Մատչելիության հղումներ

Բաքու- Երեւան-Անկարա սեմինարի արդյունքները կառուցողական են


Հունիսի 20-27-ը Բաքվում եւ Անկարայում կայացած սեմինարների ընթացքում Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան ներկայացնող 6-ական լրագրողներ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ցեղասպանությանը, Երեւան - Բաքու եւ Երեւան - Անկարա դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային այլ խնդիրներ: Եռակողմ համաժողովը կազմակերպել էր ամերիկյան մեծահարուստ բարերար Ջորջ Սորոսի «Բաց հասարակության ինստիտուտը»:

Սեմինարի մասնակից, հայաստանյան «Ազգ» թերթի թղթակից Թաթուլ Հակոբյանի խոսքերով, ղարաբաղյան հակամարտության քննարկումներին մասնակցած լրագրողները համարում են, որ երկու կողմերի ժողովուրդները դեռ պատրաստ չեն փոխզիջման: Ադրբեջանցի լրագրողները, ըստ Թաթուլ Հակոբյանի ասում են. «Ավելի լավ է մենք կրկին արժանապատիվ պարտություն կրենք ճակատամարտում, քան թե ապրենք այսպիսի ստորացուցիչ խաղաղության պայմաններում»:

Սակայն, ինչպես ասաց Թաթուլ Հակոբյանը, սեմինարի մասնակից հայ լրագրողները հնարավորություն չեն ունեցել համոզվելու, որ այդպիսին է նաեւ բնակչության լայն շերտերի տեսակետը: «Մեր հնարավորությունները բացարձակապես սահմանափակված էին, մեզ ուղեկցում էին անվտանգության աշխատակիցներ, այնպես որ մենք հնարավորություն չունեինք ազատ դուրս գալ փողոց եւ զրուցել մարդկանց հետ»:

Այսուհանդերձ, եռակողմ շփումների արդյունքների մասին կարելի է խոսել: Հայաստանյան «Պրոմոթեեւս» հեռուստաընկերության ներկայացուցիչ Արամ Սաֆարյանի գնահատմամբ, առաջին անգամ երեք կողմերի լրագրողներին տեւական շփումների, միմյանց լսելու հնարավորություն էր ընձեռվել: Արամ Սաֆարյանի խոսքերով, սեմինարի ընթացքում թուրք քաղաքական գործիչների կողմից բավական շատ է խոսվել դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությանը վերաբերող հարցերի շուրջ: Սեմինարի թուրք մասնակիցները ջանում էին 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը ներկայացնել որպես առաջին համաշխարհային պատերազմի դաժան օրենքներով թելադրված անխուսափելի իրողություն: «Մենք անընդհատ փորձում էին նրանց բացատրել, որ թուրքերի կողմից զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչելը բարոյականության խնդիր է», - ասաց հայ լրագրողը:

Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի լրագրողների հաջորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա Երեւանում՝ այս տարվա սեպտեմբերին:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG