Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մամուլն այսօր տրվել է ամենագրավիչ թեմաներից մեկին՝ կադրային, իշխանական փոփոխություններին, ու թեկուզ վերջնական փաստերի չի տիրապետում, այնուամենայնիվ, այս փուլի հիմնական ուրվագիծն ու միտումները մատուցված են: «Կառավարության եւ խորհրդարանական վերադասավորումները՝ հաղորդակից անոթների օրենքով, փոխպայմանավորված են միմյանցով», - արձանագրում է «Առավոտ»-ի մեկնաբանը, փոխանցելով, թե առնվազն 4 պատգամավոր անցնում են գործադիր իշխանություն: Առավել հավաստի է համարվում «Կայունություն» խմբի ղեկավար Վարդան Այվազյանի՝ բնապահպանության նախարար դառնալը, բայց, մեր հարուստ փորձից ելնելով, «Առավոտ»-ը նաեւ նշում է. «Կառավարության կազմում փոփոխությունների վերաբերյալ ասեկոսեներն արդեն մեկ անգամ չէ, որ շրջանառության մեջ են հայտնվել, եւ որեւէ երաշխիք չկա, որ հենց այս անգամ դրանք իրականություն կդառնան»։

«Կադրային քաղաքականությունը մեզանում որեւէ տրամաբանության քննությանը չի դիմանում։ Ընդսմին, անտրամաբանական լուծումների հեղինակային իրավունքը հենց նրանցն է, ովքեր այժմ իբր ցանկանում են կանոնակարգել այս ոլորտը», - եզրափակված է «Առավոտ»-ում:

«Հայկական ժամանակ»-ի լրատվությամբ, դեռեւս միանշանակ չէ, որ բնապահպանության նախարար Մուրադ Մուրադյանը կպաշտոնանկվի, նա գնացել է արձակուրդ եւ գուցե այդ մեկ ամսում հովանավորների օգնությամբ նախագահի մոտ հարցերը լուծի: Ըստ «Իրավունք» թերթի էլ, երեկ նախագահի հետ հանդիպումից հետո ամպերը, կարծես, հեռացել են պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանի գլխից: Այսպես, թերթերում շոշափվում են կառավարության կազմի գրեթե կեսը ներառող կադրային փոփոխությունների ամենատարբեր վարկածներ՝ համեմվելով քաղաքացիական ավիացիայի վարչության, դատախազության համակարգի կադրերի տեղաշարժերով:

«Ռոբերտ Քոչարյանը «թեւերը քշտած» ինտենսիվորեն նախապատրաստվում է 2003-ի նախագահական ընտրություններին», ձեւակերպում է «Առավոտ»-ի մեկնաբանը, այս ընթացքի տակ տեղավորելով հատկապես Քաղաքացիական ծառայության եւ Հանրահավաքներն ու երթերը կանոնակարգող օրենքները:

«Նախագահի հրամանագրով գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրինագծերի բովանդակությունը պարզորոշ ցույց տվեց, որ դրանք միտված են Ռոբերտ Քոչարյանի ապաքաղաքական հենարանների ստեղծմանն ու ամրապնդմանը»,- իր հերթին սահմանում է «Իրավունք» թերթը, մատուցելով, որ Ռոբերտ Քոչարյանը որեւէ քաղաքական ուժի չի վստահում եւ գերադասում է բյուրոկրատիայից եւ ստվերային ֆինանսական օլիգարխներից կազմված հենարանը: Ընդհանուր առմամբ, ըստ «Իրավունք»-ի, «իշխանամետ եւ ընդդիմադիր ճամբարներում հստակեցումը թափ է հավաքում, եւ, ամենայն հավանականությամբ, վճռական բախումը կլինի աշնանը»: Իսկ նախագահական ճամբարի առավել վտանգավոր հակառակորդ է դիտվում «Հանրապետություն» կուսակցությունը: «Երկիր»-ի մեկնաբանն էլ իր քննադատության հիմնական թիրախ է դարձնել այդ կուսակցությանը, մեղադրելով եւ, թե նրա ղեկավարները, հակառակ իրենց հռչակած սկզբունքների, «պատրաստ են ներդաշնակորեն ներծծվել աջ ուժերի, մանուչարյան-մակեյանների բլոկում»:

«Համախմբված դիմության բացակայության պայմաններում ընդդիմադիր ուժերի ակնհայտ համախմբումը, նրանց քաղաքական ակտիվության ու հարձակողական տրամադրությունների մեծացումը միանգամայն իրական են դարձնում երկրի ներքաղաքական գործընթացները մեկ դարպասի վրա ընթացող ֆուտբոլային խաղ դարձնելու հեռանկարը», - գրում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը: - «Ներկա իշխանությանը այս կամ այն կերպ աջակցող քաղաքական ուժերը բացահայտ վտանգը չեզոքացնելու փոխարեն առայժմ խոսքից այն կողմ չեն անցնում, որովհետեւ «Միասնություն» դաշինքին մաս կազմելու եւ կառավարության ձեւավորման նախաձեռնությունն իր վրա վերցնելու շնորհիվ վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքական դաշտի առանցքում հայտնված ու յուրահատուկ ճոճանակի դեր ստանձնած ուժը՝ Հանրապետական կուսակցությունը շարունակում է պահպանել իր դաշինքը ՀԺԿ-ի հետ՝ չցանկանալով կտրել իրեն պոտենցիալ ընդդիմությանը կապող պորտալարը»: Մեկնաբանի ընդգծմամբ, «Հանրապետական կուսակցությունը պետք է իրեն հաշիվ տա, որ այսպես շարունակելու դեպքում, միեւնույն է, վաղ թե ուշ քաղաքական դաշտին խիստ անհրաժեշտ երկրորդ բեւեռը ձեւավորվելու է... եւ եթե ՀՀԿ-ն շարունակի համառորեն հրաժարվել իրեն վերապահվող դիմության առաջատարի դերից, ապա այդ դերակատարությունը կստանձնեն ուրիշները»:

Հանրապետականների «Ժամանակ» թերթի վերլուծությամբ, «թեեւ իրոք կա քաղաքական ուժերի բեւեռացում, կոշտ բախման հավանականությունը արհեստականորեն չափազանցվում է: Ընդդիմության զգալի մասը, ունենալով բավական խոր տարաձայնություններ իշխանությունների հետ, բոլորովին էլ հակված չէ արկածախնդրական քայլերի»: «Ժամանակ»-ի արժեվորմամբ, ՀԺկ-ում «ներքին զսպանակներն անհրաժեշտ պահերին գործուն են՝ հեռու պահելով կուսակցությանը իշխանությունների, հատկապես իր դաշնակցի հետ սուր առճակատումներից: Դաշինքի պահպանման միտումը, այնուամենայնիվ, մնում է գերիշխող: Ալբերտ Բազեյանը ու Արամ Սարգսյանն էլ ունեն ողջախոհության անհրաժեշտ պաշար երկիրը քաղաքական ցնցումների ճանապարհով չտանելու համար»:

Փոխարենը, Արամ Սարգսյանի ու Ալբերտ Բազեյանի կուսակցությունը ընդդիմության առաջատար վտանգն է համարում եւ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի մեկնաբանը, բանաձեւելով, թե նրանք պետականության զգացում չունեն, իշխանափոխություն պահանջելով՝ սպառնում են կայունությանը, հետեւաբար եւ երկրի ապագային:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG