Մատչելիության հղումներ

Հայաստանը հույս ունի, որ խաղաղ գործընթացը կվերադառնա «փարիզյան հունի մեջ»


Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հուլիսի 9-ին տարածաշրջան կատարելիք այցի մասին, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ասաց. «Մենք հույս ունենք, որ այս այցի ընթացքում նրանք կկարողանան այդ բարդությունները վերացնել, որպեսզի հնարավոր լինի գործընթացը վերադարձնել իր փարիզյան հունի մեջ»:

Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահների նախորդ՝ մայիսյան այցելությունից հետո Փարիզի եւ Քի Ուեսթի բանակցությունների արդյունքում ձեռք բերված առաջընթացը չհաջողվեց ամրապնդել, եւ հունիսին ծրագրված Ալիեւ-Քոչարյան վճռորոշ ժնեւյան հանդիպումը հետաձգվեց անորոշ ժամանակով:

Վլադիմիր Պուտին - Ջորջ Բուշ եւ Վլադիմիր Պուտին - Ժակ Շիրակ հանդիպումներին վերաբերող հարցին Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ որոշումներ չէին ակնկալվում այդ հանդիպումներից: Կարեւորն այն է, ըստ նախարարի, որ երկու հանդիպումների ժամանակ էլ խոսվել է հարցի կարգավորման առումով համանախագահող երկրների համագործակցությունը շարունակելու անհրաժեշտության մասին:

Ռուսաստանի Պետական դուման վերջերս օրենք է ընդունել, ըստ որի Ռուսաստանի մաս կարող է դառնալ որեւէ այլ պետություն կամ պետության մաս, ինչն Ադրբեջանում դժգոհություն է առաջացրել՝ հատկապես օրենքը դիտելով Ղարաբաղի խնդրի լույսի ներքո: Այս առնչությամբ Հայաստանի արտգործնախարարն ասաց. «Դա Ադրբեջանի մեկնաբանությունն է, իրենց խնդիրն է, ես որեւէ ասելիք չունեմ: Ռուսաստանը ինչ օրենք կանցկացնի, դա իրենց ներքին խնդիրն է, մեզ հետ որեւէ առնչություն չունի»:

Այն հարցին, որ Վրաստանի Ախալքալակիի շրջանում մեծամասնություն կազմող հայ բնակչությունը դժգոհ է ռուսաստանյան ռազմակայանի դուրսբերումից, Վարդան Օսկանյանն անդրադարձեց. Երեւանը չի կարող միջամտել Թբիլիսի֊Մոսկվա բանակցություններին՝ որքան էլ հայրենակիցների ճակատագրի հանդեպ անտարբեր չէ: «Պետք է սպասել: Տեսնել, թե այդ խնդիրներն ինչպիսի լուծում են ստանում, միայն դրանից հետո կարելի է կողմնորոշվել», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG