Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Եվրախորհրդի նկատմամբ Հայաստանի պարտավորությունների վերահսկման խմբի անդամները երեկ ամփոփելով իրենց ստուգիչ այցը Հայաստան, առանձնապես կտրուկ արտահայտվեցին, որ Հայաստանը պարտավոր է հրաժարվել մահապատժից, եւ բացառություն չի կարող լինել նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործի հետ կապված: «Առավոտ»-ում արձանագրված է, որ այդ խմբի եւ Հայաստանի խորհրդարանականների հանդիպումների ընթացքում այս առումով միայն ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն է համակարծիք եղել եվրոպացիներին: Հետո էլ լրագրողներին նաեւ պարզաբանել է, որ իր կարծիքով՝ «մահապատիժը՝ որպես պատժի առավելագույն միջոց, այս հասարակության, այս ժամանակահատվածի համար ընդունելի չէ»: Մյուս կողմից, «Միասնություն» խմբակցության ղեկավար ալուստ Սահակյանն էլ, օրինակ, պնդում է, թե ժողովուրդը դեռ պատրաստ չէ մահապատժի վերացմանը:

«Ժամանակ» թերթը ուշադրություն է սեւեռում, որ եվրոպական դիվանագետների միջոցով «առաջին անգամ ուղղակիորեն հայտնվեց, որ Ռոբերտ Քոչարյանը, անկախ դատարանի կայացրած վճռից եւ հասարակության միանշանակ վերաբերմունքից, թույլ չի տալու մահապատժի ենթարկել «Հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրվող Նաիրի Հունանյանին»: «Երբ երկու շաբաթ առաջ համաներում շնորհվեց «Հոկտեմբերի 27»-ի գործով 6 ամբաստանյալների, դիտորդները կարծիք էին հայտնում, թե դա լուրջ բարոյական խրախուսանք եւ երաշխիք է Նաիրի Հունանյանի համար: Ավելորդ է մեկնաբանել, թե այս կտրվածքով Նաիրի Հունանյանի համար ինչպիսի նշանակություն կարող են ունենալ Ռոբերտ Քոչարյանի հավաստիացումները, որ իր իշխանության օրոք Հայաստանում մահապատիժ չի իրականացվի», - եզրափակված է «Ժամանակ»-ում:

Մինսկի խմբի համանախագահողների պատվիրակության մոտակա այցին ընդառաջ, «Ժամանակ»-ի մեկնաբանը փորձում է արմատավորել այն միտքը, որ գերտերությունների ջանքերը ձեւականություն չեն. «Դեռ այսօր էլ քաղաքական մեկնաբանների մի ստվար մասը հակված է պնդելու իր դարն ապրած այն թեզը, թե իբր գերտերությունները բոլորովին էլ շահագրգռված չեն հակամարտության կարգավորմամբ, որովհետեւ դա նրանց կարող է զրկել տարածաշրջանի պետությունների վրա ազդելու գործուն լծակներից: Սույն վերլուծաբանները, չգիտես ինչու, խիստ թերագնահատում են գերտերությունների հնարավորությունները: Բանն այն է, որ թե' Արեւմուտքը, եւ թե' Ռուսաստանը տասնապատիկ ավելի օգուտ կարող են քաղել խաղաղ ու կայուն տարածաշրջանից՝ առանց դույզն-ինչ նվազեցնելու իրենց ազդեցության չափը այսօր հակամարտության մեջ գտնվող պետությունների վրա: Ամբողջ բարդությունը հակամարտության կարգավորումից հետո սպասվելիք օգուտներն իրար մեջ բաժանելու խնդիրն է»: Այս առումով էլ մեկնաբանը լավատեսորեն ուրվագծում է. «Քանի որ միլիարդավոր դոլարները շատ ավելի մեծ դեր կարող են կատարել, քան ռազմական ներկայությունը, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը, համաձայնագրի կնքման արեւմտյան տարբերակին իր հավանությունը տալուց առաջ, մի քանի նախապայմաններ կառաջադրի՝ մասնավորապես խոշոր տնտեսական ծրագրերին իր մասնակցության չափը ճշտելու տեսանկյունից: Կարելի է ենթադրել, որ Արեւմուտքը կխոստանա մասնակիորեն զսպել իր ախորժակը»:

Կադրային փոփոխությունների թեման այսօր մամուլում գրեթե չքացել է: «Հայոց Աշխարհ» եւ «Հայկական ժամանակ» թերթերում «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն է կտրուկ հերքում լուրը, թե իրենց ներկայացուցիչը կդառնա գյուղնախարար: «Այսօր «Օրինաց երկիր»-ը մտադիր չէ մասնակցել որեւէ նոր մեծամասնության ձեւավորմանը Ազգային ժողովում: Դա իր մեջ պարունակում է արհեստական միտումներ», - ասում է նա: - «Մեր կարծիքով, ԱԺ-ի լուծարումը արդեն վաղուց հասունացած անհրաժեշտություն է: Ինչքան երկար պահվի այս խորհրդարանը, այնքան շարունակվելու է այս խայտառակ ներքին վիճակը երկրում»:

«Ազգ» թերթի վերլուծաբանը հանգել է եզրակացության, թե «Հանրապետություն» կուսակցությունը «իրեն օգտագործել է տալիս իշխանափոխության ճանապարհին», գնալով ակնառու է դառնում, որ նախկինները, ՀՀՇ-ն Արամ Սարգսյանին ու մյուսներին ուղղորդում են դեպի իրե'նց նպատակները: Ժողկուսակցության քաղխորհրդի մի անդամ էլ «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել է՝ «ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հրահանգել է շրջաններ այցելող իր ներկայացուցիչներին, որ նրանք ժողովրդին բացատրեն. այս իշխանություններից ազատվելու համար այլ քաղաքական ուժերի շարքում ՀԺԿ-ն պատրաստ է համագործակցել նաեւ ՀՀՇ-ի հետ»:

«Իրականությունը շատ ավելի բարդ է, քան կարող է ընկալել քաղաքական գործիչների ուղեղը», - «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցը այսպես է ավարտել Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը: «Ինձ անհասկանալի է, որ որոշ քաղաքական ուժեր «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի հետ կապված, հասարակությանը բաժանել են թշնամիների եւ պետական մտածողների. դա պարզունակ ընկալում է», - շեշտում է նա: - «Ցանկացած կուսակցություն, որը հասարակությունը բաժանում է սեւի եւ սպիտակի, մտածելու բան ունի: Ուզում է դա լինի իմ կուսակցությունը, կամ մեկ ուրիշը»:

Անդրադառնալով անցած շաբաթ սեփականաշնորհման ծրագրերի հետ կապված խորհրդարանական բուռն քննարկումներին, «Առավոտ»-ի խմբագրականը խտացրել է. «ործադիրի եւ հասարակական կարծիքն արտացոլելու պարտականություն ունեցող օրենսդիրի միջեւ հակասությունը ոչ թե բովանդակային է, այլ ձեւական: Սեփականաշնորհումը պետք է շարունակվի՝ դրա հետ համաձայն են գրեթե բոլորը: Բայց շարունակվի այնպես, որ բացառվի «ԱրմենՏելի» կայացած կամ ԲՑ-ների չկայացած գործարքը: Իհարկե, բացի բարձր գաղափարական մոտիվներից, պատգամավորները զբաղվում են նաեւ պարզ պոպուլիզմով՝ «թալանին» մասնակցելու մեջ կշտամբանքից խուսափելու համար: Ահա թե ինչու նրանց բողոքները թեեւ արտաքուստ բուռն էին, բայց իրականում՝ ձեւական:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG