Մատչելիության հղումներ

Ղուկասյանը հոռետես է խաղաղության հարցում




Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը երկուշաբթի օրը հորդորել է միջազգային դիտորդներին տարածաշրջան կատարելիք իրենց առաջիկա այցի ընթացքում զարգացնել խաղաղ բանակցություններում վերջին ամիսներին ձեռք բերված առաջընթացը: Նա, սակայն, թերահավատությամբ արտահայտվեց այս տարի խնդրի վերջնական կարգավորման հնարավորությունների մասին: ործընթացի դանդաղեցման պատասխանատվությունն, ըստ ԼՂ նախագահի, ադրբեջանական կողմն է կրում, քանի որ Բաքուն փորձում է խուսափել շոշափելի զիջումներից:

«Ես չեմ կարծում, թե խաղաղ համաձայնագիրը կարող է կնքվել մինչեւ տարեվերջ», - ասաց Արկադի Ղուկասյանը «Ազատություն» ռադիոկայանին: - «Չեմ կարծում նաեւ, որ Ադրբեջանը պատրաստ է խնդրի լուծմանը»:

Պաշտոնական Ստեփանակերտը «կասկածներ ունի», որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ի չիք դարձնել այս տարվա մարտին Փարիզում եւ ապրիլին Քի Ուեսթում ձեռք բերված հանաձայնությունները, ասաց ԼՂ նախագահը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիացի, ամերիկացի եւ ռուսաստանցի համանախագահների միջնորդությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները շոշափելիորեն առաջ են գնացել՝ հակամարտող կողմերին աննախադեպ կերպով մոտեցնելով կարգավորմանը: Սակայն երկու նախագահների հունիսին ծրագրված Ժնեւյան հանդիպման հետաձգումը հոռետեսություն առաջացրեց խաղաղության հաստատման հեռանկարների առումով:

Միջնորդներն, այնուամենայնիվ, հուսով են, որ մինչեւ տարեվերջ կարգավորման հիմնական սկզբունքները կհամաձայնեցվեն: Ըստ միջնորդների, կողմերին պարզապես ժամանակ էր հարկավոր իրենց երկրների հանրությանը զիջումների նախապատրաստելու համար: Հաջորդ շաբաթ Մինսկի խմբի միջնորդները կրկին կայցելեն տարածաշրջան՝ գործընթացն առաջ մղելու նպատակով:

«Փարիզում եւ Քի Ուեսթում ձեռք բերված համաձայնությունները չպետք է մոռացվեն», - ասաց Ղուկասյանը: - «Դրանք բավականին լավ հիմք են դրել հակամարտության կարգավորման համար, եւ պետք է զարգացվեն»:

Արկադի Ղուկասյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղը վստահում է Երեւանի հավաստիացումներին, որ այսպես կոչված «փարիզյան սկզբունքները» համահունչ են հայկական կողմի դիրքորոշմանը: «Մեր դիրքորոշոմը հստակ է. Լեռնային Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի կազմում լինել, չի կարող ենթարկվել Ադրբեջանին», - ասաց ԼՂՀ նախագահը:

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, Արկադի Ղուկասյանն ասաց, որ հանրապետությունը «շատ ավելի ժողովրդավարական ու արտաքին աշխարհի համար բաց է դարձել» 1999 թվականի հունիսից ի վեր, երբ ինքն սկսեց գեներալ Սամվել Բաբայանին զրկել իշխանական լծակներից:

«Չկա վախի մթնոլորտը: ԱԺ-ն ավելի մեծ դեր է խաղում, ձեւավորվում է ժողովրդավարական քաղաքական դաշտ, եւ բանակը չի միջամտում քաղաքական հարցերին», - ասաց ԼՂՀ նախագահը:

Ղարաբաղյան բանակի հրամանատար Սամվել Բաբայանը, որին մինչեւ 1999 թվականի վերջը զրկեցին իր բոլոր պաշտոններից, այժմ կրում է իր պատիժը՝ 2000 թվականի մարտին Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար:

Բաբայանը հերքել էր բոլոր մեղադրանքները, ասելով, թե դրանք քաղաքական նպատակներ են հետապնդում: Հայաստանում Բաբայանի կողմնակիցները վերջերս նրան ազատ արձակելու կամպանիա են ծավալել՝ առաջարկելով, ի թիվս այլ ուղիների, որ ԼՂ նախագահը ներում շնորհի նրան:

Արկադի Ղուկասյանը, սակայն, բացառեց նման տարբերակը, ասելով, որ Բաբայանի հանցանքն ապացուցվել է Ստեփանակերտի դատարանում, եւ Ղարաբաղի բնակչությունը հավանություն չի տա նրա ժամկետից շուտ ազատմանը:

Ղարաբաղում Սամվել Բաբայանին սատարող ուժերը, որոնք անցած տարի հույս ունեին հաղթել խորհրդարանական ընտրություններում, խիստ պասիվ են եղել վերջին տարվա ընթացքում՝ դրանով իսկ որպես հիմնական ընդդիմադիր ուժ թողնելով Հայ հեղափոխական դաշնակցության տեղի կազմակերպությունը:

Դաշնակցությունը, որ 9 տեղ ունի Ղարաբաղի 33 անդամից բաղկացած Ազգային ժողովում, չկարողանալով թուլացնել նախագահ Ղուկասյանի դիրքերը, վերջին ամիսներին, կարծես թե, համագործակցում է իշխանությունների հետ: Կուսակցության ղեկավարնից մեկը՝ եորգի Պետրոսյանը, ներկայումս Ղուկասյանի մերձավոր օգնականն է:


Էմիլ Դանիելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG