՞ վատը գործող Սահմանադրությունը եւ որքանո՞վ են հիմնավորված վերջինիս բարեփոխմանը կամ նոր Սահմանադրության ստեղծմանն ուղղված առաջարկները, գնալով ավելի ու ավելի են զրկվում իրական բովանդակությունից՝ վերածվելով ներքաղաքական պայքարում այս կամ այն ուժի քաղաքական նպատակները սպասարկող հերթապահ ֆրազների», - գրում է մեկնաբանը: - «Պատճառն այն է, որ մեզանում պետությունը, նրա ինստիտուտները, օրենքները եւ հասարակության ռեալ իրավական գիտակցությունը շարունակում են զարգանալ միմյանցից առանձին»:

«Մեր պայմաններում, երբ իրավական նիհիլիզմը սնվում է ավանդական-սովորութային բնույթի նորմերից, լավ կամ վատ Սահմանադրություն հակաթեզը երկրորդական նշանակություն ունի՝ Սահմանադրությամբ ապրելու հրամայականի համեմատությամբ», - ընդգծված է «Հայոց Աշխարհ»-ում: «Հայկական ժամանակ» թերթն էլ հավաստիացնում է, որ «եթե մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ապահովենք Սահմանադրության՝ մեջ բերված դրույթների իրագործումը, ապա կարճ ժամանակում կունենանք իսկապես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն»: «Մենք ընդամենը պետք է կարողանանք ենթարկվել մեր իսկ սահմանած խաղի կանոններին» եւ «հետեւողական լինել՝ մեր պատկերացումները կյանքի կոչելու համար»:

«Ինչո՞ւ Հայաստանի անկախության 10-րդ տարում հնարավոր դարձավ վերադառնալ համայնավարական խորհրդանիշներին» հարցը դնելով, «Առավոտ»-ի մեկնաբանը պատճառ է տեսնում այն ուժերին ու գործիչներին, «ովքեր անցած 10 տարիներին տեղի ունեցածի միայն վատն ընդգծելով, մերժելով, անտեսելով ձեռքբերումները կամ էլ, լավագույն դեպքում, դրանք համարելով ի հեճուկս իշխանությունների նվաճումներ, փաստորեն ատելություն են սերմանում Հայաստանի անկախության եւ այն ամենի նկատմամբ, ինչ այս կամ այն կերպ առնչվում է դրան»։ Այս ընթացքը՝ քաղաքական առճակատման սրմամբ, Հայաստանի նաեւ այսօրն է: «Առավոտ»-ի պատկերմամբ, «առանձին ուժեր եւ իշխանական քարոզչամիջոցներ ակնհայտորեն ջանք չեն խնայում հնարավորինս «սուր» եւ հեգնանքով անդրադառնալ «Հանրապետություն» կուսակցության՝ անցյալ շաբաթ Արմավիր կատարած այցին», այն համարելով իրենց հիմնական ընդդիմադիր ուժը: - «Ու որքան նրանց մտավախությունն ամրապնդվում, ձեռնարկվող հակաքայլերն այնքան ավելի կտրուկ են դառնում»։

«Հայոց Աշխարհը»-ը ծանրացել է այն դրույթի վրա, որ, այսպես ասած, նոր ընդդիմադիրները ավելի ու ավելի սրտամոտ են տեսնում ՀՀՇ-ի հետ համագործակցությունը: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, ժողկուսակցությանը, որի ղեկավարությունը, ըստ մեկնաբանի, միշտ էլ ներքին կապեր է ունեցել ու սերտ համագործակցել նախկինների հետ:

Վազգեն Սարգսյան - Ռոբերտ Քոչարյան հակասությունների վերաբերյալ Ալբերտ Բազեյանի վերջին շրջանի պնդումներին անդրադառնալով, Ազգային ժողովի եւ հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Երկիր»-ի հարցազրույցում ասում է. - «Ինձ համար բացարձակապես անընդունելի է, որ մարդը, որի մասին խոսում են, թե ուղղամիտ է, ազնիվ, փորձում է սրբագրել այն ինչ եղել է»: «Ընդհանրապես, ընդդիմության ամրապնդման գործընթացները միայն կարող են դրական լինել, եթե, իհարկե, դրանք քաղաքական առողջ գործընթացներ են: Բայց», - գնահատում է պարոն Թորոսյանը, - «այսօր այդ գործընթացների ակունքներում կանգնած են մարդիկ, ովքեր պարբերաբար հայտվում են քաղաքական ասպարեզում, եւ նրանց տարերքը խառնակչությունն է: Իսկ մի շարք քաղաքական ուժեր հմայլվել են նման մարդկանցով»: «Անձնական նկատառումները հաշվի առնելով՝ դժվար թե նրանք կարողանան համախմբվել», - մտածում է Տիգրան Թորոսյանը: - «Թեպետ պրն Բազեյանն իր հարցազրույցում ասում է որ ոչ թե ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի դեմ են իրենք, այլ գործում են հանուն սկզբունքի»:

«Քաղաքական ուժերի վերադասավորման արդյունքում որոշ կուսակցություններ լուրջ ակնկալիքներ ունեն հասնելու իրենց քաղաքական դերակատարության կտրուկ մեծացմանը», սակայն, խրատում է այսօր «Ժամանակ»-ի մեկնաբանը, - նրանք մի հանգամանք շրջանցում են. «Միասնության տրոհման-չտրոհշման հետ կապում են այնպիսի «գլոբալ» խնդիրների լուծում, որոնց հետ, մեղմ ասած, այդ հարցը այնքան էլ չի առնչվում: Մասնավորապես, նրանց թվում է, որ «ապահարզանից» հետո քաղաքական դաշտի «լղոզվածությունը» միանգամից անհետանալու է, բոլոր կնճռոտ հարցերը լուծվելու են, իսկ նոր մեծամասնությունը, առանց նոր հակասությունների մեջ ընկնելու, երկիրը կարճ ժամկետում հանելու է «փոսից»... Բոլոր չարիքների արմատը կարճատեսորեն փնտրվում է, թեկուզ բավականին կարեւոր, բայց մեկ հիմնախնդրի մեջ»: Մինչդեռ՝ «երկրի իրավիճակի բարելավման համար անհրաժեշտ են համալիր միջոցառումներ»:

Կառավարությունում կադրային փոփոխությունների շարժը երեկվանից սառեցված է մի հարթությունում, որի առանցքում, ինչպես «Ազգ» եւ «Հայկական ժամանակ» թերթերն են ուրվագծել, հետեւյալն է. «նախագահի վերահսկողության ծառայության պետ Ֆ. Ցոլակյանը նշանակվելու է ԱԱ նախարար: ԱԱ ներկայիս նախարար Կ.Պետրոսյանը նշանակվելու է Ն նախարար, Ն նախարար Հ. Հարությունյանը՝ արդարադատության փոխնախարար»: Պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանն էլ դառնալու է նախագահի վերահսկողության ծառայության պետ: Վերջինս, սակայն, «Հայոց Աշխարհ»-ի ներկայացմամբ, «ճոպանուղու վագոնիկի նման վերջին օրերին շարունակ գնում-գալիս է նույն հաստատուն երթուղով. նախագահի ընդունարան - վարչապետի ընդունարան: Երեւակայելի ու աներեւակայելի բորոր միջոցներն ու ջանքերն է գործադրում, որ մնա իր պաշտոնում»: «Հայոց Աշխարհ»-ը փորձում է հանգստացնել Անդրանիկ Մանուկյանին, թե «բոլորին էլ վաղ թե ուշ նման ապագա է սպասում: Եվ շատ կարեւոր է, երբ նման դեպքերում մարդն արժանապատվությունը չի կորցնում, գործում է առանց նվաստանալու, իսկ պաշտոնից զրկվելն էլ համաշխարհային մասշտաբի ողբերգություն չի դարձնում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG